Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կլինի դաշինքի ընդլայնումը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսվում է մայիսի 25-ին։
«Դա Բրյուսելում առաջիկայում սպասվող հանդիպման բաղադրիչներից մեկն է։ Մենք պետք է միասնական լինենք այն հարցերում, որոնք մեզ են վերաբերում՝ կապված Ռուսաստանի թշնամական քաղաքականության, ինչպես նաև արևելքից սպասվող սպառնալիքի հետ։ Բացի այդ, մենք պետք է բարձրացնենք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը»,- ասել է Սոլոխը։
Սոլոխը հավելել է, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է նոր անդամներ ընդունելու իր դիրքորոշմանը։ «ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվում ընդլայնման նպատակներից։ Մոտ ապագայի թեկնածու է Մոնտենեգրոն, սպասում ենք Վրաստանի հերթին, խոսք է գնում Ուկրաինայի մասին։ ՆԱՏՕ-ն չի հրաժարվել ընդլայնման գաղափարից»,- ասել է Սոլոխը Rzeczpospolita պարբերականին հետ զրույցում։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ