2017 թվականի մայիսի 21-26 Փարիզում տեղի է ունենում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության /OIE-ԿԱՀԿ/ 85-րդ գագաթաժողովը, որին մասնակցում են կազմակերպության անդամ 180 երկրների պատվիրակներ, ինչպես նաև անասնաբուժության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ և մասնագետներ: Քննարկվում են կենդանիների առողջությանն առնչվող և համընդհանուր նշանակություն ունեցող հիմնահարցեր:
Համաշխարհային գագաթաժողովի 85-րդ գլխավոր նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Գագաթաժողովի շրջանակներում ծրագրված է քննարկել կենդանիների հիվանդությունների հսկման մեթոդների մի շարք միջկառավարական ստանդարտներ՝ ուղղված մարդկանց համար վարակիչ հիվանդությունների վերահսկմանը, կենդանիների ու կենդանական ծագման մթերքի միջազգային առևտրի անվտանգության ապահովմանը, կներկայացվի նաև 2016-2020 թվականների ռազմավարական վեցերորդ ծրագրի իրականացման ընթացքը:
Որպես կարևոր ուղղություն, օրակարգում է հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության խնդիրը՝ «Մեկ առողջություն» նախաձեռնության շրջանակներում գործողությունների ծրագրով: Քննարկվելու են նաև կենդանիների առողջության ապահովման ոլորտում հասարակություն-մասնավոր համագործակցության հնարավորությունները և ակնկալվող արդյունքները:
Հայկական պատվիրակությունն այս օրերին հանդիպումներ է ունենալու մի շարք պետությունների գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:
Մամուլի հաղորդագրություն