2017 թվականին մենք տոնեցինք Հայոց հզոր, անպարտելի, ռազմաճակատում մկրտություն ստացած բանակի ստեղծման 25-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության և անձամբ իմ անունից ես առիթ ունեցել եմ շնորհավորելու Հայոց հաղթանակած բանակին և նրա ակունքներում կանգնած իմ բոլոր զինակիցներին:
Իսկ ովքեր և ինչպես ստեղծեցին Հայոց բանակը: Միանգամից ասեմ, որ ես գլուխ եմ խոնարհում Եռաբլուր սրբատեղիի շիրիմների առաջ: Ուզում եմ նաև ասել, որ մինչ օրս բանակի մասին պատմություններ են գրվում, հաղթանակի մասին լեգենդներ են հյուսվում, բայց այդպես էլ այդ ամենը բուն իրականությունը չեն արտացոլում: Ոմանք շեղվելով իրականությունից և իրենց վերագրելով ուրիշի սխրանքները` դարձել են գեներալներ ու խաչակիրներ…
Կասեմ ընդամենը մեկ բան` եթե այդ օրհասական ժամանակներում չլիներ միլիցիան (ոստիկանությունը) և նրա ձևավորած ջոկատները, ապա մեր բանակաշինությունը այդպես արագ չէր կայանա և առնվազն մի քանի տարով կհետաձգվեր մեր ժողովրդի համար այնքան բաղձալի ու անհրաժեշտ բանակի կայացումը:
Ես ուղղակի ցավում եմ, որ ՆԳՆ-ն` այժմյան ոստիկանությունը, որի հենքի և ստորաբաժանումների վրա ձևավորվեց ու ստեղծվեց Հայոց բանակը, ներկայումս անտարբեր է իր պահվածքով, որը հիասթափեցնում և հուսալքում է այն համակարգին, որը հաղթեց «Կոլցո» օպերացիան ռազմաճակատում` կերտելով բազմաթիվ հաղթանակներ, ունենալով 230 զոհ, 113 գերեվարված և 158 վիրավոր:
Այժմ, բացելով որոշ փակագծեր, ներկայացնեմ իրական պատմությունը:
1988 թվականին, երբ սկսվեց անկախության համար մղվող ազգային ազատագրական պայքարը, համայն հայությունը մասնակից եղավ այդ մեծ պայքարին: 1989 թ.-ին, երբ վտանգի մեջ էր Արցախն ու ամեն կողմից խախտվում էր ՀՀ պետական սահմանը, այդ ժամանակ էլ ձևավորվեցին կամավորական ջոկատներ: Դեռ գոյություն ուներ Խորհրդային Միություն և ամեն ինչը կառավարվում էր Մոսկվայից: Կոմունիստական հասարակարգը փլուզվել էր և անիշխանություն էր տիրում: Այդ ժամանակ Հայաստանն իրավունք չուներ ունենալ սեփական բանակ: ՀՀ-ում կաթվածահար վիճակում էին հայտնվել պետական կառույցների մեծ մասը, իրականում դադարել էր դրանց գործունեությունը: Հայաստանը հայտնվեց չհայտարարված պատերազմի մեջ Ադրբեջանի հետ: Այդ ժամանակ պետք էր մեկ ուժ, որն ի վիճակի կլիներ դիմակայել արտաքին և ներքին թշնամիներին:
1990 թ. այդ ուժը հանդիսացավ ՀՀ ՆԳՆ-ն, որի կազմում, կառավարության թիվ 380 որոշմամբ ստեղծվեցին ՄՀՆՋ-ը (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ) և ՄՕՀՋ-ը (միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատ): ՆԳՆ-ին առընթեր` կառավարության թիվ 420 որոշմամբ, 1990 թ.-ին Չարբախի հավաքակայանում ստեղծվեց հատուկ գունդ, իսկ կառավարության 427 որոշմամբ` Երևանի մայրաքաղաքային գնդի վրա ձևավորվեց ՆԳՆ ՊՊԾ գունդ` իր սահմանամերձ 28 վաշտերով: Այդ 28 վաշտերը համալրեցին տեղի կամավորական ջոկատները: Այդ ժամանակ Հայաստանում ստեղծվեց «Պաշտպանության կոմիտե», որը պետք էր ՆԳՆ-ի հետ համակարգեր բոլոր մարտական գործողությունները ռազմաճակատում:
1991 թ.-ին Մոսկվայի հանձնարարությամբ` անօրինական զինված խմբավորումներին վնասազերծելու և զինաթափելու համար, Խորհրդային ներքին զորքերի և Ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ համատեղ անցկացվեց «Կոլցո» օպերացիան, որը գլխավորում էր ԽՍՀՄ ներքին զորքերի հրամանատար, գեներալ Շատալինը: Հայաստանին սպառնացող մեծ վտանգը տեսնելով` Պաշտպանության կոմիտեն ներքին հրաման արձակեց` բոլոր կամավորական ջոկատներին ռազմաճակատից հետ քաշվել: Մարտիկները պետք է սափրվեին և պատսպարվեին գյուղերում ու քաղաքներում, իսկ սահմանամերձ գոտում` Նոյեմբերյանից մինչև Մեղրի, պետք է մնային միայն միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները: Հայաստանի ՆԳՆ-ն հերոսաբար դուրս եկավ «Կոլցո» օպերացիայից` ունենալով կորուստներ:
1991 թ.-ին սեպտեմբերի 21-ին կոմունիստական շղթաներից պոկվեց մի օղակ, որն էլ դարձավ անկախ Հայաստանի Հանրապետություն:
Լինելով անկախ պետություն` 1992 թ. հունվարի 28-ին Հայաստանի ՆԳՆ-ի ՄՀՆՋ-ի, ՄՕՀՋ-ի, Հատուկ Գնդի և ՊՊԾ գնդի 28 վաշտերի հենքի վրա ձևավորվեց Հայոց բանակը, հետագայում այս վաշտերը դարձան գնդեր և այլ ստորաբաժանումներ: Այդ ժամանակ նորաստեղծ, անկախ պետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայրենասիրական կոչով դիմեց խորհրդային բանակում ծառայող հայ սպաներին և գեներալներին, որպեսզի գան և համալրեն հայոց նորաստեղծ բանակի շարքերը:
Այդպես էլ եղավ: Նրանք եկան և իրենց ռազմական փորձով ու գիտելիքներով կարողացանք կերտել փառահեղ հաղթանակ:
Ահա համառոտակի այսպիսին է մեր հայոց բանակի ստեղծման իրական պատմությունը:
Փառք ու պատիվ հայոց բանակին և հայ ազգին:
Գրիշա ՍԱՐԳՍՅԱՆ
ՄՀՆՋ-ի վետերանների միության նախագահ, գնդապետ
Մեր ամոթն է, որ հայոց բանակն ստեղծվել է ՆԳՆ հենքի վրա:
՛՛Այդ ժամանակ նորաստեղծ, անկախ պետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայրենասիրական կոչով դիմեց խորհրդային բանակում ծառայող հայ սպաներին և գեներալներին, որպեսզի գան և համալրեն հայոց նորաստեղծ բանակի շարքերը՛՛…
Կոչն իրականում արվել է Վ.Սարգսյանի անունից, ԼՏՊ-ը դեմ է եղել ազգային բանակի ստեղծմանը:
Իսկ երբ որ Ադրբեջանը հայտարարեց իր բանակի ստեղծման մասին, համաշխարհային դիվանագիտության մեջ անհայտ մի քայլ արվեց՝ դիմում ուղարկեց ՄԱԿ, որպեսզի ադրբեջանցիներին արգելեն սեփական ԶՈՒ ունենալ: Դա 1991-ին էր:
Իսկ պատերազմը տանուլ տված լինելու մասին ԼՏՊ-ն երևի հիշում եք, թե ինչ հայտարարություններ է արել ուղիղ եթերով: