«Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում որոշում կայացվեց, որ Արամ Աթեշյանը պետք է խաղաղ զիջի իր տեղը, որպեսզի պատրիարքի ընտրություններ տեղի ունենան: Սա միայն հորդոր բառով է ձեւակերպված, մինչդեռ Ամենայն հայոց կաթողիկոսն իր իսկ ձեռնադրած եպիսկոպոսին երբեւէ չի հորդորում, այլ կոդակով ասում է՝ ինչ անել»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը:
Հիշեցնենք, որ օրերս անդրադարձ կատարելով Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դրսևորած կեցվածքին՝ Գերագույն հոգևոր խորհուրդն անհրաժեշտ է համարել հորդորել նրան՝ զորավիգ լինելու Պատրիարքական ընտրյալ տեղապահի Գարեգին արք. Բեկչյանին՝ ձեռնարկելու անհրաժեշտ քայլերը՝ Պատրիարքության բնականոն կյանքի վերականգնման համար։
Հիշեցնենք նաեւ, որ մարտին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, սակայն մինչ օրս պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարվում է ճանաչել նրա լիազորությունները:
«Արամ Աթեշյանը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ եւ փորձում է խաթարել պոլսահայության բնականոն կյանքը…Նա Սուրբ Խաչ եկեղեցում երեկ պետք է պատարագ մատուցեր, բայց իննը հոգի է եղել եկեղեցում: Ամեն կիրակի այդտեղ վեց հարյուր մարդ է հավաքվում: Դա արդեն խայտառակություն է Աթեշյանի համար եւ աննախադեպ իրավիճակ՝ պոլսահայ համայնքի համար»,-նկատեց Հացպանյանը:
Փորձագետը հայտնեց, որ առաջիկայում սպասվում է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման մեկնարկի մասին հայտարարություն: Ըստ Հացպանյանի տեղեկությունների՝ Արամ արք. Աթեշյանը պատրաստակամություն է հայտնել դեմ չգնալ Գերագույն հոգեւոր խորհրդի որոշմանը եւ ճանաչել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի լիազորությունները:
Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ