ԱԺ-ի անդրանիկ նիստին խորհրդարան մտած երկու ընդդիմադիր ուժերի համագործակցությունը չստացվեց կամ, ավելի ճիշտ, միակողմանի ստացվեց։ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները չաջակցեցին «Ելքին», սակայն վերջինս «կողմ» քվեարկեց «Ծառուկյան» խմբակցության առաջադրած ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին։ Ի վերջո, այս ամենից ի՞նչ հետևություն են անում «Ելք» խմբակցության անդամները։ Զորօրինակ, Մանե Թանդիլյանն առայժմ առաջարկում է հետևել «Ծառուկյան» խմբակցության հետագա գործողություններին։
– Հենց սկզբից չստացվեց երկու ընդդիմադիր խմբակցությունների համագործակցությունը։ Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա աշխատանքը, տիկին Թանդիլյան։
– Մենք կրկին պատրաստակամ ենք շարունակելու ընդդիմության հետ համագործակցությունը։ Քանի որ «Ծառուկյան» խմբակցությունը բավականին մեծաքանակ է, կարծում եմ, շատ կարևոր է, որ ծրագրերը, նախաձեռնությունները կյանքի կոչելու համար համատեղ ներկայանանք։ Մենք պետք է մյուս ընդդիմադիրների աջակցության հնարավորությունները գտնենք, որովհետև ավելի հավանական է նրանց, քան ՀՀԿ-ի աջակցությունը։ Իրականում պատրաստ ենք բոլոր թույլատրելի մեթոդներով հասնելու մեր ծրագրերի իրականացմանը, ինչի համար էլ ԱԺ-ում ենք։ Իսկ թե «Ծառուկյան» խմբակցությունն իրեն ինչպես կպահի հետագայում, կտեսնենք ու համապատասխան եզրակացություններ կանենք։
– Այսինքն, «Ծառուկյան» դաշինքը որպես ընդդիմադիր ուժ դիտարկո՞ւմ եք։
– Առհասարակ, ընդդիմադիրի ընկալումը գործողություններով է պայմանավորված։ ԱԺ-ի մշտական հանձնաժողովի մեր թեկնածուի քվեարկությունը ցույց տվեց, որ այդ ուժից, այդուհանդերձ, մեր օգտին քվեարկողներ եղել են։ Պետք է իրերը տեսնել այնպես, ինչպես կան:
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում