Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում փորձագիտական քննարկում էր կազմակերպվել ՀՀ-ում ժողովրդավարության կայացման մասին: ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը զեկույց ներկայացրեց, թե ինչքան միջոցներ է տրամադրել ԱՄՆ-ն ՀՀ-ին ժողովրդավարության կայացման համար ու ինչ ունենք դրա արդյունքում: Նա ըստ տարեթվերի նշեց, որ ԱՄՆ-ն աստիճանաբար նվազեցրել է աջակցությունը, եւ դեռ 2018-ի Թրամփը նախատեսում է 77 տոկոսով կրճատել:
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ ՀՀ ներկայիս օգնության կրճատումը եզակի կամ ՀՀ-ին ուղղված քայլ չէ, ընդհանուր ԱՄՆ քաղաքականության տրամաբանության մեջ է տեղավորվում: Բազմաթիվ երկրներում ԱՄՆ-ն ռազմական օգնություն էր ցուցաբերում, ներկայումս ԱՄՆ-ն դա փոխում է վարկերի. «Այս օգնության արդյունքում աշխարհում ամրապնդվե՞ց լիբերալ դեմոկրատիան, իհարկե, ոչ, այն այսօր ապրում է ճգնաժամ: Այդ արժեքները կրողներն են ճգնաժամի մեջ: Այդ կրողները, որոնք պետք է սկզբունքայնություն ցուցաբերեին, օրինակ, Գերմանիայի նախկին կանցլերը Պուտինի մոտ զապրավշիկ է աշխատում, մենք տեսնում ենք ամերիկյան գեներալը զբաղված է 50 հազար դոլարի հոնորարով՝ բավականին կեղտոտ լոբբինգի մեջ ներգրաված լինելովեւ այլն: Շատ դեպքերում այդ օգնությունը ոչ թե լիբերալ դեմոկրատիայի զարգացմանը նպաստեց, այլ սնուցեց կոռուպցիոն ռիսկերը, որոնք առանց այն էլ կային զարգացող երկրներում, հետխորհրդային երկրներում, ինչու չէ նաեւ ՀՀ-ում»:
ԱՄՆ օգնության արդյունքում, ըստ Մեհրաբյանի, Հայաստանում ոչ տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված դարձավ, ոչ էլ դեմոկրատիան ամրապնդվեց: ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականությունն այսօր չի դիմանում որեւէ քննադատության, եւ ասել, որ աջակցության կրճատմամբ ԱՄՆ-ն ՀՀ-ի նկատմամբ դրսեւորում է իրենց հետաքրքրության նվազում՝ չենք կարող. «ԱՄՆ-ն բավականին բարենպաստ առեւտրային ռեժիմ է տրամադրում, բայց ՀՀ-ն չի օգտվում, պետք էր ջարդել մոնոպոլիաները»:
Ռուբեն Մեհրաբյանն ասաց, եթե 90-ականների հին մոդելի պրոցեսորով համակարգչի վրա դրվում է windows 10, այդ համակարգիչը կախում է, չի աշխատում: Մոտավորապես նույն բանն այսօր տեղի է ունենում հայ-ամերիկյան հարաբերություններում: ԱՄՆ-ն չի կարող ունենալ որեւէ երկրի հետ առանձնահատուկ քաղաքական հարաբերություններ, որոնք չունեն տնտեսական հիմք:
Հայաստանի կողմից տարվող այս ռուսամետ քաղաքականությունը նրանից է, որ համակարգն այս ձեւով ինքնապահպանման խնդիրն է լուծում. «Եթե ռուսամետությունը համակարգը պահպանելուն օգնում է, ուրեմն այո, իրենք ռուսամետ են եւ կմնան այնքան ռուսամետ, ինչքան օգնում է համակարգը պահպանելուն: Մենք տեսնում ենք, որ այս ռուսամետ համակարգը նույնիսկ իր հաշվապահության հետ խնդիր ունի: Կարեն Կարապետյանն ինչքան էլ խոստանա ռուսական ներդրումներ, մենք նայում ենք՝ Էրեբունի ռազմաբազայում Պուտինի անձնական խոհարարը գալիս է, ինչ-որ ընկերություն է բացում՝ ռազմաբազայի տարածքում: Սա՞ է ձեր ինվեստիցիայի որակը: Գրպանահատ խաժամուժի անլվա փողերը բերում եք այստեղ լվանալու: Հիմա սա ինվեստիցիա՞ է, իհարկե, ոչ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ