ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Մամուլի ազգային ակումբի նախագահ
ՄԱՀՀԻ գործընկեր
Ամփոփ: Հետազոտության մեջ քննության են առնվում ժողովրդավարության կայացման խնդիրները հետխորհրդային Հայաստանում, ՀՀ ժողովրդավարական հաստատությունների և ազատությունների կայացման համար ԱՄՆ կողմից հատկացված ֆինանսական և այլ բնույթի օգնության ծրագրերը, առանձնացվում և հիմնավորվում են այդ օգնության փուլերը, ուղղությունները, հայկական ժողովրդավարությանն ուղղված ԱՄՆ ծրագրերի, ֆինանսավորման արդյունավետությունը, այս համատեսքտում նաև՝ հայ–ամերիկյան հարաբերությունները և ժողովրդավարական հաստատությունների առկա իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում:
Démokratía (de’mos kra’tos) – հին հունարեն այս բառն արդի համաշխարհային քաղաքագիտական մտքի, հասարակական շարժումների, քաղաքական առաջնորդության գործընթացների կարևոր բաղադրիչն է: Ժողովրդավարությունը ժողովրդի միջոցով պետական իշխանության ձևավորման, արդար և արդյունավետ կառավարման, իշխանության գործունեության հանրային վերահսկման, քաղաքացիների իրավահավասարության, մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների հարգման սկզբունքների և մեխանիզմների ամբողջություն է:
Ժողովրդավարությունը ձևավորվել և կայացել է որպես արևմտյան արժեքային համակարգ: Ձևավորվելով հին Հունաստանում՝ այն հետագայում նվաճեց ողջ Եվրոպան և Միացյալ Նահանգները: Զբիգնև Բժեզինսկին պնդում է, որ մարդու իրավունքների ու ազատությունների, ժողովրդավարության արժեքների ապահովել-չապահովելն աշխարհայացքային, ավելին` քաղաքակրթական հարթությունում է. «Այժմ պետությունների միջև բաժանարար գիծն անցնում է ազատության և մարդու իրավունքների միջով: Հիմնական բանավեճը սա է: Այդ արժեքները ծնվել են Արևմուտքում, հռչակվել են այնտեղ, ինստիտուտացիոնալիզացիայի և ֆորմալիզացիայի են ենթարկվել այնտեղ»[1]: Եվ չնայած ժողովրդավարությունը սկզբնավորվել է Արևմուտքում, սակայն այն հնարավոր չէ կղզիացնել: Ժողովրդավարության կենսունակության համար կարևոր է ոչ միայն այդ ազատությունների հռչակումը, այլև դրանց կիրառումը: Արդի աշխարհը թեպետ առավել է կարևորում ժողովրդավարական ազատությունները, այնուամենայնիվ, այդ արժեքները լուրջ դիմադրության են հանդիպում ավտորիտար և տոտալիտար վարչակարգերի, կոռումպացված կառավարությունների կողմից:
20-րդ դարում ժողովրդավարության տարածումն ու պաշտպանությունն աշխարհում հռչակվեց որպես ԱՄՆ քաղաքական առաջնահերթություն` էապես մեծացնելով ամերիկյան գործոնը միջազգային գործընթացներում: Ամերիկյան քաղաքական միտքը և կառավարող շրջանակները սկսեցին ուղիներ մշակել աշխարհում ժողովրդավարության տարածման համար, ինչն ԱՄՆ արտաքին քաղաքականության քննադատներն անվանում են «ժողովրդավարության արտահանում»:
Խորհրդային Հայաստանում պետության ժողովրդավարացման, ազգերի և մարդու իրավունքների հարգման պահանջները սկիզբ առան 1988թ. Ղարաբաղյան շարժման հետ: 1988թ. հոկտեմբերի 14-ի հանրահավաքում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Հայաստանը պետք է դառնա ԽՍՀՄ 1-ին հանրապետությունը, ուր պետք է իշխեն համամարդկային արժեքների, ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների և սոցիալական արդարության սկզբունքները», «պետք է վերացվի կոմկուսի մենիշխանությունը, հաստատվի բազմակուսակցական համակարգ, խոսքի, մամուլի, խղճի լիակատար ազատություն»[2]:
1991թ. Հայաստանի անկախության հանրաքվեի դրված հարցադրմանը` «Ուզո՞ւմ եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս», բնակչության 95 տոկոսն «այո» էր պատասխանել:
ԽՍՀՄ փլուզումը Հարավային Կովկասի պետություններում ուղեկցվեց ներպետական հեղաշրջումներով, քաղաքացիական և ազգամիջյան բախումներով, պատերազմներով: Ըստ այդմ` օրինաչափ էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետևյալ դիտարկումը. «Խորհրդային կոմունիզմի փլուզումն ամերիկյան գաղափարների և արժեքների ողջամիտ հաղթանակն էր, բայց ճակատագրի ծաղրով այդ փլուզումն Ամերիկային դեմ առ դեմ կանգեցրեց այնպիսի աշխարհի առջև, որից իր ողջ պատմության ընթացքում Ամերիկան խուսափել է»[3]:
ԽՍՀՄ փլուզումից հետո՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների ընթացքում, ԱՄՆ-ը ձգտում էր մուտք գործել կովկասյան տարածաշրջան: Անդրկովկասի պետություններից ԱՄՆ-ն առաջինը մուտք գործեց Հայաստան` 1991թ. դեկտեմբերի 25-ին ճանաչելով Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ 1992թ. հունվարի 7-ին` հաստատելով դիվանագիտական հարաբերություններ: 1992թ. փետրվարին 3-ին ԱՄՆ-ը դեսպանություն հիմնեց Երևանում. «Հրազդան» հյուրանոցում բարձրացվեց ԱՄՆ պետական դրոշը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սթիվըն Մանն ընդգծեց. «Անկախ Հայաստանում մենք տեսնում ենք այն գոյակները, որոնք առավել բարձր են գնահատվում ԱՄՆ-ում»[4]:
ԽՍՀՄ փլուզումը նորանկախ պետություններում ստեղծել էր նոր քաղաքական իրավիճակ` այդ երկրներին կանգնեցնելով տնտեսական և քաղաքական համակարգերի փոփոխությունների առջև: Հարավկովկասյան պետություններից հետխորհրդային Հայաստանն առաջինն էր, ուր դրվել էին ժողովրդավարական հաստատությունների հիմքերը. ձևավորվել էր ազատ մամուլը, բազմակուսակցականությունը, պառլամենտարիզմը, հանրաքվեն, և ՀՀ նախագահի 1-ին ընտրություններն անցել էին հասարակական ակտիվության և օրինականության մթնոլորտում: Ժողովրդավարության և ազատական տնտեսության կայացման Երևանի ուղեգիծը կասկած չէր առաջացնում միջազգային հանրության մոտ, որի համար Հայաստանը տարածաշրջանի «ժողովրդավարության կղզյակն» էր և առանձնանում էր ներքաղաքական իրավիճակի կայունությամբ: ԱՄՆ-ում 1 միլիոնից ավելի հայկական սփյուռքի առկայությունն արդեն իսկ կամուրջ էր ստեղծել երկու երկրների միջև:
1992թ. փետրվարին կայացավ ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի այցը Երևան: Մարտին Վաշինգտոնում բացվեց ՀՀ դեսպանությունը, դեսպան նշանակվեց Ռուբեն Շուգարյանը: 1993թ. նշանակվեց ՀՀ-ում ԱՄՆ 1-ին դեսպանը` Հենրի Գիլմորը: 1994թ. օգոստոսին Վաշինգտոն մեկնեց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հայ-ամերիկյան հարաբերությունների սկզբնավորումն արդյունավետ և հեռանկարային շարունակություն էր նախանշում: Նաև այդ պատճառով է, որ Հայաստանի անկախացումից մեկ տարի անց՝ 1992թ.-ից, ԱՄՆ-ը սկսեց օգնության տրամադրումը Հայաստանին:
1992թ.-ից ՀՀ-ին տրամադրվող ԱՄՆ օգնությունը կարելի է բաժանել յոթ փուլի:
Առաջին փուլը 1992-1995թթ. ղարաբաղյան պատերազմի ծանր տարիներն էին, երբ օգնությունը մարդասիրական բնույթ էր կրում: 1992թ. օգոստոսին ԱՄՆ կոնգրեսի և Սենատի համատեղ ընդունված «Ազատության աջակցության ակտով» նախատեսվում էր նորանկախ պետություններին օգնության տրամադրում ազատ շուկայի և ժողովրդավարության աջակցման համար: Նույն թվականին ամերիկահայ լոբբիզմի ջանքերով ընդունվեց 907 բանաձևը, որով արգելվում էր օգնության տրամադրումն Ադրբեջանի կողմից ՀՀ շրջափակման և ռազմական գործողությունների պատճառով: Ադրբեջանն ԱՄՆ կառավարության աջակցությունից զրկված հետխորհրդային միակ պետությունն էր: 2001թ. սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո 907 բանաձևն առկախվեց:
Երկրորդ փուլը տևեց 1996-1998թթ., երբ ԱՄՆ-ը նվազեցրեց մարդասիրական օգնության ծավալները և նախաձեռնեց զարգացման ծրագրեր: Այս փուլում սկսվեցին ժողովրդավարական աջակցության ծրագրերը: 1996թ. ֆինանսական տարվա ընթացքում (1996թ. ֆինանսական տարին սկսվում էր 1995թ. հոկտեմբերի 1-ից և ավարտվում 1996թ. սեպտեմբերի 30-ին) ԱՄՆ-ը ՀՀ-ին տրամադրել է 150 մլն դոլարի օգնություն, որի մոտ 75 տոկոսը մարդասիրական, իսկ 25 տոկոսը զարգացման և տեխնիկական օգնություն էր[5]:
Զարգացման և տեխնիկական օգնության հիմնական ծրագրերից 4 մլն դոլար հատկացվել էր ժողովրդավարական ծրագրերին՝ օրենսդրական, դատաիրավական բարեփոխումներ, քաղաքացիական հասարակություն, ԶԼՄ-ներ, կուսակցություններ, ընտրություններ, 2 մլն դոլար՝ փոխանակման, կրթական և վերապատրաստման ծրագրերին:
1997թ. ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանին տրամադրվող օգնությունը կազմել է 150 միլիոն դոլար: 1997թ. օգնության ծրագրերը հիմնականում վերաբերում են ֆինանսական և բանկային բարեփոխումներին, ժողովրդավարությանը, էներգետիկային, մասնավոր հատվածի զարգացմանը և մարդասիրական օգնությանը: Մարդասիրական օգնության վրա դրված շեշտը տեղափոխվել է զարգացման և ներդրումային ծրագրերի վրա: 1997թ. օգնության 65 տոկոսը տրամադրվել է որպես մարդասիրական, իսկ 35 տոկոսն արդեն որպես զարգացման օգնություն և աջակցություն մասնավոր հատվածին:
1998թ. առաջին անգամ զարգացման ծրագրերի համար հատկացված գումարը գերազանցեց մարդասիրական օգնության համար նախատեսված գումարը[6]:
Երրորդ փուլը սկսվեց 1999թ. և ավարտվեց 2001թ.: Հիմնական ուղղությունը մասնավոր հատվածի զարգացման, ներդրումների, աշխատատեղերի ստեղծման ծրագրերն էին: Չորրորդ փուլը սկսվեց 2001թ., երբ ԱՄՆ-ը Հայաստանում սկսեց իրականացնել ժողովրդավարության բազմակողմ աջակցության ծրագրեր: 2001թ. ֆինանսական տարում ԱՄՆ-ի` Հայաստանի օգնության ընդհանուր ծավալը կազմել է 110 մլն դոլար: 2001թ. ՀՀ-ին հատկացվել է 11 մլն դոլար՝ ժողովրդավարության և կառավարման ծրագրերին: 13,7 մլն դոլար հատկացվել է հայ-ամերիկյան փոխանակման ծրագրերին, ՀՀ ուսումնական հաստատությունների հնարավորությունների ընդլայնմանը: 2001թ.-ից ՀՀ-ին ԱՄՆ աջակցությունը ներառել է պաշտպանության, անվտանգության համակարգի բարեփոխումները, աղքատության, կոռուպցիայի հաղթահարման, թրաֆիքինգի կանխարգելման ծրագրերը[7]:
1991-2001թթ. ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանին է տրամադրել 1,4 մլրդ դոլարի մարդասիրական և տեխնիկական օժանդակություն:
2003 թ. ավարտվեց չորրորդ փուլը, և սկսվեց հինգերորդ փուլը: Հինգերորդ փուլը տևեց 2003-2007թթ., երբ Հայաստանում կայացան համապետական երեք ընտրություններ, որոնց ընթացքում Հայաստանին տրամադրվող օգնության մեջ կարևոր տեղ են գրավում ժողովրդավարության աջակցման ծրագրերը: 2005 ֆինանսական տարում ԱՄՆ կառավարության հատկացրած 84,4 մլն դոլարից ժողովրդավարական ծրագրերին հատկացվել է 11.4 մլն դոլար, որը ներառում է քաղաքացիական հասարակության, անկախ մամուլի կայացման, օրենքի իշխանության մեծացման, պետական և ՏԻՄ համակարգերի բարելավման, իրավունքների մասին քաղաքացիներին ուսուցման ծրագրերի ֆինանսավորումը: 1993-2000թթ.-ից ի վեր ԱՄՆ-ը ֆինանսավորել է 4.500 ՀՀ քաղաքացիների ուղևորությունը կառավարման, ժողովրդավարության ամրապնդման, ՀԿ-ների զարգացման ծրագրերով:
2005թ. 18 մլն դոլար է հատկացվել մասնավոր հատվածի զարգացմանը՝ գործունեության համար բարենպաստ օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի ստեղծման նպատակով, ցուցաբերվել է ուղղակի օգնություն տնտեսվարողներին. 18 միլիոնից 6 մլն դոլարը տրվել է սեփականաշնորհման, ֆինանսահարկային և մաքսային համակարգերի, բանկերի հսկողության և կապիտալի շուկաների զարգացմանը[8]:
Հայաստանը բնակչության մեկ շնչի հաշվով աշխարհում ԱՄՆ օգնության մասով 2-րդ տեղում է Իսրայելից հետո:
Վեցերորդ փուլը սկսվեց 2006թ. և տևեց մինչև 2009թ.: Յոթերորդ փուլը տևեց 2009-2016թթ., որն առանձնանում էր ԱՄՆ օգնության աստիճանական նվազմամբ: 2006թ. հունիսի 9-ին Հայաստանին հատկացվել է 62 մլն դոլար, իսկ Ղարաբաղին` 5 միլիոն դոլար:
2006թ. մարտի 26-ին Վաշինգտոնում ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանի հետ ստորագրեց 235.65 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հնգամյա համաձայնագիր, որը ստորագրեցին կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Վարդան Խաչատրյանը: Արարողությանը ներկա էին կորպորացիայի նախագահ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը և ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ծրագիրը նպատակաուղղված էր նպաստել ՀՀ՝ 35 տոկոս կազմող գյուղական բնակչության աղքատության հաղթահարմանը և գյուղական ճանապարհների շինարարությանը: Իր ելույթում Դանիլովիչն ասաց. «Հայաստանն արժեքավոր գործընկեր է մեզ համար: Հուսով ենք, որ մեր ջանքերը կնպաստեն բոլոր հայերի համար ավելի լավ կյանքի ստեղծմանը»[9]: Նա նշեց, որ ֆինանսական հատկացումների տրամադրումը պայմանավորված է տնտեսական ազատության սկզբունքների պաշտպանությամբ. վերահսկվելու է ՀՀ քաղաքականության արդյունավետությունը: Ըստ Համաձայնագրի՝ «Հայաստանը բավարարում է 2005թ. դրամաշնորհ ստանալու «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի պայմաններին» և «նշանակալից առաջադիմություն է արձանագրել քաղաքական և տնտեսական բարեփոխումների գործում»:
Սակայն 2008թ. փետրվարին կայացած ՀՀ նախագահի ընտրություններից և մարտի 1-ի ողբերգական իրողություններից հետո «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի գործունեությունը սառեցվեց ՀՀ կողմից ժողովրդավարության չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: ՀՀ-ի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը նկատելի փոփոխություններ կրեց: Վաշինգտոնի դիրքորոշման կարծրացումը երևում է Դանիլովիչի` 2008թ. մարտի 11-ին ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանին հասցեագրված նամակից, որին կից ի մի են բերված «արդար կառավարման» այն 4 ցուցիչները, որոնցով «Հայաստանի քաղաքական ղեկավարումն անկում է ապրում»[10]:
Ժողովրդավարական ազատություններն ապահովելու` ԱՄՆ պահանջները Հայաստանում չիրականացվեցին, ինչի հետևանքով 2009թ. «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան որոշում ընդունեց չշարունակել ծրագրի ֆինանսավորումը՝ մինչև օրս հատկացնելով նախատեսված գումարի միայն 27 տոկոսը, որը կազմում է 63,096,452.00 դոլար:
2007թ. ԱՄՆ ուղղակի աջակցությունը Հայաստանին կազմել է շուրջ 70 մլն դոլար, որը 6 միլիոնով պակաս է նախորդ տարվանից: 2008թ. Հայաստանին հատկացվել է 58,5 մլն դոլար, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ 6 մլն դոլար: 2008թ. ֆինանսական տարվա համար Հայաստանին հատկացվող օգնությունը կազմել է 50.5 մլն դոլար, Ղարաբաղինը՝ 5 մլն: 2009թ. ֆինանսական տարվա համար ԱՄՆ Կոնգրեսը Հայաստանին հատկացրեց 48 մլն ԱՄՆ դոլար, ռազմական համագործակցության համար` 3 մլն 450 հազար ԱՄՆ դոլար, իսկ Լեռնային Ղարաբաղին` 8 մլն ԱՄՆ դոլար: 2010թ. ֆինանսական տարվա համար ԱՄՆ-ը ՀՀ-ին հատկացրել է 41 մլն, իսկ Արցախին` 2 մլն դոլար: 2011թ. ՀՀ-ին հատկացված օժանդակության ծավալը կազմել է 44,7 մլն ԱՄՆ դոլար, 2012թ. ֆինանսական տարվա համար՝ 44.2 մլն դոլար, 2013թ. ֆինանսական տարվա համար՝ 36.6 մլն դոլար, 2014թ.՝ 24 մլն 719 հազար ԱՄՆ դոլար, 2015թ.՝ 20 մլն 700 հազար դոլար, 2016 ֆինանսական տարվա համար ՀՀ-ին ԱՄՆ օգնությունը կազմել է 18 մլն 360 հազար դոլար[11]:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է կրճատումներ անել 2018թ. ֆինանսական տարում: Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կրճատվելու է 77.3 տոկոսով: Նախատեսված 17.633 միլիոն դոլարի օգնության փոխարեն Հայաստանը կֆինանսավորվի 4 միլիոն դոլարով:
Տարածաշրջանում առաջինը նախաձեռնելով ժողովրդավարական հաստատությունների ձևավորումը՝ Հայաստանը չհասավ ժողովրդավարության ափին, այլ միայն տոտալիտար համակարգից անցում կատարեց ավտորիտարիզմի: Հայաստանի անցումային ժողովրդավարության առանձնահատկությունն այն է, որ այդ հաստատությունների ձևավորումն ընթանում էր ղարաբաղյան պատերազմին զուգահեռ: Հանգամանք, որն էապես մեծացնում էր ռազմական հաստատությունների ազդեցությունը քաղաքական գործընթացների և որոշումների ընդունման վրա: Այն մեծ դեր ունեցավ 1995թ. ԱԺ ընտրությունների և Սահմանադրության հանրաքվեի վրա, որոնք ուղեկցվեցին բռնարարքներով, քվեների կեղծմամբ՝ Հայաստանում սկիզբ դնելով ազատ ընտրական համակարգի խեղաթյուրմանը: Նույն իրավիճակում են կայացել նաև ԱԺ բոլոր ընտրությունները, երբ իշխանությունը կամ իշխանական դաշինքները խորհրդարանում մեծամասնություն են կազմել: 1995թ.-ից ի վեր բոլոր ընտրությունների արդյունքները վիճահարույց են եղել: 1996, 2003, 2008, 2013թթ. ՀՀ նախագահի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուներից և ոչ մեկը, ըստ ԿԸՀ-ի, չի դարձել ՀՀ նախագահ: Իշխանության թեկնածուները բռնազավթել են իշխանությունը: Հինգ համապետական հանրաքվեներից երեքի՝ 1995, 2005, 2016թթ.՝ Սահմանադրության հանրաքվեների արդյունքները կոպտորեն կեղծվել են: 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններով ազատ ընտրական համակարգը փլուզվեց, երբ պետական համակարգն ամբողջովին ներգրավվեց ընտրակեղծարարության մեջ: Ընտրություններով իշխանություններ ձևավորելու անհնարինությունը, ազատ ընտրական համակարգի չկայացվածությունը պատճառ դարձան ժողովրդավարական մյուս հաստատությունների չկայացման կամ թերարժեք կայացման և անարդյունավետ գործունեության համար: Հայաստանը չբռնեց ժողովրդավարության քննությունը:
Հայաստանի ժողովրդավարության կայացման խոչընդոտներն են՝
- ազատ ընտրական համակարգի չկայացվածությունը կամ կազմաքանդումը,
- ոչ լեգիտիմ իշխանությունների ձևավորումը և դրանց վերարտադրությունը,
- իշխանությունների տարանջատման սկզբունքի բացակայությունը,
- անարդար և կախյալ դատական համակարգը, սահմանադրական արդարադատության իսպառ բացակայությունը,
- օրենքի գերակայության բացակայությունը, օրենքի առջև քաղաքացիների անհավասարությունը,
- հեռարձակվող ԶԼՄ-ների վերահսկումն իշխանությունների կողմից,
- ժողովրդավարական արժեքների, Արևմուտքի դեմ պաշտոնապես խրախուսվող հակաքարոզչությունն ու ծաղրը,
- Արևմուտքի անհետևողական և հայեցողական պահվածքը Հայաստանում ժողովրդավարական ազատությունների ոտնձգությունների հանդեպ,
- կուսակցությունների չկայացվածությունը, հանրային ցածր վստահությունը դրանց հանդեպ, այժմ արդեն՝ փաստացի միակուսակցական համակարգի առկայությունը:
- համակարգային կոռուպցիան. ըստ Transparency international-ի տարեկան զեկույցների՝ մի քանի տարի անընդմեջ Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը փոփոխությունների գրեթե չի ենթարկվում, ինչը նշանակում է, որ կոռուպցիան Հայաստանում արմատակալած է, կայուն, անփոփոխ ու աննահանջ:
- սոցիալական բևեռվածությունը և աղքատությունը: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ աղքատության մակարդակը Հայաստանում 2015թ. կազմել է 29.8 տոկոս, 2014թ.՝ 30: Պաշտոնական տվյալներով՝ շուրջ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում աղքատ է 1 մլն մարդ[1]:
- ազատական տնտեսության չկայացվածությունը և մենաշնորհների առկայությունը,
- դեպի Մոսկվա ուղղված ՀՀ արտաքին քաղաքական ուղեգիծը:
Որպես հետևանք՝
– ամրանում է ավտորիտար կառավարումը,
– էապես նվազում են իշխանափոխության, իշխանությունների վերահսկման, քաղաքական որոշումների վրա ազդելու՝ հանրության հնարավորությունները,
– սահմանափակվում են մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները,
– թուլանում են ՀՀ դիրքերը միջազգային հարաբերություններում,
– թուլանում է ՀՀ ինքնիշխանությունը, մեծանում է ՀՀ կախվածությունը ՌԴ-ից. երկիր, որը հանդես է գալիս որպես կոռումպացված վարչակարգերի աջակից:
Ամերիկյան օգնության ծրագրերի մոտ 70 տոկոսը Հայաստանում տապալվեց, որի պատճառներից մեկն այդ օգնության ծրագրերի մեծամասամբ սխալ հասցեականությունն էր: Ամերիկյան ֆինանսավորումը հաճախ ուղղվում էր անհասկանալի խնդիրներով ու նպատակներով արհեստածին կառույցներ՝ հեղինակազրկելով նաև հանրային կառույցների համարումը: Չունենալով ծախսերի վերահսկման արդյունավետ հասարակական և իրավական մեխանիզմներ՝ այդ օգնությունը նպաստեց ՀՀ պետական համակարգի կոռումպացվածությանը՝ այն դեպքում, երբ ԱՄՆ օգնության բոլոր ծրագրերը ներառում են նաև հակակոռուպցիոն բաղադրիչներ: Ամերիկյան օգնությունը մսխվել էր: Առաջացել էր պարադոքս. ժողովրդավարության ամերիկյան հսկայածավալ օգնությանը զուգահեռ Հայաստանում ամերիկյան գործոնն աստիճանական անկում էր ապրում՝ նվազեցնելով թե՛ ԱՄՆ դերը, թե՛ արևմտյան ժողովրդավարության նշանակությունը Հայաստանում: Ժողովրդավարության տապալումը սկիզբ դրեց Հայաստանի միջազգային աստիճանական մեկուսացմանը:
Ամերիկյան ֆինանսավորումը հայկական ժողովրդավարության վրա ապարդյուն անցավ: Ժողովրդավարական Հայաստանի կայացումը ՀՀ իշխանությունների համար իսկական մղձավանջ էր, իսկ ՀՀ քաղաքացիների մեծ մասի համար այն այդպես էլ մնաց անկատար երազանք:
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
[1] Տե՛ս ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքը, https://www.armstat.am/am/
[1] Տե՛ս Zbiniew Brzezinski, The new challenges of Human Rights, Journal of Democracy, 8.2, 1997, p. 6
[2] Տե՛ս Լևոն Տեր-Պետրոսյան, «Ընտրանի», Երևան, 2006 թ., էջ 63
[3] Տե՛ս Киссинджер Г, Дипломатия, М. 1994, стр. 11
[4] Տե՛ս «Հայք», 5 փետրվարի, 1992թ.
[5] Տե՛ս «Միացյալ Նահանգների օգնությունը Հայաստանին», Եր., 1997թ.
[6] Տե՛ս «Ազգ», 13 փետրվարի, 1997թ.
[7] Տե՛ս Partners for the future. US Assistance in Armenia, 2001
[8] Տե՛ս Partners for the future. US Assistance in Armenia, 2005 – 2006
[9] Տե՛ս Millennium Challenge Corporation (MCC) https://www.mcc.gov/where-we-work/country/armenia
[10] Տե՛ս «Ամբիոն», 30 հունիսի, 2006թ.
[11] Տե՛ս ԱԳՆ տարեկան հաշվետվություն, https://mfa.am/hy/annualreport/