Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համագործակցում է «Մադրիդյան ակումբի» հետ համաշխարհային հումանիտար խնդիրների իրազեկման բարձրացման համար

Մայիս 23,2017 10:43

Աֆրիկյան նախկին առաջնորդներ եւ «Մադրիդյան ակումբի» անդամներ Բենջամին Մկապան ու Ֆեստուս Մոգաեն մեծարման կարժանացնեն 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին Երեւանում

 22 մայիսի, 2017թ., Երեւան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը հիմնադրվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների, այսօր հայտարարել է «Մադրիդյան ակումբ» համաշխարհային առաջնորդության միության հետ համագործակցության մասին, որը երկրների եւ կառավարությունների նախկին ղեկավարների ամենամեծ անկախ ֆորումն է: Համագործակցությունը, որը մեկնարկել է 2017թ. մայիսի 1-ին, նպատակ ունի ոգեշնչելու այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն հումանիտար օժանդակություն կարիք ունեցողներին օգնելուն:

Որպես պայմանագրի մաս` Մադրիդի ակումբի անդամներ Տանզանիայի նախկին նախագահ Բենջամին Մկապան եւ Բոթսվանայի նախկին նախագահ Ֆեստուս Մոգաեն կմասնակցեն Երեւանում կայանալիք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը: Աֆրիկյան այս երկու առաջնորդներն անմիջական մասնակցություն են ունեցել Աֆրիկայում, հատկապես Սուդանում, հակամարտությունների կարգավորման գործում: Երեւանում նրանք քննարկումներ կունենան հումանիտար ոլորտի ներկայացուցիչների, հետազոտողների, մեդիա ոլորտի մասնագետների եւ քաղաքական գործիչների հետ` խաղաղապահության եւ «խաղաղության կառուցման» արդյունավետ մոտեցումների ու բարեփոխումների շուրջ, ինչպես նաեւ այս գործընթացում տնտեսական զարգացման կարեւորության մասին:

«Ավրորա» մրցանակը համաշխարհային մրցանակ է, որը հիմնադրվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից եւ շնորհվում է այն անհատներին, ովքեր իրենց գործունեության միջոցով բացառիկ ազդեցություն են ունենում մարդկային կյանքի պահպանման եւ հումանիտար խնդիրների առաջ մղման գործում: Նախագահներ Մկապան եւ Մոգաեն Երեւանում կողջունեն 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին, ով կստանա 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաեւ հնարավորություն կունենա առաջադրել իրեն գործի մղած կազմակերպություններին՝ ստանալու 1 միլիոն դոլարի  դրամաշնորհ: 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են` Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, Ջամիլա Աֆղանի, Թոմ Քաթինա, Մուհամադ Դարվիշ եւ Դենիս Մուկվեգե:

«Մենք մշտապես ցանկանում ենք համագործակցել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք հավատում են մեր առաքելությունը: «Մադրիդյան ակումբի» աջակցությունը շատ օգտակար կլինի՝ հնարավորություններ ստեղծելու մարդկային կյանքը փրկելու, կարիքավորներին հույս տալու եւ համաշխարհային հումանիտար գործունեություն ոգեշնչելու համար,- ասել է Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, – մեզ համար պատիվ է՝ աշխատելու այսպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ` առաջ մղելով մեր ընդհանուր նպատակը, այն է` մարդասիրական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը եւ ամբողջ աշխարհում ճգնաժամերին ու անարդարությանը արդյունավետ լուծումներ գտնելը»:

«Մադրիդյան ակումբը», որին անդամակցում են 100-ից ավելի նախկին նախագահներ ու վարչապետներ՝ շուրջ 70 երկրներից, այսօրվա առաջնորդներին աջակցում է երկու հիմնական ոլորտներում` ժողովրդավարական առաջնորդություն ու կառավարում եւ ճգնաժամերին ու հետճգնաժամային իրավիճակներին պատասխաններ գտնելու ոլորտներում:

«Շատ բազմազան մասնակիցներով մեր կազմակերպության եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ընդհանրությունն այն խնդիրների ու մարտահրավերների գիտակցումն է, որոնց առջեւ կանգնած է աշխարհը, ինչպես նաեւ առաջնորդության եւ քաղաքացիական մասնակցության միջոցով դրական փոփոխությունների խթանման հանդեպ մեր խորագույն հանձնառությունը,- ասել է «Մադրիդյան ակումբի» գլխավոր քարտուղար Մարիա Էլենա Ագուերոն, – մենք հպարտ ենք, որ մեր փորձառությունը, մասնագիտական գիտելիքները եւ ընդհանուր ուժը կարող է խորացնել այն հսկայական ազդեցությունը, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ունենում է աշխարհի տարբեր անկյուններում»:

 

«Ավրորա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031