Ֆիրդուսի փողոցի 12 հասցեի հետ կապված Կենտրոնի քննչականում կա քրեական գործ, որի նախաքննությունը դեռ չի ավարտվել: Նշյալ հասցեի բակում յոթ բնակելի տներ են, կից օժանդակ շինություններ:
Բնակիչներից Լաուրա Առաքելյանին մենք հանդիպել էինք օրեր առաջ, որն էլ ասել էր, թե ԴԱՀԿ-ն իրեն տեղեկացրել է մայիսի 12-ին շինությունից հնարավոր վտարման մասին: ԴԱՀԿ կատարողական գործողությունները, սակայն, վերաբերում էին Լեւիկ Հովհաննիսյանի՝ 12/7 հասցեի սեփականատիրոջ դեմ: Նա թույլ չէր տվել, որպեսզի ԴԱՀԿ-ն չափագրումներ իրականացնի իր տան մուտքով մուտք գործելով: ԴԱՀԿ-ն որոշել էր կատարողական գործողություններ իրականացնել Լաուրա Առաքելյանի ընտանիքին պատկանող սեփական տանը կից «շվաքարանի» տակ գտնվող, օժանդակ շինությունների երկու մուտքերի նկատմամբ: Այդ օժանդակ շինությունները օգտագործվում էին որպես խորդանոց, այնտեղ էին գտնվում լուսանկարում պատկերված իրերը, որոնք արձանագրվել էին՝ չեն օգտագործվում: Մինչդեռ, ըստ տիկնոջ, դրանք նոր ապրանքներ են, պիտանի իրեր:
Շինությունը կառուցվել էր տասնյոթ տարի առաջ՝ տիկին Լաուրայի միջոցներով:
ԴԱՀԿ-ն կատարողական վարույթի համաձայն պետք է ոչ թե վտարում իրականացներ, այլ չափագրում, սակայն տիկին Լաուրան «Առավոտին» ասաց, թե նրանք չափագրող չէին բերել: Տիկինը հեռագիր էր ուղարկել այս գործով Կենտրոնի քննչականում նախաքննություն իրականացնող քննիչին, հայտնելով, թե՝ «ԴԱՀԿ-ն իր հետ բերել էր քաղաքաշինություն ՓԲԸ-ի աշխատակից Յուրա Բուռնազյանին, որն իմ տեղեկություններով՝ մահացել է»:
Տիկինն ու նրա որդին ասում են, թե արդեն հինգ տարի է՝ ԴԱՀԿ-ն չափագրող չունի եւ հորդորել էին դադարեցնել ապօրինի գործողությունները, նրանց ցույց տալով վիճելի տարածքի հետ կապված թե քրեական գործ հարուցելու մասին որոշումը, թե իրավական այլ փաստաթղթեր: Սակայն նրանք ոչինչ լսել չեն փորձել: Այնուհանդերձ, արտաքին չափագրում իրականացվել է: Տիկնոջ թեւին առկա էր քաշքշուկից առաջացած կապտուկ: Նա ընկել էր շոկի մեջ, երբ կոտրել էին իր աչքի առաջ այդ խորդանոցի փականը, եւ տեղադրել նորը, առանց կնքելու:
Իսկ երբ տղան է փորձել նկարել, նրան նույնպես փորձել են սպառնալ:
Ռ. Մ.
«Առավոտ»
20.05.2017