Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գնացեք փող ռուսներից վերցրեք». Արա Պապյանը հիշեցնում է՝ Վիլսոնի արձանն անգամ չդրեցին ՀՀ-ում, ինչո՞ւ ԱՄՆ-ն փող տա

Մայիս 22,2017 16:27

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում փորձագիտական քննարկում էր կազմակերպվել ՀՀ-ում ժողովրդավարության կայացման մասին: ՄԱԱ նախագահՆարինե Մկրտչյանը  զեկույց ներկայացրեց, ըստ որի ամերիկյան օգնության ծրագրերի մոտ 70 տոկոսը ՀՀ-ում տապալվեց, որի պատճառներից մեկը այդ օգնության ծրագրերի սխալ հասցեականությունն էր: Ամերիկյան օգնությունը մսխվել էր, ժողովրդավարության ամերիկյան հսկայածավալ օգնությանը զուգահեռ ՀՀ-ում ամերիկյան գործոնը աստիճանական անկում էր ապրում՝ նվազեցնելով ԱՄՆ դերը եւ ժողովրդավարության նշանակությունը ՀՀ-ում, ինչը սկիզբ դրեց Հայաստանի՝ միջազգային աստիճանական մեկուսացման:

Ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը հարցրեց՝ ՀՀ իշխանությունները չեն խոսում Արեւմուտքի օգնության մասին, ինչո՞ւ: Նարինե Մկրտչյանը պատասխանեց, որ ռուսամետ քաղաքականությունից է, ժողովրդավարական քաղաքականությունը ՀՀ-ում չի խրախուսվում, պատճառներից մեկն էլ ամերիկյան դերի նվազումն է:

Այդ դեպքում թե ինչո՞ւ էր ԱՄՆ-ն շարունակում տրամադրել օգնություն, եթե տեսնում էր, որ արդյունավետ չէ, Նարինե Մկրտչյանը պատասխանեց՝ որովհետեւ ԱՄՆ-ն դեռեւս լիահույս է, որ հասարակական եւ քաղաքական գիտակցությունը կփոխվի, ժողովրադավարությունը կկայանա, ինչը չարդարացավ:

2018-ին Թրամփը նախատեսում է 77 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվող միջոցները: Կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հարցրեց՝ «հիմա ձեր կարծիքով արժե՞ պայքարել, որ ֆինանսավորումը բարձրացնեն, եթե պարզ է, թե այդ փողն ով է ուտելու»: Նարինե Մկրտչյանը պատասխանեց. «Իմ կարծիքով կրճատումը որոշ չափով արդարացված է»:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանի խոսքերով՝ «իրենք բացահայտ ասում են՝ գնացեք ռուսներից վերցրեք, ուզում եք մեզնից փող վերցնեք, Ռուսաստանի շահե՞րը սպասարկեք»:

Արա Պապյանի դիտարկմամբ՝ «Ամերիկացին ասում է, որպեսզի ես մի քայլ առաջ գամ, դու գոնե կես քայլ առաջ արի, բայց ՀՀ-ից եկող չկա, չկա համարժեք երախտագիտական վերաբերմունք: Հասարակ մի բան՝ կառավարությունը որոշում էր կայացրել ի նշան երախտիքի Վիլսոնի արձանը դնել Հայաստանում, որովհետեւ 132 հազար որբ է փրկել, որոշումից հետո անգամ ամեն ինչ անում էին, որ չդնեն, ասում են՝ տեղ չկա: Դրանից հետո մի 5-6 հատ արձան են դրել Երեւանի կենտրոնում: Երբ խոսում ես, քեզ պարզ տեքստով ասում են՝ ռուսները կնեղանան: Անգամ նամականիշ տպագրելու պարագայում ասում են՝ եկեք մի հատ Ռուսաստանին երախտագիտություն նամականիշ տպագրենք, նոր ԱՄՆ կամ Կանադա: ՌԴ-ի ազդեցությունն իսկապես կա»: Պապյանը վստահ է՝ Արեւմուտքի վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ շատ է փոխվել եւ դա արձագանք է՝ մեր կոնկրետ քայլերի: Ու քանի դեռ Հայաստանը կախված է ՌԴ-ից, չի կարող ժողովրդավարական լինել:

Պապյանի խոսքերով՝ «Ծիածանային դրոշը բրիտանացիները կախում են, իրենց կյանքն է, ամեն մեկի սեռական կյանքն էլ իր գործն է, բայց ո՞վ է ցույցի դուրս գալիս, ցույցի են դուրս գալիս այն մարդիկ, որոնք փող են ստացել ՌԴ դեսպանատնից»:

Կենտրոնի փորձագետ Գեւորգ Մելիքյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ն իրեն պահում է՝ ինչպես տիպիկ գերտերություն: ԱՄՆ քաղաքականությունը հասկանալու համար պետք է իմանալ, թե որոնք են իր շահերը ՀՀ-ում կամ տարածաշրջանում: ԱՄՆ-ն ՀՀ-ին աջակցել է միշտ: Իսկ թե ինչու ՀՀ կառավարությունը պատշաճ չի իրազեկում հանրությանը ԱՄՆ աջակցության մասին, Մելիքյանն ասաց, որ ՀՀ-ում ոստիկաններ կան, որ չեն ուզում թաղում լավ տղերքը իմանան, որ իրենք ոստիկան են, շորերը փոխում են, նոր գալիս են տուն, հիմա մերն է՝ ԱՄՆ-ից փող են վերցնում ու չեն ուզում, որ իմանան մարդիկ դրա մասին:

Ըստ Մելիքյանի, ԱՄՆ-ն իր քայլերը չի պայմանավորում ՀՀ արտաքին քաղաքականությամբ, ինչքան կհամընկնեն այդ շահերը՝ այդքան թեթեւ կանցնի, բայց ինքն իր շահերն է առաջ տանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031