Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 25-ամյակին նվիրված գագաթաժողովը

Մայիս 22,2017 17:07

Մայիսի 22-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը: Գագաթաժողովը բացեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնակցում էին Հունաստանի, Մոլդովայի նախագահները, Ռուսաստանի վարչապետը, մի շարք երկրների փոխվարչապետեր, ԱԳ նախարարներ և փոխնախարարներ:

Գագաթաժողովին և ԱԳ նախարարների հանդիպմանը ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթներով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Գագաթաժողովին իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ անցած 25 տարիների ընթացքում կազմակերպության շրջանակներում իրականացված աշխատանքին՝ կարևորելով կազմակերպության տնտեսական բաղադրիչի զարգացման ու ամրապնդման անհրաժեշտությունը: Նա ընդգծեց, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, բազմակողմ և երկկողմ ձևաչափերով մշակված տնտեսական նախագծերը չեն կարող լիարժեք իրականացվել փակ սահմանների առկայության դեպքում, իսկ տարածաշրջանային տնտեսական նախագծերը պետք է ներառեն բոլոր անդամ պետություններին՝ բացառելով որևէ խտրականություն:

Անդրադառնալով գագաթաժողովին Ադրբեջանի ԱԺ նախագահ Օքթայ Ասադովի ելույթում Հայաստանին հասցեագրված մեղադրանքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին փորձ կատարեց օգտագործել ՍԾՏՀ ամբիոնը` ներկայացնելու ԼՂ հակամարտության աղավաղված պատկերը: «Մենք համոզված ենք, որ այս գագաթաժողովը այն տեղը չէ, իսկ ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անելով սա՝ ադրբեջանական կողմը ցուցադրեց իր անհարգալից վերաբերմունքը ՍԾՏՀ Կանոնադրության, կազմակերպության սկզբունքների և նպատակների և այս գագաթաժողովի նկատմամբ»,- նշեց Հովակիմյանը:

Ադրբեջանի շարունակական ռազմատենչ քաղաքականության, մասնավորապես, ապրիլան ագրեսիայի և դրա հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց այդ ջանքերի տապալման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ ընդգծելով, որ. «Մեղադրանքները, ռազմատենչ կեցվածքը և միակողմանի առավելապաշտական պահանջները չեն կարող լուծել հակամարտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ հնարավոր է հասնել առաջընթացի, եթե Ադրբեջանը հրաժարվի ուժ գործադրելու քաղաքականությունից և բարեխղճորեն ներգրավվի բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված ձևաչափի շրջանակներում»:

Գագաթաժողովն ընդունեց ՍԾՏՀ հոբելյանական հռչակագիրը, որտեղ մեկ անգամ ևս վերահաստատվեց կազմակերպության տնտեսական բնույթը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031