Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվի համար. «Հայկական ժամանակ»

Մայիս 23,2017 11:26

Մայիսի 25-ին, ըստ լրատվամիջոցների, ազատ կարձակվի պահեստազորի գնդապետ, Ազատամարտիկների խորհրդի համակարգող, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը։ Նրան ձերբակալել էին 2013 թ. սեպտեմբերի 20-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն կատարելու կասկածանքով։

Վոլոդյա Ավետիսյանը դեռեւս 2013 թ. գարնանը ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման պահանջով հանրահավաքներ էր կազմակերպում։ Նրա խոսքով՝ իշխանությունները «շինծու քրեական գործ սարքելով»՝ փորձել են մեկուսացնել իրեն պայքարից:

Ի՞նչ էին պահանջում ազատամարտիկներն իշխանություններից։ Նույնը, ինչ պահանջում է սոցիալական խոցելի խմբերից յուրաքանչյուրը՝ կոմունալ ծառայություններից օգտվելու զեղչեր, արտոնություններ առողջապահության ոլորտում, արժանապատիվ թոշակ։

Հայաստանում ազատամարտիկների թիվը 20.000-ից ավելի է։ Նրանց բոլորի հանդեպ պարտավորվածություն զգալ գործող իշխանությունները դեմ չէին լինի, սակայն զբաղվածությունը թույլ չի տալիս։ Ազատամարտիկների խնդրին հիմնավոր անդրադառնալու անհրաժեշտություն էլ չի եղել, զինադադարից այսկողմ որեւէ լուրջ ընդվզում, իշխանությունների վերարտադրմանը սպառնացող իրավիճակ ազատամարտիկները չեն ստեղծել։ Հասարակական ընկալման մեջ էլ ազատամարտիկներն ասոցացվել են գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի, Հայկազ Բաղմանյանի հետ։ Ազատամարտիկների ձայնը կարող էր շատ ազդեցիկ եւ անգամ որոշիչ լինել կեղծված յուրաքանչյուր ընտրությունից հետո, սակայն նրանք նախընտրել են համերաշխ լռությունը։

Ասել, որ ազատամարտիկներն առանձնապես պատվախնդիր են, չափազանցություն կլինի։ Երբ 2014-ին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին ծեծել էին անճանաչելի դարձնելու աստիճան, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն անգամ չթաքցրեց, որ ծեծի կազմակերպիչն ինքն է. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»,- ասել էր Երանոսյանը։ Հակառակորդի հետ կռվում կյանքը զոհելու պատրաստ ազատամարտիկները կուլ տվեցին նվաստացուցիչ այս արտահայտությունը։ Նախորդ տարի, Սարի թաղի դեպքերի ժամանակ, 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ Ջրառատում, Երանոսյան եղբայրները գործով ցույց տվեցին, որ «ականջները կտրելու» ավանդույթը անխռով շարունակում են։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031