Մայիսի 31-ին հանրահայտ ջազ երաժիշտ, կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ Ավիշայ Քոենն (Avishai Cohen) իր եռյակի հետ առաջին անգամ հանդես կգա Հայաստանում` Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչներից Prime Production-ի գրասենյակից:
Եռյակի կազմում, բացի Ավիշայ Քոենից, հանդես են գալիս Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մորը՝ (դաշնամուր):
Հավելենք, որ Ավիշայ Քոենը ժամանակին համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ, մաս է կազմել վերջինիս նախագծերին:
«Ոչ բոլոր երաժիշտներն են իմպրովիզատորներ, իսկ ես հաճախ եմ դիմում իմպրովիզացիայի, դրա համար էլ ջազում եմ»,- հարցազրույցներից մեկում ասել է երաժիշտը: Նա նաեւ շեշտել է. « Որպեսզի երաժշտության ոլորտում բարձունքների հասնես, պետք է մի քիչ խենթ լինես, գիժ, անկանխատեսելի: Մինչդեռ կյանքում քո այդ որակները բնավ պետք չեն, դու ընդամենը փորձում ես բավարարել քո կենդանական բնազդները, լինել հնարավորինս լավ մարդ, որը ողջամիտ է եւ հավասարակշիռ: Ընդհանրապես ես փորձում եմ հաճույք ստանալ ամեն ինչից` իմ գոյությունից, երաժշտություն քամելուց, անգամ մեկ գավաթ սուրճից»:
Նշենք, որ Երեւանյան համերգի իրականացմանը, ի թիվս այլոց, աջակցում են Հայաստանում Իսրայելի հյուպատոսությունը եւ Ջազի հայկական ասոցիացիան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ