Այսօր Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղի եկեղեցում տեղի ունեցավ Արցախի Մատաղիսի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 21-ամյա Կարեն Դանիելյանի հոգեհանգստի արարողությունը: Եկեղեցու բակում կանգնելու տեղ չկար. նրան հրաժեշտ տալու էին եկել ողջ գյուղը՝ թե տղամարդիկ, թե կանայք, ինչպես նաև մեծ թվով զինվորականներ:
Գյուղապետ Միշա Ղրզոյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Գիշերն ահագին անհանգիստ է եղել, լուսադեմին խաղաղ է եղել, զորամասից եկած սպայի ասածով՝ Կարենը բարձրացել է, որ տեսախցիկը վերցնի, այդ պահին սնայպերը խփել է: Թշնամու գնդակով զոհվել է բոլորիս համար շատ թանկ անձնավորությունը՝ Կարենս»:
Կարեն Դանիելյանի հրամանատարի տեղակալ Զավեն Խաչատրյանն, որն անընդհատ ներս ու դուրս էր անում եկեղեցում, սգում էր իր զինվորի մահը, նրան բնութագրեց որպես կարգապահ, բարեկիրթ ու դաստիարակված զինծառայողի, որը հերոսաբար մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին: «Հմուտ մարտիկ էր, իր մասին կարելի է անվերջ խոսել»,- ասաց հրամանատարի տեղակալը:
Հիշեցնենք, որ Կարեն Դանիելյանը տան միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր, հայրը գնում էր արտագնա աշխատանքի, իսկ մայրը տնային տնտեսուհի է: Նրա հայրն այսօր առավոտյան էր վերադարձել հեռավոր Սախալինից, որին, ըստ Կարենի հարազատների, խաբել էին, թե հիվանդ մայրն է մահացել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ