«2015 թվականին ընդունվեց եվրոպական չափանիշներին համապատասխան օրենքը, որտեղ հստակ գրված է, թե որ դեպքում կարող է անձի անձնական տվյալները հավաքագրվել: Այդ օրենքով ստեղծվեց անձնական տվյալների հավաքագրման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին՝ անձնական տվյալների գործակալություն: Այդ գործակալությունը քննում է անձանց կողմից ուղարկված բողոքները, դիմումները, ովքեր համարում են, որ իրենց անձնական տվյալները հավաքագրվել են անօրինական: Գործակալությունն այդ բողոքների հիման վրա վարույթ է հարուցում, այնուհետև տվյալը հավաքագրողից տեղեկություն ստանում և որոշում կայացնում: Վերջերս գործակալության կողմից մի քանի որոշումներ կայացվել դասարաններում տեսանկարահանումների հետ կապված և նշվել են անձի տվյալների պաշտպանության մասով խախտումները»,-սրանք այն աշխատանքներն են, որոնք կատարել է ՀՀ արդարադատության նախարարությունն անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ: Այդ մասին, այսօր Երեւանում մեկնարկած «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեսահսկումը» թեմայով համաժողովում ասաց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը:
Համաժողովի նպատակն է պարզել`որքանո՞վ սպառիչ է աշխատում հավաքագրվող անձնական տվյալների պաշտպանության օրենքը տեսահսկման մասով:
«Մենք այս ոլորտում ունենք խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն օրենքով, և եթե տեսահսկման ինչ-որ տեղեկություն հավաքագրվի հետագայում դրա պաշտպանության հետ կապված հարցերը բարձրացնելիս, խնդիրներ կարող են առաջանալ: Պետք է օրենքով սպառիչ պատասխան տրվի, թե որ դեպքերում անձը կարող է տեսանկարահանվել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ