Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և թեմի առաջնորդարանի աջակցությամբ, 2017 թվականի մայիսի 20-ին կազմակերպվեց թբիլիսահայ հավատացյալների մեկօրյա ուխտագնացություն Հայաստանի սրբավայրեր Հաղարծին և Գոշավանք:
Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ և բարեմաղթությամբ, թբիլիսահայ շուրջ 90 ուխտավորներ, եկեղեցու լուսարարապետ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի և բարեխնամ Գևորգ սարկավագ Անտոնյանի առաջնորդությամբ ու Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի և ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի գլխավորությամբ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց երթուղային ավտոմեքենաներով ուխտագնացության մեկնեցին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սրբավայրեր: Չնայած հորդառատ անձրևին և ցուրտ եղանակին, ուխտավորների տրամադրությունը բարձր էր և ուխտի ճանապարհի և հոգևոր արարողությունների պատրաստակամ: Ուխտավորների առաջին կանգառը 10-րդ դարի կառույց Հաղարծին վանքային համալիրն էր, որը 13-րդ դարում եղել է նաև ուսումնագիտական կենտրոն:
Ուխտավորները մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին առ Աստված հինավուրց և զորավոր վանքում, հայցելով ամենակարող Աստծու զորակցությունը: Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը եկեղեցում մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչ-քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց ուխտի, աղոթքի և հաղորդության խորհրդի մասին, պատմեց հայ ժողովրդի կյանքում վանքային համալիրի ունեցած դերի և նշանակության մասին: Սուրբ և Անմահ Պատարագը ուխտավորների մոտ ստեղծեց երանելի ուխտագնացության և ի խորոց սրտի հոգևոր արարողակարգերի անհրաժեշտություն: Ուխտավորները հետաքրքրությամբ դիտեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիները և Սեղանատունը, վանքի տարածքում եղած աղոթարանները, որոնք տեղադրված են ժայռալանջերին: Տեղեկացան, որ Հաղարծին վանքը վերանորոգվել է Համահայկական հիմնադրամի և Սուլթան բեն Մոհամմադ ալ Քասիմի շեյխի օգնությամբ:
Հաղորդություն ստանալուց և հոգեպես մաքրվելուց հետո ուխտավորները շարունակեցին աստվածահաճո իրենց ուղևորությունը Տավուշի մարզի այլ սրբավայրերով: Նրանք եղան նաև Գոշ գյուղում, Գետիկ գետի ափին գտնվող 12-13-րդ դարերի վանքային համալիրում, որը եղել է կրոնական, կրթային և մշակութային կենտրոններից մեկը: Հավատացյալները տեղեկացան, որ երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188 թվականին Իվանե Զաքարյանի աջակցությամբ Նոր Գետիկ վանքը հիմնադրել է նշանավոր գիտնական, օրենսդիր, դավանաբան, առակագիր, մանկավարժ Մխիթար Գոշը: Մխիթար Գոշի մահվանից հետո (1213) վանքը կոչվել է նրա անունով՝ Գոշավանք:
Այստեղ ևս Տեր Մանուկ քահանայի առաջնորդությամբ ուխտավորները մոմեր վառեցին և աղոթք արեցին:
Չնայած ուխտավորները տարբեր տարիքի էին, սկսած 5 –ից մինչև 80-ն անց, սակայն ուխտի մեծ փափագով Աստծու հետ առնչվելու և հոգեպես վերածնվելու ցանկությունը ասես վերացրել էր տարիք և տկարություն: Աստծու կամեցողությամբ ուժ և եռանդ ստացած ուխտավորները ամենուրեք սիրով և մեծ նվիրումով աղոթք արեցին աղերսելով իրենց սրտի փափագը: Անջնջելի տպավորություններով, ուխտը ընդունելի լինելու ակնկալիքով վիրահայ ուխտավորները նույն օրը ուշ երեկոյան վերադարձան Թբիլիսի:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ
Եկեղեցու Վիրահայոց Թեմ