Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղում երեկ հայտնվել էր կասկածելի մի տղամարդ՝ ներկայանալով որպես Արցախում նահատակված 21-ամյա Կարեն Դանիելյանի հրամանատարի տեղակալ:
Տղամարդը հայտնվել էր Կարեն Դանիելյանի դին գյուղ տեղափոխելուց առաջ: Գյուղացիներից մեկն էլ, նրան՝ որպես իրենց հերոս զավակի հրամանատարի տեղակալի պատիվ էր տվել, անգամ վճարել էր խանութում նրա գնած հացի փողը, քանի որ մոտը փող չէր եղել: Սակայն կարճ ժամանակ անց տղամարդու սուտը բռնվել էր, քանի որ Սարատակ գյուղ էր եկել Կարենի հրամանատարի տեղակալը: Գյուղացիները, մտածելով, որ նա Ադրբեջանի օգտին լրտեսություն անող անձ է, կասկածելի անձնավորությանը հանձնել էին իրավապահներին:
Մենք քիչ առաջ եղանք Սարատակում՝ լսելով գյուղացիներին: Գյուղապետ Միշա Ղրզոյանը մեկ անգամ ևս պնդեց, որ վերջինս ոչ թե «Ադրբեջանի շպիոն» է, այլ թափառաշրջիկ բոմժ է, սոված-ծարավի մեկն է, որի տեսքից էլ այս ամենն ակնհայտ է: Մեր դիտարկմանը, թե նա հրամանատարի տեղակալ է ներկայացել չէ՞, գյուղապետն ասաց. «Անկապ մարդը կարող է և գեներալ ներկայանալ»: Ըստ գյուղապետի, քանի որ վերջինս տարբեր տեղեր տարբեր ստեր է խոսել, հետևաբար և կասկածի տեղիք է տվել, անձի ինքնությունը պարզելու նպատակով էլ գյուղացիները դիմել են իրավապահներին:
Սարատակի բնակիչներից մեկն էլ, որը կասկածելի տղամարդուն պատիվ էր տվել, չէր ցանկանում պատասխանել մեր հարցերին, այդուհանդերձ ասաց, որ նա ամենևին էլ բոմժ չէ, ինչպես որ պնդում է գյուղապետը, նորմալ հանգնված, 27-28 տարեկան երիտասարդ տղա է:
Մենք զրուցեցինք նաև Զավեն Խաչատրյանի հետ՝ զոհված Կարեն Դանիելյանի հրամանատարի տեղակալի հետ, որը պատմեց, թե տվյալ անձը, որը ներկայացել էր որպես հրամանատարի տեղակալ, իրեն տեսնելով՝ սարսափել է: «Դողում էր, գիտեր, որ սուտ է խոսում», -ասաց հրամանատարի տեղակալը:
Պարզվել է, որ նա պայմանագրային զինծառայող է, աշխատում է Արցախում, Շիրակի մարզի գյուղերից մեկից է, սակայն վերջինս արատավորել է, խաղացել հայ սպայի անվան հետ, վարկաբեկել է: Նա ամենուր հայտարարել է, որ գրպանում գումար չունի:
Այդ պատճառով էլ նրան հանձնել են իրավապահներին:
Ըստ որոշ տեղեկությունների, կասկածելի անձը իր հեռախոսում ռազմական գաղտնիքներ պարունակող տեղեկություններ է պահել, դրանք հանրայնացրել է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ