Aravot-ը զրուցել է մարզական մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի հետ:
– Ե՞րբ եք սկսել մեկնաբանի կարիերան:
– Ֆուտբոլային մեկնաբանի կարիերան սկսել եմ 2000 թվականի մայիսի 1-ին: Արդեն 17 տարի է: Մինչ այդ 8 տարի աշխատել եմ «Երեւանի Ոսկերչական Գործարանում», որպես քար-ամրացնող առաջին կարգի վարպետ եւ փորագրիչ:
– Ինչպե՞ս որոշեցիք, որ մարզական մեկնաբան եք դառնալու:
– Մարզական մեկնաբան դառնալու մտադրություն, առավել եւս երազանք, չեմ ունեցել: Պահանջարկից ելնելով ստեղծվեց «Պրոֆֆուտբոլի» նախահայրը՝ «Ա1+ Ֆուտբոլը», որը համառոտ 10 րոպեների ընթացքում պատմում էր նախորդ օրվա ֆուտբոլային կարեւոր իրադարձությունների մասին: Նախորդ դարի 90-ականների վերջում ցանկացած ֆուտբոլասեր իրեն անհրաժեշտ ֆուտբոլային ինֆորմացիան պեղելու մեծ հնարավորություններ չուներ. մեկ-երկու նորություն ռուսական որեւէ ալիքից, մյուսը՝ մեկ այլ ճանապարհով… ընդամենը: Հաճախակի մեզ անհրաժեշտ խաղի արդյունքն իմանում էինք միայն օրեր անց: «Ա1+ֆուտբոլը», իսկ 2002 թվականից արդեն «Պրոֆֆուտբոլը»՝ իր վրա վերցրեց այդ պակասը լրացնելու եւ խստագույն ֆուտբոլասերների առավելագույն պահանջները բավարարելու պատասխանատու գործը:
– Ինչպիսի՞ն էր Սենիկը մինչ մեկնաբանի կարիերան սկսելը և դրանից հետո:
– Չեմ կարծում, թե նրանք իրարից տարբերվում են: Այսպիսին էի նաեւ 20 տարի առաջ. էմոցիոնալ, համարձակ, սակայն ամենակարեւորը՝ վստահ ֆուտբոլային իր գիտելիքների վրա: Պարզապես մեկնաբանի կարիերան մի մեծ պայման մտցրեց իմ առօրյա. եթերը պետք չէ ֆուտբոլասերի առօրյա կյանքի հետ շփոթել: Այդ սահմանը պետք է վառ արտահայտված լինի: Եթերից դուրս ցանկացածին երկրպագիր կամ քննադատիր, սակայն եթերում սիրտդ հավասարապես պետք է կիսես երկու թիմերի եւ 22 ֆուտբոլիստների միջեւ:
– Ինչու՞ հենց Գերմանիայի առաջնությունը սկսեցիք մեկնաբանել:
– 2008 թվականին հայկական հեռուստաալիքներով արդեն ցուցադրվում էին Իսպանիայի, Անգլիայի եւ Իտալիայի առաջնությունների լավագույն հանդիպումները: Ուժեղությամբ 4-րդ առաջնության՝ Բունդեսլիգայի հանդիպումների ցուցադրումը Կենտրոն հեռուստաընկերության համար դարձավ առաջնային: Հպարտ եմ, որ Գերմանիայի Ֆուտբոլի Միության հետ իմ բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին: Իսկ, թե ինչու՞ հենց բունդեսլիգա: Գուցե դա էլ պատահական չէ: Անհամեստ չթվամ, սակայն կամքի մեծ ուժ ունեմ, ինքս երբեք չեմ հանձնվում, ճշտապահ եմ, աշխատասեր: Այն ամենը, ինչ բնորոշ է գերմանական ֆուտբոլին:
– Գիտենք, որ հեղինակային հաղորդում ունեք և այն գրանցված է «Գինեսի ռեկորդների գրքում», դրա մասին քչերը գիտեն, կպատմեք մի փոքր:
– Այո, եւս մի փոքր եւ «Պրոֆֆուտբոլն» արդեն երկրորդ տասնամյակը կփակի: Հաղորդումն առայժմ «Գինեսի ռեկորդների գրքում» գրանցված չէ, ինչն ինձ համար առաջնային չէ: Նման ամբիցիաներ չունեմ: Գրանցելու իրավունք ունեմ եւ ցանկացած պահի դա կարող եմ իրականացնել: Ընդ որում` երեք կետով: Առաջինը, որ հաղորդումն արդեն 15 եւ ավելի տարի ամեն օր եթերում է: Երկրորդը՝ հաղորդավարն այդ ընթացքում բացման-փակման խոսքով երբեւէ կադրում չի երեւացել եւ երրորդը՝ ամենօրյա հաղորդման պատրաստման համար անհրաժեշտ նվազագույն 11 հաստիքն ապահովում է մեկ անձնավորություն՝ Սենիկ Կարա-Պողոսյանը: Ամբողջ հաղորդումը պատրաստում եմ միայնակ:
– Բացի այդ, Դուք Բարսելոնայի մեծ երկրպագու եք և ազատ ելք ու մուտք ունեք «Բարսելոնայի» «ներքին խոհանոց», ինչպե՞ս հաջողվեց հասնել այդ ամենին:
– «Բարսելոնայի» եւ իմ սերն արդեն 30 տարվա պատմություն ունի: 1986-87թթ. բլաուգրանա եմ: Դեռ 90-ականների կեսերից ակումբի պաշտոնական անդամ եմ: Տարիներ առաջ էլ դարձա մեր հանրապետությունում «Բարսելոնայի» միակ VIP-Socio-ն, ինչն ինձ «Քամփ Նոու» մարզադաշտ, թիմի «Ciutat Esportiva» մարզաբազա եւ ակումբին պատկանող այլ կառույցներ ազատ ելք ու մուտքի հնարավորություն է տալիս: «Բարսելոնայի» ցանկացած ֆուտբոլիստի հետ հանդիպելը նույնպես խնդիր չէ: Բացի այդ, ամբողջությամբ Բարսելոնա քաղաքում 5-25% զեղջերից օգտվելու արտոնություն ունեմ (առեւտրի կենտրոններ, խանութներ, ռեստորաններ, զվարճանքի վայրեր):
– Երբեմն փորձու՞մ եք հանգստանալ ֆուտբոլից:
– Դա պարտադիր է: Աշխատում եմ, օրական 16-18 ժամ, արդեն 17 տարի: Օրվա մեջ ժամեր ունեմ, երբ նույնիսկ «ֆուտբոլ» բառն է արգելված արտասանել: Հատկապես ընկերներիս հետ՝ ոչ-մի բառ ֆուտբոլից:
– Հեռուստադիտողները շատ լավ ճանաչում են Սենիկ Կարա-Պողոսյանի ձայնը, սակայն քչերն են տեսել նրան: Հետագայում հեռուստաեթերում ավելի հաճախ երևալու մտադրություն չունե՞ք:
– «Պրոֆֆուտբոլ» ամենօրյա հաղորդաշարն արդեն 17 տարի եթերում է, սակայն ես նույնիսկ 17 վայրկյան կադրում չեմ երեւացել: Ֆուտբոլային մեկնաբանի գործն ամենեւին իրեն ցույց տալը չպետք է լինի: Ցավոք այսօր շատ-շատերն առաջին հնարավորության դեպքում փորձում են տեսախցիկի առաջ նստել: Հրթիռի արագությամբ բարձունքների ձգտող մեկնաբանները նույն արագությամբ էլ ներքեւում են հայտնվում: Առհասարակ գտնում եմ, որ ֆուտբոլային հաղորդման մեկնաբանը պետք է կադրում չերեւա: Մեկնաբանի սանրվածքը, արտաքին տեսքը, հագած կոստյումը եւ նույնիսկ ձեռքի գրիչը հեռուստադիտողին շեղում է գլխավորից՝ ֆուտբոլային ինֆորմացիան 100%-ով որսալուց:
Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ