Լրահոս
Օրվա լրահոսը

Կազատագրվի,՞ ի վերջո, մեր երկիրը աղբի գերությունից

Մայիս 22,2017 15:00

Ականատեսներից մեկի վկայությամբ՝ 1945թ. Բեռլինում, կապիտուլյացիայի ակտը
ստորագրելուց անմիջապես հետո, նկուղներում եւ ապաստարաններում պատսպարված
մարդիկ արդեն մայիսի 12-14-ին դուրս էին եկել փողոց եւ սկսել էին մաքրել քաղաքը:

Մարդիկ շարք էին կանգնել եւ մեկը մյուսին փոխանցելով մաքրում էին շենքերի աղյուսները: Այդ շարքի մեջ ականատեսը նկատել է հենակներով տարեց մի գերմանացի ուսուցչի, որը չնայած իր քաղցած, հյուծված ու տանջահար տեսքին, մեծ դժվարությամբ, բայց բոլորի պես անտրտունջ փոխանցում էր աղյուսները: Տեսնելով այս տեսարանը՝ ականատեսն ասել է՝ «քանի դեռ Գերմանիան ունի այսպիսի մարդիկ, նրան պարտության մատնելն անհնար է, գերմանացի ֆաշիստը կպարտվի, ուսուցիչը՝ ոչ»: Ընդամենը քսան տարի պահանջվեց, որպեսզի հիմնովին փլատակների վերածված Գերմանիան կրկին դառնա Եվրոպայի ֆինանսատնտեսական հսկան: Նա այդպիսին դարձավ, որովհետեւ նույնիսկ այդ դժնդակ օրերին երկիրը թեեւ չուներ կառավարություն, չուներ կանցլեր, չուներ մունիցիպալ ծառայություններ, բայց փոխարենն ուներ այդպիսի քաղաքացի, այդպիսի գերմանացի… Եվ հիմա էլ ունի:

Գերմանիան դարձավ լուրջ երկիր, որովհետեւ սկսեց իր երկիրը մաքրելուց, իր բոլոր արարքների համար պատասխանատվությունը համարձակորեն ստանձնելուց: Համեմատելը սխալ եւ հաճախ էլ անշնորհակալ գործ է, բայց երբեմն հենց դա է օգնում գտնելու պրոբլեմի եզրերը: Հասարակ մարդու վարքը ձողի մի ծայրն է, պետության գործունեությունն ու վարքը՝ մյուս: Մենք անմտորեն տարանջատել ենք այս պարզ իրողությունը եւ պատասխանները փնտրում ենք ամբողջությունից դուրս: Համաձայնեք, դժվար է գտնել մի մարդու, ով ունի բարձր ինքնահարգանք եւ միեւնույն ժամանակ՝ աղտոտում է իր շրջապատը: Դժվար է գտնել մի մարդու, ով չի սիրում ինքն իրեն, բայց սիրում է ուրիշներին եւ իր ապրած միջավայրը: Սերն ու հարգանքը նախ պիտի լինի մեր մեջ, ծնվի մեր էությունից եւ ապա՝ տարածվի շուջբոլորը, որովհետեւ միջավայրը մեր շարունակությունն է, միջավայրը այն տունն է ու տաճարը, որի մեջ բնակվում ենք մենք ու մեր հոգին:

Եթե ատում կամ մերժում ենք ինքներս մեզ, ասացեք՝ ի՞նչ հրաշքով պետք է սիրենք ու հոգատար լինենք մեր ապրած միջավայրի հանդեպ: Տեսեք՝ ինչքա՛ն բացասական էներգիա կա մեր կյանքում: Ասես, հիմնահատակ թաղված ենք այդ ինքնաքննադատ ու ինքնամերժ էներգիայի գերության մեջ ու չենք ուզում ընդունել, որ երբեմն էլ ինքներս ենք ապականության ակունքը: Արեւելյան իմաստուն խոսքը իզուր չի ասում՝ «տանը, որտեղ շատ ծիծաղ, խինդ ու հարգանք կա, այնտեղ երջանկությունն առաջինն է այցելում»: Սա առանձին թեմա է, սա խոսակցություն է մեր օրերի մարդու «հոգեւոր էկոլոգիայի» մասին: Իսկ «հոգեւոր էկոլոգիան» ենթադրում է նախ առողջացնել ակունքը, ապականություն ստեղծողին, այսինքն՝ մարդուն, նրա գիտակցությունը: Մի՞թե զարմանալի չէ, որ մեր տունն ու մեծ տաճարը հանգիստ ապականում ենք, բայց բողոքում ենք պետության անգործությունից: Պետությունն էլ՝ օգտվելով քաղաքացու անգիտակից վարքագծից, պատասխանատվության ու մեղքի իր բաժինը խորամանկորեն դնում է քաղաքացու վրա եւ ազատում օձիքը: Սա արատավոր շրջան է, լի վտանգավոր հետեւանքներով: Նույնիսկ առօրյա կենցաղում այս ամենն այնքա՛ն պարզորոշ երեւում է: Օրինակ, երբ շաղ տված է բնակարանը, իսկ խոհանոցում էլ անլվա ափսեների «մղձավանջ», տանը տիրում է նյարդային մթնոլորտ, բոլորը բղավում են մեկը մյուսի վրա, նեղսրտում ու մեղադրում միմյանց: Բայց բավական է հավաքվի տունը եւ ստեղծվի կոկիկ վիճակ, իսկույն տանը սկսում է թեւածել խաղաղությունը եւ փոխադարձ հարգանքը: Կամ՝ ասենք մարդու անձնական հիգիենան. ի՛նչ անասելի դիսկոմֆորտ է զգում մարդը, այն չհոգալու դեպքում:

Մեզանում մարդն ամբողջ օրը իր շուրջը այս ու այնտեղ աղբի կույտեր է տեսնում: Պարզ չի՞, որ այդ հոգեվիճակն ու պատկերները անխուսափելիորեն դրոշմվելու են նաեւ նրա ենթագիտակցականում: Իսկ շատ բան, ի վերջո, կարգավորվում է մեր ենթագիտակցականից եկող ազդակներով, որոնք պարտադիր ծնում են կոնֆլիկտներ այլոց ու ինքներս մեզ հետ: Հիշենք, թե ինչքան բան փոխվեց Երեւանում վերջին մի քանի տարիներին: Նկատի ունենք քաղաքացիների վարքը փողոցներում: Օրեցօր նվազում է չթույլատրված տեղերով փողոցն անցնողների թիվը, գետնանցումներ լինելու դեպքում այլեւս գրեթե չկան դրանք անտեսողներ: Տարիներ առաջ իմ կանադահայ ընկերներից մեկի հետ Երեւանում շրջելիս, հարցրի՝ երեւի շրջապատը շատ փնթի է, հա՞, մարդիկ էլ՝ անգիտակից: Ասաց՝ գիտակից լինելը կարեւոր է, բայց այստեղ կան այլ խնդիրներ եւս:

Հետո պատմեց, որ Մոնրեալի մունիցիպալ խորհրդարանը 3-4 ամիս շարունակ քննարկում էր մի հարց, թե ի՞նչ հեռավորությամբ քաղաքում պետք է տեղադրվեն աղբամանները: Ինձ սկզբում զարմացրեց այն, թե դա ի՛նչ պարզունակ հարց է, որ դրա վրա այդքան շատ ժամանակ ծախսվի: Բայց հետո նրա պատմածից պարզ դարձավ, որ քննարկմանը մասնակցել են հոգեբաններ, սոցիոլոգներ, մշակութաբաններ, բիզնեսի մարդիկ, վարչարարներ եւ այլն: Չորս ամիս ինտենսիվ վերլուծելով իրավիճակը՝ վերջապես մշակվել են մոտեցումներ, որոնք այնքան ճշգրիտ ու խելամիտ լուծումներ են առաջարկել՝ շրջապատի մաքրությանը նպաստող խնդիրներին: Եվ նա, անխոս, իրավացի էր: Սա խոսում է մտահոգիչ հարցերին լուրջ ու համակողմանի վերաբերվելու մեր կարողության պակասի մասին: Դեռ երեկ քաղաքապետարանի ավագանու ընտրություններն էին: Օրինակ, կարո՞ղ ենք ասել, որ հրապարակ հանվեցին մայրաքաղաքի լրջագույն հարցերը եւ ծավալվեցին պրոֆեսիոնալ քննարկումներ: Ավա՛ղ, չենք կարող: Հերթական անգամ վերացական պոպուլիզմը կուրացրեց բոլորին, առաջին պլան մղվեց ոչ թե ի՞նչ պետք է արվի, այլ ո՞վ պիտի անի հարցը եւ ստվերում մնաց ամենակարեւորը: Նույնիսկ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման կամ արգելման մասին մի գրագետ խոսակցություն չլսեցինք: Անցած շաբաթ բնապահպանության նախարարությունը «Ջրվեժ» արգելապարկում կազմակերպելով աղբահանություն եւ ծառատունկ, ազդարարեց մի լավ ակցիայի մասին, որը կոչվում է «Մաքուր Հայաստան»:

Այս մասշտաբային ձեռնարկն իրականացվելու է բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարությունների համատեղ ջանքերով, որոնց ակտիվորեն աջակցելու են մյուս գերատեսչություններն ու իրավապահ մարմինները: Դպրոցականների խմբի հետ միասին նախարար Արծվիկ Մինասյանը հերթական ծառը տնկելուց հետո ասաց. «Մեր նպատակն է՝ կազմակերպել, խրախուսել եւ քաջալերել շրջապատը մաքրելու ջանքերը, ակտիվացնել եւ ընդլայնել ծառատնկման աշխատանքները, օգնել մարդուն, որպեսզի նա ավելի հաճախ ու սիրով շփվի կենդանական ու բուսական աշխարհի հետ եւ հասկանա, որ ինքը շարունակությունն է այս գեղեցկության: Մենք չենք հասնի այս նպատակներին, քանի դեռ օրենքի մամլիչի տակ չենք դրել շրջակա միջավայրն աղտոտողներին եւ բնությանը ցավ պատճառողներին: Անչափ կարեւորում ենք նաեւ էկոկրթությունն ու դաստիարակությունը մեր հասարակության մեջ ավելի բարձր հիմքերի վրա դնելու հարցերը: Առաջիկայում Ազգային ժողով եւ կառավարություն կներկայացվեն բնությունն ապականողների դեմ ուղղված օրենքների խստացման օրինագծեր, ինչպես նաեւ՝ կանխարգելիչ մի շարք քայլեր՝ համալիր կերպով խնդիրներին լուծում տալու համար»: Տարածքային կառավարման փոխնախարարի խոսքից տեղեկանում ենք, որ ըստ արբանյակային տեսաարձանագրումների՝ մեր ափաչափ երկրում աղբավայրերի թիվը հասնում է հազարների եւ դրանք զբաղեցնում են մի քանի հեկտար տարածություն: Միայն Արագածն ու մյուս բարձր գագաթներն են, որ դեռ չեն հայտնվել աղբի գերության մեջ:

Բոլոր մեծ ու փոքր գետերի ափերին, ձորակներում եւ առհասարակ՝ ուր պատահի, տասնամյակների ընթացքում առաջացել են աղբավայրեր: Եվ ներկայումս խնդիր է դրվելու վնասազերծել դրանք, կահավորել, իսկ աղբը վերամշակելու ճանապարհով հեռացնել բնությունից եւ մարդու տեսադաշտից: Մեր մասնավոր զրույցի ընթացքում նախարար Արծվիկ Մինասյանը նաեւ ցավով նկատեց՝ «Գիտեք, եթե անկեղծ լինենք, կտեսնենք, որ հասել ենք մի վիճակի, երբ աղբը ուղղակի սպառնում է մեր կյանքի անվտանգությանը: Աղբահանության հրամայականն այսօր դարձել է բոլոր առումներով մեզ վտանգող ռազմավարական լրջագույն խնդրին հավասարազոր մի բան: Այո, մի զարմացեք, դա իրոք այդպես է: Քանի դեռ չենք մաքրել մեր շրջակա միջավայրը տասնամյակների ապականությունից, Հայաստանը զարգացման ու առաջընթացի որեւէ շանս չի ունենա, իսկ հայ մարդն էլ՝ չի դառնա իր հայրենիքը սիրող, կազմակերպված ու պատասխանատու քաղաքացի»: Անչափ ողջունելի է, որ մեր պետական այրերը սկսել են այս խորությամբ գիտակցել երկիրը աղբից «ազատագրելու» հարցի կարեւորությունը եւ ինչպես իրենք են ասում՝ անելու են այնպես, որ այս ձեռնարկները չդառնան հերթական շաբաթօրյակ հիշեցնող, մի քանի տպավորիչ ակցիաներով ավարտվող մի բան, այլ լինելու են հետեւողական, քանի որ դրված է երկիրը քաղաքակիրթ դարձնելու կամ տեղում դոփելու ճակատագրական հարցը: Ուզում ենք հավատալ, որ այդպես էլ կլինի: Այլապես, հիշելու ենք Ռուսաստանի Դաշնության 90-ականների սկզբների լուսահոգի վարչապետ Չեռնոմիրդինի դառը հումորը, այն է՝ ինչ անում ենք, ինչ փոխում ենք կամ ստեղծում, միեւնույն է՝ վերջում պարտադիր ԽՄԿԿ է ստացվում:

 

ՄԱՆՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ»

20.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031