Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեղասահքի հայ աստղերը ժամանում են Երեւան

Մայիս 22,2017 14:00

Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում մայիսի 22-ից 23-ը կանցկացվի գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը, որին մեր հանրապետության բոլոր առաջատար մարզիկներից բացի, մասնակցելու են Ռուսաստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչներ:

Հայաստանի առաջնությունը ներկայացուցչական է լինելու ոչ միայն արդեն ճանաչում ձեռք բերած գեղասահորդներով, այլեւ մարզաձեւում միջազգային հեղինակություն վայելող մասնագետներով: Մասնավորապես, որպես առաջնության պատվավոր հյուր Ռուսաստանից Երեւան է ժամանելու Չմշկորդների միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը: Նախատեսվում է, որ նա այստեղ կծանոթանա ենթակառուցվածքներին, գործնական հանդիպումներ կունենա մարզիչների եւ մարզիկների հետ, ինչը շատ օգտակար կլինի մեզանում մարզաձեւի հետագա զարգացման համար:

Հայ մարզասերները հնարավորություն կունենան սահադաշտում անմիջականորեն հետեւելու մեր ներկայիս բոլոր առաջատարների՝ մենասահորդներ Անաստասիա Գալուստյանի, Սլավիկ Հայրապետյանի, Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգի մրցելույթներին: Առաջին անգամ կտեսնեն նաեւ մենասահորդ Կոնստանտին Մելնիկովին (Ռուսաստան): Նա Հայաստանի քաղաքացիություն է ստացել եւ այսուհետեւ Հայաստանը ներկայացնելու է միջազգային մրցումներում:
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հաճելի անակնկալ է խոստանում: Այդ օրերին Երեւանում է լինելու ոչ հեռու անցյալում մեր հավաքականի նախկին անդամ Վազգեն Ազրոյանը: Գեղասահքի սիրահարները նրան հիշում են 2006 թվականի Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերից, երբ նա Անաստասիա Գրեբյոնկիանայի հետ միասին երկյակ կազմած բավականին հաջող ներկայացնում էր մեր երկիրը:

Մելանյա Ստեփանյանը տեղեկացնում է, որ Ազրոյանը հիմա անցել է մարզչական աշխատանքի եւ իր փորձն ու գիտելիքները փոխանցում է դստերը՝ Վիկտորյային: Գեղասահորդուհին 15 տարեկան է եւ զուգապարերում հանդես է գալիս Ֆիլիպ Խարիսովի հետ: Ի դեպ, այս զույգը նույնպես Երեւանում մտնելու է սահադաշտ:

Հավանաբար, քչերն են տեղյակ, որ գեղասահքի հայկական դպրոցը միջազգային հեղինակություն վայելող լուրջ մասնագետներ է տվել գեղասահքին, որոնցից շատերը ֆեդերացիայի նախագահի հրավերով Հայաստանի առաջնության առիթով ժամանելու են Երեւան: Մեր ֆեդերացիայի նախագահի հրավերով առաջնության գլխավոր մրցավարի պարտականությունները կատարելու է Չմշկորդների միջազգային միության տեխնիկական մասնագետ Սարգիս Թեւանյանը՝ Լեհաստանից, որը նաեւ սեմինարներ է անցկացնելու այստեղ: Որպես մրցավար ֆեդերացիան հրավիրել է նաեւ Վահիկ Ղազարյանին (Բարսելոնա) եւ Սիմոն Սիմոնյանին (Ավստրիա): Նրանց կօգնի Էմիլ Դանիելյանը: Հայաստանում միայն նա միջազգային մրցաշարերում աշխատելու իրավունք ունի:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

20.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031