Մայիսի 20-ին Թբիլիսիում ավարտվել է ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունը:
Մրցաշարին մասնակցել են 820 մարզիկներ մայրցամաքի 28 երկրներից: Հայաստանի Հանրապետությունը ներկայացել է 16 մարզիկներով, որոնք մրցել են ցինդա, տաոլու (շարժողական վարժությունների համալիր) և վին-չուն ձևերում:
Մեծահասակներից Սվետլանա Մոսոյանը արժանացել է տաոլուի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին, իսկ Արմեն Համբարձումյանը նույն ձևում դարձել է փոխչեմպիոն: Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել նաև վին-չուն ձևում հանդես եկած Կարո Կարապետյանը, իսկ Սայաթ Բաղդասարյանը շարժողական վարժությունների համալիր վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի: Ցինդայում չեմպիոնի տիտղոսին է արժանացել Հայկ Գասպարյանը:
Երիտասարդներից Վարդան Սարգսյանը նվաճել է ցինդայի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Ռեբեկա Բալասանյանը և Դավիթ Դանիելյանը նույն ձևում դարձել են համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալակիրներ:
Պատանիներից Արսեն Բաղրյանը ցինդա ձևում նվաճել է Եվրոպայի ոսկե մեդալը, իսկ Արթուր Ուդումյանը նույն ձևի բրոնզե մեդալը:
Հայ ուշուիստները պատրաստվում են օգոստոսին կայանալիք ունիվերսիադային (2 մարզիկ) և աշնանը նախատեսված աշխարհի առաջնությանը (8 մարզիկ):
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն