Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում ՀՀ-ում ժողովրդավարութան կայացման մասին փորձագիտական քննարկում էր կազմակերպվել: ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ անկախությունից ի վեր Արեւմուտքի կողմից ահռելի ֆինանսական աջակցություն է տրամադրվել ՀՀ-ին, բայց կառավարությունը հաճախ դա այնպես է ներկայացրել, իբր ողջ բեռը եղել է բյուջեի ու իրենց վրա: Հանրությունը պատշաճ չի իրազեկվել այդ ծրագրերի, աջակցության մասին, մինչդեռ այդ ծրագրերը Երեւանում եւ մարզերում բավականին լուրջ սոցիալական խնդիրներ են լուծել:
ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը «Հայկական ժողովրդավարության ամերիկյան ֆինանսավորումը» թեմայով զեկույց էր պատրաստել: Ըստ զեկույցի, 1991-2001-ին ԱՄՆ-ն Հայաստանին օգնություն է տրամադրել 1,4 մլրդ դոլարի: Այդ գումարը նախատեսված էր ժողովրդավարության ծրագրերի, տնտեսական եւ հասարակական բարեփոխումների, անվտանգության եւ օրենսդրական զարգացման, անկախ մամուլի կայացման եւ այլ ծրագրերի իրականացման համար: 1993-2000 թթ ի վեր ԱՄՆ-ն ֆինանսավորել է 4500 ՀՀ քաղաքացիների ուղեւորությունը կառավարման, ժողովրդավարության ամրապնդման, ՀԿ-ների զարգացման ծրագրերով:
Նարինե Մկրտչյանը ըստ տարեթվերի ներկայացրեց, թե ամեն տարի քանի մլն դոլարի աջակցություն է տրամադրել ԱՄՆ-ն Հայաստանին եւ որ ոլորտների համար:
2009-2016-ին աստիճանաբար նվազել են հատկացումները: 2007-ին ԱՄՆ ուղղակի աջակցությունը ՀՀ-ին կազմել է 70 մլն դոլար, որը 6 մլնով պակաս էր նախորդ տարվանից, 2008-ին՝ 50,5 մլն, ԼՂ-ին՝ 5 մլն, 2010-ին ՀՀ-ին հաստըկացվել է 41 մլն,Ղարաբաղին՝ 2 մլն, իսկ արդեն 2016-ին ԱՄՆ օգնությունը ՀՀ-ին կազմել է 18 մլն 360 հազար դոլար. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է կրճատումներ անել 2018-ի ֆինանսական տարում եւ ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական օգնությունը կրճատվելու է 77,3 տոկոսով: Նախատեսված 17 մլն 633 հազար դոլարի փոխարեն Հայաստանը կֆինանսավորվի 4 մլն դոլարով: 100 տոկոսով կրճատվելու է նաեւ Ադրբեջանին եւ Բելառուսին տրամադրվող օգնությունը, Վրաստանինը՝ 41 տոկոսով»:
Նարինե Մկրտչյանը զեկույցում ընդգծել էր, թե ինչպես Մարտի 1-ի դեպքերից հետո «Հազարամյակի ծրագիրը» սառեցվեց՝ Հայաստանի կողմից ժողովրդավարության չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: Հայաստանը քաղաքական իրավունքները ոտնահարել է, քաղաքացիական ազատության ցուցիչը անկում է ապրել, Երեւանը անբավարար է ստացել մի շարք պատճառներով՝ ԶԼՄ իրավունքների խաթարման, լրագրողների հանդեպ թշնամանքի եւ բռնարարքների համար, հանրահավաքներում ոստիկանական ուժի գործողությունների եւ այլնի համար: Նարինե Մկրտչյանը մեջբերեց Freedom house-ի գնահատականը:
Իր զեկույցը ներկայացնելիս Նարինե Մկրտչյանը դիտարկում արեց, որ տարածաշրջանում առաջինը նախաձեռնելով ժողովրդավարական հաստատությունների ձեւավորումը՝ Հայաստանը չհասավ ժողովրդավարության ափին՝ տոտալիտար համակարգից անցում կատարելով ավտորիտարիզմի. «95-ի ԱԺ ընտրությունները պետք է դառնային ազատ, արդար ընտրական համակարգի ստուգատես, սակայն Սահմանադրության հանրաքվեն եւ ընտրությունները ուղեկցվեցին բռնարարքներով, քվեների կեղծմամբ՝ սկիզբ դնելով ազատ ընտրական համակարգի խեղաթյուրմանը: Նույն իրավիճակում են անցկացվել նաեւ 1999, 2003, 2007, 2012 թվականների ընտրությունները, երբ իշխանական դաշինքները մեծամասնություն են կազմել ԱԺ-ում: 95-ից ի վեր բոլոր ընտրությունների արդյունքները վիճահարույց են եղել»:
Նարինե Մկրտչյանը նշեց, իշխանության թեկնածուները բռնազավթել են իշխանությունը, սահմանադրական հանրաքվեների արդյունքները կոպտորեն կեղծվել են. «Այս ամենի վկայությունն են միջազգային եւ տեղական դիտորդների զեկույցները, ԶԼՄ-ների հրապարակումները, հասարակության արձագանքը»:
Ինչ վերաբերում է 2017-ի ԱԺ ընտրություններին, դրանով, ըստ զեկուցողի, ազատ ընտրական համակարգը փլուզվեց եւ պետական համակարգն ամբողջովին ներգրավեց ընտրակեղծարարության մեջ: Հայաստանը չբռնեց ժողովրդավարության քննությունը: Զեկույցն ամփոփելով՝ Նարինե Մկրտչյանն ասաց, որ ՀՀ ժողովրդավարության կայացման խոչընդոտներն են ազատ ընտրական համակարգի չկայացվածությունը, ոչ լեգիտիմ իշխանությունների ձեւավորումը, իշխանությունների տարանջատման սկզբունքի բացակայությունը, անարդար եւ կախյալ դատական համակարգը, սահմանադրական արդարադատության իսպառ բացակայությունը, օրենքի գերակայության բացակայությունը, հեռարձակող ԶԼՄ-ների վերահսկումն իշխանությունների կողմից, ժողովրդավարական արժեքների, Արեւմուտքի դեմ խրախուսվող հակաքարոզչությունն ու ծաղրը եւ այլն: Գլխավոր պատճառներից մեկն էլ համակարգային կոռուպցիան է, Թրանսփարենսի ինթերնեյշընըլի 2015-ի տվյալներով Հայաստանը 168 երկրների շարքում կոռումպացվածության մակարդակով 95-րդն է, Հայաստանին հաջորդում են Մալին եւ Մեքսիկան: Կոռուպցիայի ցուցանիշը տարիներ շարունակ ՀՀ-ում չի փոխվում, ինչը, ըստ բանախոսի, նշանակում է, որ կոռուպցիան ՀՀ-ում արմատակալած է եւ աննահանջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ