Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքների խախտում

Մայիս 23,2017 10:50

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը առաջարկ է ներկայացրել մարդու իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու մասին: Այն վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտված անձի` ընտանիքի անդամների բնակության վայրին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու խնդրին:

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը մերժել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի դիմումը՝ իրեն ընտանիքի անդամի բնակության վայրին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին, թեպետ գործնականում պատժի ամբողջ ժամկետը մեկ ուղղիչ հիմնարկում կրելու ընդհանուր կանոնը միատեսակ կիրառելիություն չունի:

Խախտման որոշման մեջ Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց անջատ պահելու վերանայման հարցը՝ վկայակոչելով ցմահ կամ այլ երկարատև ազատազրկման դատապարտված անձանց տարանջատման արգելման միջազգայնորեն հռչակված սկզբունքը (non-segregation principle):

Շեշտադրվել է նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց անջատ պահելու պահանջի վերանայմանն ուղղված օրենսդրական նախագծի մշակման անհրաժեշտությունը:

Պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է դատապարտյալին մեկ ուրիշ ուղղիչ հիմնարկ տեղափոխելիս, որպես հիմք, դիտարկել նաև մերձավոր ազգականների հետ կապն ապահովելու նպատակը:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031