Մեծ Բրիտանիայի Մանչսեթեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 22 մարդ, վիրավորների թիվը մոտենում է 60-ի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել «Մանչեսթեր-արենա» սրահում, որտեղ տեղի էր ունենում ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը: Համերգին հավաքված են եղել հիմնականում երիտասարդներ, նաև դպրոցականներ:
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «ահաբեկչություն» հոդվածով:
«Մանչեսթեր-արենայի» ղեկավարությունից հայտնել են, որ պայթյունը տեղի է ունցել ոչ թե սրահի ներսում, այլ դրսում, երբ հազարավոր հանդիսատեսներ դուրս էին գալիս սրահից:
Ոստիկանությունը կատարվածի մասին տեղեկացել է ժամը 22:35-ի սահմաններում: Ականատեսները պատմել են, որ լսել են պայթյունի բարձր ձայն: Ոստիկանությունը շրջափակել է «Մանչեսթեր-արենային» հարող տարածքը, տարհանվել է հարևանությամբ գտնվող «Վիկտորիա» կայարանը:
Կատարվածի մանրամասները դեռ հայտնի չեն: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ նշելով, որ դա «սարսափելի ահաբեկչական գործողություն էր»: Երկրի ներքին գործերի նախարար Ամբեր Ռադդը պայթյունն անվանել է «բարբարոսական գործողություն»:
Որոշ տեղեկությունների համաձայն պայթյունն իրականացվել է մահապարտ-ահաբեկչի կողմից:
Եթե ահաբեկչության վարկածը հաստատվի, ապա դա կլինի Բրիտանիայի պատմության մեջ ամենաարյունալի ահաբեկչությունը 2005թ. հուլիսից հետո (այդ ժամանակ սպանվել էր ավելի քան 50 մարդ):
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարը` BBC-ի: