Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շռայլորեն որդեգրել է արևմտյան ամենակեղտոտ արժեքներից մեկը և ոչնչացնում է իր ժողովրդին

Մայիս 21,2017 18:49

2013թ. սեպտեմբերին Հայաստանը չստորագրեց ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը և մտավ ԵՏՄ կազմի մեջ, ժողովրդին հիմնավորելով, որ ավանդույթներով լեցուն մեր երկրին խորթ են արևմտյան արժեքները ու չարժե հանուն տնտեսական որոշ հեռանկարների, հարվածի տակ դնել հարյուրամյակների ընթացքում ձևավորված մեր էթնիկ, պահպանողական արժեքները: Ավելին, մենք մեր կրած արժեքների բովանդակությամբ, տարիներ շարունակ ապրել և հար նման ենք Ռուսաստանի ու նախկին խորհրդային Միության այլ հանրապետությունների կրած արժեքներին, այնպես որ, եթե պետք է միություն կազմել, ապա ճիշտ է, որ այն կազմվի նմանների, ինչպես նաև ապահովություն ենթադրող այդ երկրների հետ, որի առաջին «արգասիքը» պարզորոշ տեսանք ապրիլյան պատերազմի օրերին, երբ որպես ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ, ինչպես էին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ատամներով «պաշտպանում» Հայաստանին:

Այս ամենը բոլորին է հայտնի, սակայն այն դուրս է մեր թեմայից և դրա մասին չէ, որ կուզենայի խոսել: Չբարձրաձայնելով արևմտյան բոլոր արժեքների մասին` դրանցից մեկի մասին չեմ կարող չխոսել, քանզի այն արդեն տասնյակ տարիներ՝ սև դևի նման մտել է մեր կյանք և բառիս իսկական իմաստով ոչնչացնում է Հայաստանի ժողովրդին: Դա ղումար կոչվող երևույթն է, որը պետության թույլտվությամբ, օրը ցերեկով և բացահայտ իրականացվում է աֆերիստների ու ժողովրդի միջև, վերջիններիս մղելով ինքնասպանությունների և բացահայտ սնանկացման: Իհարկե, այդ երևույթի անունը դրել են «լոտո», «տոտո»…, սակայն դա միարժեքորեն նույն ղումարն է, որով տարաբնույթ ընթացակարգերով աշխատող ՈՒՎԿ-ների և այլ նմանատիպ մարմինների հետ՝ որպես նույն պատժիչ համակարգի էլեմենտներ, մինչև վերջին լուման թալանում, սնանկացնում և ոչնչացնում են ժողովրդին: Չէ՞ որ այսպես ասած, նաև խորհրդային արժեքներ դավանելու պատճառով մտանք ԵՏՄ, սակայն նույն Խորհրդային Միությունում ո՞վ կարող էր ղումար խաղալ ժողովրդի հետ:

Այդ ի՞նչ կառույց կամ  կազմակերպություն կարող էր պետությունից թույլտվություն /լիցենզիա/ ստանալ՝  ժողովրդի հետ ղումար խաղալու համար: Խորհրդային տարիներին ապրած մարդիկ լավ են հիշում, որ մարդիկ բիսետկաներում սեկա խաղալիս, որքան զգույշ էին լինում, քանզի Աստված մի արասցե, հանկարծ իրավապահ մարմիններն իմանային, ինչ կգար այդ մարդկանց գլխին: Ես ուզում եմ պատկան մարմիններին ընդամենը հարցնել մի հակասության մասին. այդ ինչպես եղավ, որ Հայաստանը, դավանելով Խորհրդայինին մոտ արժեքներ, մտավ ԵՏՄ և չորդեգրեց այնտեղ իսպառ արգելված ղումարը՝ իր տարաբնույթ դրսևորումով, այլ որդեգրեց կապիտալիզմին հատուկ՝ արևմտյան շատ երկրներում բացահայտ գործող ղումարի կանոնակարգերը և ավելին, այն օրենսդրորեն հաստատվեց մեր երկրում:

Էլ չեմ ասում, որ արտասահմանյան որոշ երկրներում, օրինակ Ճապոնիայում, բացարձակապես արգելված է ղումարային   խաղերի առկայությունը: Հիմա կասեք, բա Ճապոնիան արդյունաբերական հզոր երկիր է, առանց նմանատիպ հարկերի էլ կարողանում է իր երկիրը պահել, իսկ, չէ որ խեղճ Հայաստանն ստիպված է գնում դրան, որպեսզի հարկեր ներգրավի: Մեր երկրում արդյունաբերություն, արտադրություն չկա, բա որ այդ հարկերն էլ չլինեն, այս պատերազմական վիճակում երկիրը ոնց կարող է բանակ պահել: Կարծում եմ, որ այս երկրում կույրեր չեն ապրում և բոլորն են համոզված, որ այդ կառույցներն ընդամենը կոպեկներ են մուծում բյուջե և նրանց իրական շրջանառությունը հիմնականում ստվերում է մնում:

Մի՞թե այս տաղանդավոր և մտածող ժողովրդի միտքն այնքան է բթացել, որ թեկուզ տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավոր  ընդլայնման և ներդրման միջոցով, չեն կարողանում այդ մի քանի կոպեկը մուտքագրել բյուջե և պետությունը կարողանա հանգիստ խղճով արմատախիլ անել  այդ ղումարի կառույցները և մատաղ սերնդին, ինչու չէ, նաև ժողովրդի մի ստվար մասին փրկել բարոյական և ֆինանսական կործանումից: Իսկ եթե պետությունն իրոք այլ ճանապարհ չունի և ստիպված է գնում դրան, ապա ժողովրդի անունից հայտարարում եմ. ինչպես բանակի պարագայում, այս դեպքում ևս մեր իմաստուն ժողովուրդը պատրաստ կլինի աշխատավարձից ամսական ոչ թե հազար, այլ երկու հազար դրամ հատկացնել պետությանը, միայն թե ամբողջ մատաղ սերունդը խաղամոլ չմեծանա և ժողովրդի մի ստվար մասը չթալանվի, որպեսզի այս ճակատագրական օրերին ժողովուրդը կարողանա ամրակուռ ոգով դիմակայել թշնամուն և հաղթանակած դուրս գալ Ղարաբաղյան կռվից, որի պատճառով համարյա ամեն օր մի մատաղ զինվոր է զոհվում…

Թող սա համարվի ժողովրդի կողմից առաջարկվող կոչ-դիմում՝ ուղղված իշխանություններին…

Տեր, օգնիր մեր իշխանություններին, որպեսզի կարողանան վերջ դնել այս ցեղասպանությանը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Հարգելի պարոն Մաղաքյան,
    ես բառեր չեմ գտնում՝ հայտնելու Ձեզ իմ շնորհակալությունն ու հարգանքը այս հոդվածի համար: Վերջապես, խոսվեց այն մասին, ինչի մասին ընդունված է լռել: Եվ չափազանց կարևոր էր արևմտյան և սովետական արժեքների օբյեկտիվ համեմատումը, թէ չէ հոգնեցրին հասարակության վզին փաթաթվող այդ կեղծ ազատասիրական արևմտամետ լոզունգներն ու ԽՍՀՄ-ի վատաբանումը, կարծես թե բոլորը արդեն մանկապարտեզից տենչում էին ազատագրվել ծանր սովետական լծից՝ իրենց ծնողներին ձրի բաժանած բնակարաններից, համալսարանների դիպլոմներից, միաժամանակ՝ սեփական արժանապատվությունից: ՄԻնչև հիմա կարծես թէ, որոշներին ազատվել առավելապես հաջողվում է արժանապատվությունից, թէ չե ով է հիմար, հետ տա բռնապետական սովետական պետության կողմից տրված ձրի տունն ու ձրի դիպլոմը:

  2. Խաղը արևմտյան կեղտոտ արժեք չէ, այն մարդկային հոգու զորեղ պահանջմունք է, որի արգելումը դատարկ զբաղմունք է։ Միգուցե սիրելն էլ արգելեք, որի պատճառով շատերը կործանում են իրենց կյանքը ու ինքնասպան լինում։ Մի գաղտնիք էլ ասեմ՝ Հայաստանում շատերը խաղադրույքներով ընտանիք են պահում, ապացույցն էլ այն է, որ որոշ արևմտյան բուքմեյքերներ արգելում են ՀՀ քաղաքացիներին գրանցվել իրենց մոտ կամ էլ դա անում են շատ խիստ պայմաններով։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031