«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանն առանձնացրեց նախագահի՝ նորընտիր ԱԺ նիստում ելույթի մասնավորապես այն դիտարկումը, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում փոխզիջում ասելով՝ հասկանում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, Արցախի անկախության ճանաչում:
«Եթե մինչեւ ապրիլյան դեպքերը փոխզիջման համատեքստում խոսվում էր տարածքների վերադարձի մասին, ապա այսօր հայկական կողմը փոխզիջումների հիմքում դնում է Արցախի ճանաչումը»,-նկատեց քաղաքագետը:
Հետաքրքրվեցինք, թե իր դիտարկմամբ՝ այդ դեպքում Ադրբեջանն Արցախի անկախությունն ինչի՞ դիմաց է ճանաչելու, եթե ոչ՝ հայկական կողմից տարածքային փոխզիջման: «Համոզված եմ, որ Ադրբեջանը չի ճանաչի Արցախի անկախությունը, եւ հայկական կողմն էլ տարածքային զիջումներ չի անի Ադրբեջանին: Որքան էլ պաշտոնապես հայտարարենք, որ պատրաստ ենք տարածքային զիջումների գնալ եւ ստանալ Արցախի անկախությունը, դա կյանքի կոչելու մեխանիզմներ չկան: Դրա համար դժվար է ասել՝ ինչի՞ դիմաց»,-պատասխանեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետն այնուհետեւ ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը «Մադրիդյան սկզբունքները» քննադատեց, ինչը խոսում է այն մասին, որ այդ փաստաթղթի վրա հենվել հետագայում անհնար լինի:
Փորձագետի խոսքով՝ պատերազմ չի սկսվում այն պատճառով, որ Ադրբեջանի ցանկությունները հնարավորություններին չեն համապատասխանում. «Լայնածավալ պատերազմ սկսելու պարագայում սկսվելու է Արցախի ճանաչման միջազգային գործընթաց, որն Ադրբեջանի համար անդառնալի հետեւանք կարող է ունենալ»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջերս հայկական կողմի զինտեխնիկան խոցելուն հաջորդած Մինսի խմբի հասցեական արձագանքին՝ Մելիք-Շահնազարյանը շեշտեց. «Միսնկի խումբը որոշ չափով վերանայում է իր դիրքորոշումները»:
Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ