Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ «մարտական» անօդաչուներ նկատի ունի Ադրբեջանը

Մայիս 22,2017 17:30

Հայկական կողմից նախօրեին իրականացված գործողությունները ադրբեջանական սադրանքին համարե՞լ պատասխան գործողություններ, ինչի մասին զգուշացրել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, թե՞ դրանք դեռ կունենան շարունակություն:

«Առավոտը» razm.info կայքի համահիմնադիր Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց՝ պատասխան ռազմական գործողությունները հայկական կողմից կունենա՞ն շարունակություն, ի՞նչ զարգացումների մասին է հուշում իրավիճակը, պարոն Վրթանեսյանը պատասխանեց. «Ով դա որոշում է, դրա մասին հանրայնորեն բացահայտ չի հայտարարում: Այդ մասին կիմացվի, երբ արդեն կատարված փաստ կլինեն այդ գործողությունները: Ուստի հիմա չեմ կարող քննարկել, թե ով ինչ պլաններ ունի: Ուղղակի չգիտեմ՝ ադրբեջանական կողմն ինչ գործողությունների կգնա, հայկական կողմի ռազմական ղեկավարությունն ինչ է պլանավորել, ըստ այդմ՝ ինչ էլ ասեմ, կլինի սպեկուլյացիա»:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ հակառակորդը դիմել էր հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել էր մեկ ռազմական տեխնիկա: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու: Ուստի մայիսի 17-ին ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ծավալի կորուստների մասին է խոսքը, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Ադրբեջանական կողմից այս պահի դրությամբ որեւէ հաստատում չունենք, ինչը զարմանալի չէ, քանի որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս խուսափել իր կորուստները հրապարակելուց: Մեր փորձը ցույց է տալիս, որ որոշ կորուստների մասին գուցե տարիներ անց ենք տեղեկություններ ունենում կամ ընդհանրապես չենք ունենում տվյալներ: Այսինքն՝ Ադրբեջանի ռազմական ղեկավարության գործողությունները բացարձակ չեն զարմացնում. փորձելու են կորուստները հնարավորինս թաքցնել կամ նվազեցնել»:

Պարոն Վրթանեսյանի տեղեկություններով՝ մայիսի 15-ին կիրառված կառավարվող հրթիռը Իսրայելից էր: Մեր հիշեցմանը, թե պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այս հրթիռի հարվածից հետո մասնակի վնասվել է հայկական կողմի մեկ ռազմական տեխնիկա, եւ հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի, ի՞նչ տեխնիկայի մասին է խոսքը, պարոն Վրթանեսյանը պատասխանեց, թե այդ մասին տեղեկություններ ունի փակ աղբյուրներից եւ չի կարող վստահորեն պնդել, որ իր տեղեկությունները լիովին հավաստի են:

Վերջին օրերին սահմանային զարգացումների վերաբերյալ հրապարակումներից թերեւս ուշագրավ է Ադրբեջանի ՊՆ կայքում տեղ գտած հաղորդագրությունը, որում մասնավորապես նշված է. «Մայիսի 16-ի երեկոյից սկսած հայկական ուժերը ինտենսիվ կրակ են վարել Ակնայի (Աղդամ) ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի բանակի դիրքերի ուղղությամբ եւ կիրառել են նաեւ «մարտական» անօդաչու թռչող սարքեր»: Մինչդեռ նման անօդաչուների կիրառման մասին հայկական կողմից որեւէ պաշտոնական հաղորդագրություն չկա: Սա պարոն Վրթանեսյանը զարմանալի չհամարեց՝ նշելով, որ դա կարող է լինել որոշ անակնկալներ հակառակորդի համար ստեղծելու նպատակով, ու մեկնաբանեց. «Իրականում ձեւակերպումն է բավականին անհասկանալի, քանի որ ըստ էության՝ մարտի դաշտում կիրառված ցանկացած անօդաչու էլ կարելի է մարտական համարել, կարելի է ենթադրել, որ խոսքը հարվածային անօդաչուի մասին է կամ ինքնասպան՝ կամիկաձեների, որոնք թիրախի հետ միասին պայթում են: Գուցե նման մի բանի մասին է խոսքը: Հայկական կողմի ներկայացուցիչները պաշտոնապես ոչ հաստատել, ոչ հերքել են այդ ինֆորմացիան: Հայտնի է, որ հայկական կողմն աշխատում է նմանատիպ անօդաչուների արտադրության ուղղությամբ, եւ բնական է, որ հայկական կողմը կարող է փորձարկել ինչ-որ տեխնիկա մարտական պայմաններում: Եթե ադրբեջանական կողմից տված տեղեկությունը ճիշտ է, ապա ես սա հասկանում եմ որպես նման անօդաչու սարքերի փորձարկում»:

Փաստեցինք, որ հայկական կողմից 2017 թ. ապրիլին մարտական գործողությունների ժամանակ զոհերի թիվն ավելի քիչ էր, քան ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհերինը՝ համապատասխանաբար 2 եւ 3: Սա մտահոգի՞չ չէ: Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ վիճակագրության տեսանկյունից այդ թվերը փոքր են, եւ եզրակացություն անել հնարավոր չէ:

Մեր այն հիշեցմանը, թե մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի տված կորուստները մեկն են, իսկ մերը՝ երկուսը, արդյոք դա ե՞ւս մտահոգիչ չէ, պարոն Վրթանեսյանն արձագանքեց. «Եկեք շեշտենք, որ խոսքը հայտնի լինելու մասին է: Այսինքն՝ Ադրբեջանի դեպքում կարող է, ենթադրենք, 20 կորուստ են ունեցել, բայց մեզ հայտնի է դարձել միայն մեկը, ինչում Ադրբեջանի դեպքում բազմիցս համոզվել ենք: Նրանք իրենց թե՛ մարտական, թե՛ ոչ մարտական կորուստները շատ հաճախ են թաքցնում, եւ բավականին դժվար է դրանք բացահայտելը»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

20.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031