Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն ապագայի անսխալականության դատապարտեցի թույլ տված վրիպումներն ու սխալները»

Մայիս 22,2017 14:30

Արվեստի ու գրականության, գիտության ներկայացուցիչների հետ զրույցներում, երբ խոսքը գնում է այլեւս երկնային կյանքով ապրող երեւելիների մասին, հաճախ ենք լսում հետեւյալ արտահայտությունը՝ «նրա մահով ընդհատվեց…»: Այս դեպքում խոսքը վերաբերում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Կիրակոսյանին, որի գործընկերներից շատերն այսօր էլ առիթի դեպքում բարձրաձայնում են, թե նրա մահով ընդհատվեց մասնավորապես Սասունի պատմության մասին մեծարժեք ուսումնասիրությունը՝ այս բառի քրեստոմատիական իմաստով:

Այս տարի անվանի պատմաբանը կդառնար 86 տարեկան: Ինչպես նրա գործընկեր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է գրել՝ «Գիտամշակութային մեծ նվաճումներով աշխարհին հայտնի մեր ժողովուրդը աչքի է ընկել վառ անհատականություններով ու նվիրյալներով, որոնք անմնացորդ ծառայել ու ծառայում են իրենց հայրենի երկրին ու ժողովրդին: Այդ մարդկանց համար հաստատուն ու հանրօգուտ նկարագիրը գոյատեւումի երեւելի իմաստ է, ընտրած բնագավառների խոր իմացություն: Այս բարձր հատկանիշների ներդաշնակությունը կերպավորված է կատարյալ հայրենասեր հայի, վաստակավոր գիտնական ու լավագույն մտավորական Գեղամ Կիրակոսյանի կյանքի 79-ամյա տարեգրության մեջ… Նրա արմատները ձգվում են դեպի անկրկնելի Սասնո աշխարհը եւ նա էլ իր հայրենակից մեծ սասունցու, տաղանդավոր գրող Մուշեղ Գալշոյանի նման, մեծացավ Էրգրի կարոտով ապրող մեծերի շրջապատում: Հավանաբար իր ծնողների բնօրրան ծննդավայրը, նրանց թողած Էրգրի կարոտի զգացումը եւս դեր խաղաց, որ նա հետագայում իրեն նվիրեր հայոց միջնադարյան դժվարին ժամանակաշրջանի եւ Սասունի հերոս ժողովրդի պատմության հարցերի ուսումնասիրությանը»:

Գեղամ Կիրակոսյանի հեղինակությամբ տպագրվել են գիտական աշխատություններ, մենագրություններ, հուշագրություններ, այդ թվում՝ «Հայաստանը Լանկ Թամուրի եւ թուրքմեն ցեղերի արշավանքների շրջանում», «Սասուն», «Էրգիրն է կանչում», «Հողի եւ արյան կանչով» եւ այլն:

«Առավոտի» հետ զրույցում անվանի պատմաբանի դուստրը՝ տնտեսագիտության թեկնածու Կարինե Կիրակոսյանը նշեց, որ պատմաբանի կոչումը ճշմարտությունն ի հայտ բերելն է, որքան էլ դաժան լինի այն ժողովուրդների ճակատագրում: Հետո էլ ասաց. «Թող անհամեստություն չդիտվի, բայց հայրս բացահայտել ու ներկայացրել է մեր բազմադարյա ժողովրդի մի կարեւոր հատվածի ճակատագիրն ամփոփող այն էջերը, որոնք մինչ այսօր մնացել են կնճռոտ ու չմեկնաբանված: Խոսքը վերաբերում է Սասունի պատմությանը, որը տարաբախտաբար ամբողջովին ներկայացնել չհասցրեց նա»:
Զրույցի ընթացքում տիկին Կիրակոսյանը նշեց, որ հայրը երկու անգամ եղել է Արեւմտյան Հայաստանում, իսկ վերադարձին, մեր զրուցակցի խոսքերով՝ խիստ հետաքրքիր ու հուզական պատմում էր Էրգրի բնակավայրերի եւ ավերված հուշարձանների մասին, նկարագրում հայոց պատմության համար կարեւոր նշանակություն ունեցող պատմաքաղաքական իրադարձություններն ու համառոտակի անդրադառնում մշակութային հարցերին:

«Ես անցա նրա չքնաղ եզերքներով, տեսա մշակութային մեծ արժեք ներկայացող վանքերի, եկեղեցիների, բերդերի ու քաղաքների ավերակները, առանձին տեղերում դեռեւս կանգուն մնացած ճարտարապետական գոհարները, ապրեցի հոգեւոր վերածննդի եւ մեր անցյալի պատմության հերոսական դրվագների վսեմ զգացմունքների պահեր: Իսկապես լսեցի մեր նախնիների արյամբ ներծծված հողի տնքացող ձայնը, ավելի շատ ապրեցի ափսոսանքի եւ կորստի ցավը, նզովեցի կորուստի եւ ցավի պատճառները, հանուն ապագայի անսխալականության դատապարտեցի թույլ տված վրիպումներն ու սխալները»,- գրել է Գեղամ Կիրակոսյանը՝ իր «Էրգիրն է կանչում» գրքում:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

20.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031