«Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է «Իզվեստիա» հրատարակչության («Իզվեստիա» ԲԲԸ) շենքը գնելու գործարքը և անցել դրա ռենովացիային. նախագծով ենթադրում է ստեղծել նոր ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով նախագծին մոտ կանգնած աղբյուրը:
«Հայտնի է դարձել, որ ընթացիկ տարվա փետրվարին ավարտվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից «Իզվեստիա» հրատարակչության շենքը գնելու գործարքը… Այս պահին «Տաշիրը» սկսել է օբյեկտի ռենովացիայի գործընթացը»,- ասել է աղբյուրը:
Ըստ այդ տեղեկության՝ նախագծում «Տաշիրը» կներդնի շուրջ 150 մլն դոլար: Նշվում է, որ շենքի ճակատամասն ամբողջությամբ կպահպանվի, իսկ ռենովացիայի արդյունքում ի հայտ կգա նոր համալիր, որը կներառի 250 համարներով հյուրանոց, գրասենյակային տարածք, ինչպես նաև հասարակական սննդի և առևտրի կետեր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ