Ռուսասատանը ծրագրում է նոր սպառազինություն մատակարարել ՀԱՊԿ իր գործընկերներին, այդ թվում Հայաստանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:
Նրա խոսքով՝ 2017թ. Ռուսաստանը կշարունակի պաշտպանական արդյունաբերության արտադրանք մատակարարել Հայաստանին, Բելառուսին և Ղազախստանին: Խոսքն առաջին հերթին ավիացիոն տեխնիկայի, մասնավորապես ուղղաթիռների, ինչպես նաև հակաօդային պաշտպանական համակարգերի և զրահատանկային տեխնիկայի մասին է:
Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հայտնել է, որ կազմակերպությունն առաջիկա տարիներին կարող է իրականացնել արագ արձագանքման ուժերին անվճար սպառազինություն մատակարարելու ծրագիրը: Նախատեսվում էր, որ այդ ծրագիրը պետք է իրականացվի 2015-2016թթ., սակայն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների և ճգնաժամի պատճառով այն ձգձգվում էր: Ծրագրի իրականացումը կարող է վերականգնվել 2018-2019թթ.:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ