Բերդի տարածաշրջանի համայնքապետերից մեկից, այդ համայնքում ծրագրեր իրականացնելու խոստումով, 200 հազար դոլար վերցնելու վերաբերյալ մեր հրապարակմանը «Ֆեյսբուքում» արձագանքել, մեկնաբանել է տղամարդու անունով մի օգտատեր, որը կեղծ պրոֆիլ է, նա հավանաբար այդ կինն է: Նա գրել է, որ Բերդի տարածաշրջանի այդ համայնքի մանկապարտեզը վերջերս տվյալ գյուղապետի կողմից վերանորոգվել է ու հավելել. «Եթե գյուղապետը կարող էր 200 հազար դոլար տալ մի կնոջ, որ վերջինս իրականացնի ծրագիր, ինքը կկատարեր ասֆալտապատումն ու վերանորոգումները»: Նա գրել է, որ կնոջ կողմից նախկինում խարդախություններ չեն կատարվել, խարդախությունը չի ապացուցվել, դրանք «որոշ մարդկանց ձեռքի սեւ գործն են, գործն անգամ դատարան չի հասել» : Նա մեզ հորդորել է. «Խնդրում ենք պարզել, թե ուր են գնացել պարոն գյուղապետի հազարավոր դոլարները, գուցե գյուղապետը ցանկացել է դառնալ ԱԺ պատգամավոր»:
Բերդի տարածաշրջանից նշված գյուղապետը ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է ընդդիմադիր կուսակցություններից մեկի կողմից թիվ 13 ընտրատարածքում առաջադրված տարածքային թեկնածու, ստացել է 68 ձայն: Ինչ վերաբերում է այդ կնոջն առնչվող, 2012-2013 թվականերին վերաբերող 5 միլիոն դրամի գործին, նշենք, որ այդ քրեական գործը փակվել է: Տվյալ գործից տուժած իջեւանցի կինը 36-ամյա կնոջ դեմ քաղաքացիական հայցով, գումարի բռնագանձման պահանջով դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, հունիսի 5-ին նշված գործով նիստ է նշանակված:
Իջեւանցի կնոջ կողմից գյուղապետից 200 հազար դոլար վերցնելու գործով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ներկայումս նյութեր են նախապատրաստվում, քննություն է կատարվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ