Հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, մայիսի 20-ից իրականացնում է մի շարք հաշվետու միջոցառումներ, ներառյալ՝ ենթակառուցվածքների բացումներ եւ այցեր արցախյան եւ հայաստանյան ծրագրեր:
Պատվիրակությունը՝ կազմված Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից, աշխատակիցներից, մայիսի 20-ին մեկնեց Արցախ՝ ծանոթանալու հաշվետու տարում ավարտված եւ ընթացիկ ծրագրերին: Շուրջ 45 հոգուց կազմված խումբն Արցախ ուղեւորվեց Վարդենիս-Մարտակերտ մայրուղով, որի վերակառուցումը կավարտվի աշնանը:
Այցելության առաջին օրը Հիմնադրամի պատվիրակությունը հանդիսավորությամբ բացեց Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին հարող Կոճողոտ համայնքի /Մարտակերտի շրջան/ նորակառույց համայնքային կենտրոնը, որի կառուցումը հովանավորել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը՝ Արցախի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ: Արդեն իսկ կահավորված կենտրոնում այսուհետ կգործեն գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, խաղասենյակը եւ հանդիսությունների սրահն իր խոհանոցով: Սրահում տեղադրված բեմը հնարավորություն կտա տարաբնույթ միջոցառումներ անցկացնել այստեղ: Ֆրանսաբնակ մեր հայրենակիցների հանգանակություններով վերջին տարիներին նման կենտրոններ են կյանքի կոչվել Արցախի տասներկու համայնքներում՝ առավել հարմարավետ ու հագեցած դարձնելով ընդհանուրը 7700 բնակչի առօրյան:
Երեկ՝ մայիսի 21-ին, պատվիրակությունը հանդիսավոր պայմաններում բացեց եւս երկու համայնքային կենտրոն Արցախում՝ Քյուրաթաղում /Հադրութի շրջան/ եւ Սարգսաշենում /Մարտունու շրջան/: Ժամանակակից հարմարություններով համալրված այս նորակառույցները նույնպես ֆրանսահայերի նվերն են արցախցի մեր հայրենակիցներին: Կենտրոնների կառուցումը համաֆինանսավորել է Արցախի Հանրապետության կառավարությունը: Վերջին տարիներին ֆրանսահայերի ակտիվ մասնակցությունը Արցախում ենթակառուցվածքների իրականացմանը մեծ գնահատանքի է արժանանում արցախցիների կողմից:
Այսօր՝ մայիսի 22-ին Հիմնադրամի պատվիրակությունը եղավ Ստեփանակերտի թիվ 9 դպրոցում, որի վերակառուցումն ու արդիականացումը հովանավորում է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավոր Ջերալդ Թրփանջյանը, ում միջոցներով Արցախում իրականացվում են նաեւ այլ ենթակառուցվածքային ծրագրեր: Սա Ստեփանակերտի միակ դպրոցն է, որը հանրակրթականին զուգահեռ հատուկ կրթություն է ապահովում նախադպրոցական, ներառական եւ խոսքի ու լսողական խանգարումներ ունեցող աշակերտների համար: Դպրոցում ուսանում է 395 սան: Աշխատանքների ավարտին դպրոցը կգա համալրելու Հիմնադրամի կողմից Ստեփանակերտում արդիականացված կրթօջախների շարքը:
Օրվա ընթացքում պատվիրակությունը կայցելի նաեւ ապրիլին Ստեփանակերտում բացված նորակառույց ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն, որը կյանքի է կոչվել ֆրանսահայ Ռիշար Օհանեսյանի հովանավորությամբ /Արցախի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ/:
Շուշիում պատվիրակությունը ներկա կգտնվի քաղաքի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի երկրորդ մասնաշենքի /մեծ դահլիճի/ բացման արարողությանը: Այն վերակառուցվել է Արցախի կառավարության միջոցներով եւ Հիմնադրամի վերահսկողությամբ: Նոր մասնաշենքը, որտեղ տեղակայված է 368 տեղանոց դահլիճը, հանդերձարաններ եւ օժանդակ սենյակներ, նախատեսված է թատերական ներկայացումների եւ բազմաբնույթ այլ միջոցառումների համար: Այսուհետ իր գործունեությունն այստեղ կծավալի նաեւ Խանդամիրյանի պետական թատրոնը: Կենտրոնի առաջին մասնաշենքում, որը 2012թ.-ին վերակառուցվել է Հիմնադրամի կողմից Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի հովանավորությամբ, գործում են արվեստի տարբեր խմբակներ, ինչպես նաեւ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի անվան տիկնիկային թատրոնը:
Այնուհետեւ պատվիրակությունը կայցելի Քրասնիում Հարությունյանների բազմանդամ ընտանիքին, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ Հիմնադրամի հովանավորությամբ կառուցված առանձնատան տերերն են: Արդեն երրորդ տարին է, հավաքագրված գումարներով եւ նպատակային հատկացումներով Հիմնադրամն առանձնատներ է կառուցում արցախաբնակ հինգ եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար: Ներկայումս 16 տուն արդեն հանձնվել է շահառուներին, 15-ը կառուցման փուլում են: Արցախում տարբեր ֆինանսավորմամբ կառուցվող տներից Հիմնադրամի կառուցած առանձնատներն առանձնանում են ամբողջական կահավորմամբ եւ կենցաղային տեխնիկայի առկայությամբ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ