Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդը փոխհատուցում է պահանջում՝ անբարեկարգ ճանապարհի հետեւանքով վնասված մեքենայի համար

Մայիս 22,2017 22:20

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Գետիկ գյուղի բնակիչ Վլադիմիր Ղալեչյանն ընդդեմ՝ Վանաձոր համայնքի գործով հերթական դատական նիստը:

Դատական գործը նախադեպային է: Հայցվոր՝ Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղի բնակիչ Վլադիմիր Ղալեչյանը 2016թ.-ի հունիսի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում իր վարած «Վոլվո» մակնիշի մեքենայով Վանաձորից ուղեւորվել է դեպի Ալավերդի քաղաք: Ճանապարհին՝ Վանաձորի Երրորդ մաս կոչվող թաղամասի կամուրջն անցնելուց հետո ավտոմեքենան հայտնվել է ճանապարհահատվածի երթեւեկելի մասում գտնվող փոսում: Դրա հետեւանքով վնասվել է մեքենայի թափքը՝ մասնավորապես դեֆորմացվել են մեքենայի առջեւի աջ անվաթեւը, անվաթեւի տակի մասը, աջ կողմի ստորին հատվածը, առջեւի դռան ծխնիների ամրակցատեղերը: Վնասվել է նաեւ մեքենայի առջեւի աջ անվադողը:

Առեւտրաարդյունաբերական պալատի «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի Լոռու մարզի ապրանքափորձագիտական բաժնի կողմից կատարված ուսումնասիրությունից հետո պարզ է դարձել, որ  տրանսպորտային միջոցին պատճառված վնասը վերացնելու համար անհրաժեշտ աշխատանքների ու օգտագործվող նյութերի արժեքը կկազմի 45.000 ՀՀ դրամ, իսկ վնասված անվադողի արժեքը՝ 3500 դրամ:

Պատճառված վնասի համար փոխհատուցում ստանալու պահանջով Վլադիմիր Ղալեչյաննի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Սուքիասյանը 2016թ.-ի հոկտեմբերին դատական հայց է ներկայացրել դատարան՝ որպես պատասխանող կողմ դիտարկելով Վանաձոր համայնքը:

Դատաքննության ընթացքում, պարզվել է, որ ճանապարհահատվածը, որտեղ վնասվել է Վլադիմիր Ղալեչյանին պատկանող մեքենան, հանդիսանում է Մ-3 Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի մաս, որի հետեւանքով պատասխանող կողմը փոխվել է: Որպես պատասխանող կողմ դարձել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Այսօր տեղի ունեցած գործով հերթական դատական նիստին պատասխանող կողմը դատարան չէր ներկայացել:

Քանի որ այսուհետ գործով որպես պատասխանող կողմհանդես է գալիս նախարարությունը, դատավոր Վարդուհի Հովնանյանը Արթուր Սուքիասյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք  կա անհրաժեշտություն գործը տեղափոխել պատասխանողի գտնվելու տարածքում գտնվող դատարան:

Արթուր Սուքիասյանն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 23-ին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031