1999թ. Մայր Աթոռում ԱԱԾ-ականները զենքով սպառնացել են Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, որն այդ ժամանակ կաթողիկոսության թեկնածու էր: Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը: Դեպքը նրան պատմել է ինքը՝ Մեսրոպ Մութաֆյանը, որը Հացպանյանի մանկության ընկերներից է:
«Սպառնացել են, որպեսզի նա հանի իր թեկնածությունը»,-նշեց բանախոսը: Նրա փոխանցմամբ՝ Մութաֆյանն ԱԱԾ աշխատակցին ասել է՝ «այ տղա, ես Ստամբուլում թուրքից չեմ վախենում, դու ո՞վ ես, որ քեզանից վախենամ»:
«Այն ժամանակ, երբ վարչապետը Վազգեն Սարգսյանն էր, դրսից եկած եկեղեցականներին սենյակ առ սենյակ մտել-վախեցրել են, որ քվեարկեն Գարեգին Ներսիսյանի օգտին»,-ասաց Սարգիս Հացպանյանը:
Նրա բնորոշմամբ՝ այդ ժամանակ կեղտոտ ընտրություններ են անցկացվել, եկեղեցականներին ճնշել են, կաշառել. «Ներկայիս կաթողիկոսն արյունով օծված կաթողիկոս է՝ հոկտեմբերի 27-ին»:
Սարգիս Հացպանյանի համոզմամբ՝ մինչ օրս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսը չի կարողացել ի օգուտ եկեղեցու որեւէ խնդիր լուծել, այդ թվում՝ Պոլսի պատրիարքության խնդիրը: Փորձագետը նշեց, որ նա կարող է կարգալույծ անել Արամ արք. Աթեշյանին, մինչդեռ չի գնում այդ քայլին:
Հավելենք, որ Մայր Աթոռից նշյալի վերաբերյալ պարզաբանում ստանալ դեռեւս չի հաջողվում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ