Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, օպերային եւ էստրադային երգիչների մասնակցությամբ, հունիսի 1-ին եւ 2-ին հանդես կգա «Քեզ համար, Ազնավուր» յուրատեսակ համերգով:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը. «Համերգի գաղափարը մշակույթի նախարարի կողմից է առաջարկվել: Նախարարը շատ էր ուզում, որ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա հետ կապված համերգ ունենանք, եւ մենք էլ միանգամից համաձայնեցինք: Ձեւաչափը միասին ենք որոշել: Ազնավուրն իր ծննդյան տոնին այստեղ չէր լինելու եւ ամսի 1-ին է Հայաստան գալու, դրա համար էլ համերգները նշանակվեցին ամսի 1-ին եւ 2-ին, որպեսզի շանսոնյեն նույնպես ներկա լինի որպես պատվավոր հյուր: Լիահույս ենք, որ հունիսի 1-ին ներկա կլինի համերգին»:
Տիկին Սիրունյանը ներկայացնելով համերգի ձեւաչափը, ասաց, որ օպերային եւ էստրադային երգիչների համատեղ զուգերգեր կլինեն:
Նրա խոսքերով. «Մի քանի երգ հայերեն է թարգմանվել եւ ֆրասիական կողմից ցանկություն է հայտնվել, որ անպայման հնչեն համերգին: Կհնչեն ֆրանսերեն, հայերեն եւ ռուսերեն երգեր: Օպերային երգիչներից, ի թիվս այլոց, կմասնակցեն Գուրգեն Բավեյանը, Նարինե Անանիկյանը, Սիրանուշ Գալստյանը, Հայկ Տիգրանյանը, Նունե Բադալյանը, իսկ էստրադային երգիչներից կլինեն Հայկ Պետրոսյանը, որը փոքրիկ գաղափարներով միացել է մեզ, Էմմա Պետրոսյանն ու Արամոն, Անդրեն, Ավո Խալաթյանը, Ֆորշը եւ այլք: Բեմադրող ռեժիսորն էլ Նաիրե Ստեփանյանն է…»:
Տիկին Սիրունյանը չցանկացավ «փակագծեր բացել», բայց վստահեցրեց, որ համերգը անակնկալներ ունի` սկսած էկրանայինից, ավարտած այլ լուծումներով: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենը հայտնեց նաեւ, որ ֆրանսերենի մասնագետ է հրավիրվել երգիչների ֆրանսերենի կատարելագործման վրա աշխատելու համար: Երկու ամիս է համերգի նախապատրաստական աշխատանքներն են գնում, իսկ ամսի 27-ից սկսած` 5-6 օր էլ նվագախմբի հետ կկայանան փորձերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ