ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանի համաձայն «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով նախաձեռնվել է Գոշ լճի ափամերձ տարածքներում կուտակված տիղմից մաքրման և բարեկարգման աշխատանքներ: «Վենդոռ» ՍՊԸ-ի և «Էս Գրուպ» ՍՊԸ-ի միջև ձևավորվել է իրավապայմանագրային համապատասխան դաշտ, ինչի արդյունքում «Էս Գրուպ» ՍՊԸ-ն «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնագետների խորհրդատվական աջակցությամբ և «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով կիրականացնի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները:
ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում հնարավոր չէր եղել իրականացնել` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով /գրեթե ամեն օր ազգային պարկի տարածքում տեղացել են հորդառատ անձրևներ, ինչն անհնար է դարձնում տիղմի տեղափոխման աշխատանքները/:
«Դիլիջան» ազգային պարկը և տիղմի տեղափոխման աշխատանքներն ստանձնած ընկերությունը պարտավորվել են անձրևները դադարելուց անմիջապես հետո աշխատանքներն ավարտել 5 օրվա ընթացքում:
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու համար, ինչի հետևանքով Գոշ լճի տարածքում արձանագրվել էին առանց թույլտվության մաքրման աշխատանքներ իրականացնելու դեպքեր, հետևանքները ժամանակին չվերացնելու փաստեր, տեղամասի պատասխանատուն և «Դիլիջան» ազգային պարկի պահպանության գծով փոխտնօրենը կարգապահական տույժի են ենթարկվել: Հայտնում ենք նաև, որ վերջին շաբաթվա ընթացքում սեփական դիմումների համաձայն զբաղեցրած պաշտոններից ազատվել են ազգային պարկի տնօրենի երկու տեղակալը և Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետը
ՀՀ բնապահպանության նախարարություն