Մայիսի 19-21-ը Երեւանի մամուլի ակումբը`«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, Աղվերանում կազմակերպել էր սեմինար`«Միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում» թեմայով:
«Նուվել դ’Արմենի» պարբերականի թղթակից Սեդա Մավյանը խոսեց Ֆրանսիայում նախագահական ընտրություններից, եւ զուգահեռներ անցկացվեցին հայաստանյան ընտրությունների հետ: Բավականին հետաքրքիր էր թուրքագետ Վարուժան Գեղամյանի զեկուցումը` «Հետընտրական Թուրքիան. երկրի ներպետական զարգացումների հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում, հետեւանքները Հայաստանի համար» թեմայով:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը եւ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի վարիչ Արա Մարգարյանն անդրադարձան ԵՄ-Հայաստան համաձայնագրի նախաստորագրմանը, նախկինում բանակցված եւ չստորագրված փաստաթղթերի հետ նմանություններին եւ տարբերություններին: Այս թեման եւս բուռն քննարկումների տեղիք տվեց:
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի` գիտության գծով տեղակալ, Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Բենիամին Պողոսյանի զեկուցումից հետո էլ բազմաթիվ հարցեր հնչեցին: Պարոն Պողոսյանը անդրադարձավ մասնավորապես աշխարհաքաղաքական կենտրոնների հակասություններին`որպես գլոբալ անվտանգության մարտահրավեր եւ այդ ամենի`Հայաստանի վրա ազդեցությանը:
Քաղաքագետ Միքայել Զոլյանը ներկայացրեց, թե հայաստանյան մամուլն ու սոցիալական ցանցերի հայաստանյան օգտատերերն ինչպես են անդրադառնում միջազգային հրատապ թեմաներին: Նրա ներկայացմամբ, առավել քննարկվածներից են` Բրեքսիթը`Միացյալ Թագավորության հեռացումը Եվրոպական Միությունից, Դոնալդ Թրամփի ընտրությունը, Ֆրանսիայի, Իրանի ընտրությունները, Թուրքիայի հանրաքվեն եւ այլն:
Քննարկումների ժամանակ կարծիքներ հնչեցին, որ հայաստանյան ԶԼՄ-ներից շատերը անդրադառնում են հիմնականում այն թեմաներին, որոնք շեշտադրված են ռուսական մամուլում: Խոսք գնաց նաեւ այն մասին, որ Հայաստանում կարծրատիպ կա, թե իսլամը վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար:
Վարուժան Գեղամյանի կարծիքով` Հայաստանում Թուրքիայի մասին տեղեկատվությունը հիմնականում հետեւյալ համատեքստում է` ա) Թուրքիայում ինչ-որ վատ բան է տեղի ունեցել, դիցուք գործարանի պայթյուն, որի մասին գրում են հայկական ԶԼՄ-ները, բ) դա տեղեկատվություն է, որին անդրադարձել է ռուսական մամուլը, գ) Թուրքիայի մասին տեղեկատվությունն առնչվում է Հայոց ցեղասպանության համատեքստում եղած որեւէ զգացմունքային թեմայի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Հերիքնազ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից