ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման դեպքով ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը շատ խնդիրներ է տեսնում:
«Բռնել են, փակել են ազգային հերոսին, իսկական գեներալին, ուսադիրները պատերազմի դաշտում վաստակած գեներալին, հիմա էլ էս կողմ, էն կողմ ընկած՝ նոր ապացույցներ են ման գալիս, որ հիմնավորեն, բայց գլխավորն արվեց, Սամվել Բաբայանը բանտախցում է»,- այս կարծիքին է Գուրգեն Եղիազարյանը:
Նրա կարծիքով, այս գործով մի շարք հարցեր կան չպարզված, օրինակ թե այդ ինչ զենք է, ինչ նպատակով է փորձ արվել բերվել Հայաստան ու Սամվել Բաբայանի անմիջական կապը դրա հետ. «Միգուցե կապ է ունեցել, որ ուղարկի Արցախ այդ զենքը, այդ գործարքներով պետք է պետությունը զբաղվեր, սահմանը պաշտպաներ, պարզվեց չի պաշտպանում, էս պետությունը պետք է մեր վիրավորներին համպատասխան բուժում տար, պարզվեց հազար դրամ պետք է հավաքի, նոր անի դա, իսկ ինչ իմանամ Սամվել Բաբայանի մտքում ինչ է եղել կամ այդ զենքը զե՞նք է, թե՞ զենք չէ…Երբ որ Սամվել Բաբայանը հրամանատար էր ու իր հաջողությունները կռում էր մարտի դաշտում, այն ժամանակ Սերժ Սարգսյանին հարցնեիք՝ ով է Սամվել Բաբայանը, կասեր Աստծո պես մի բան»:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ