Լրահոս
Օրվա լրահոսը

Varikosette-ն անգլիական չէր (պատմվածք)

Մայիս 21,2017 17:17

Փայլակի ոտքերի երակների լայնացումը շատ էր անհանգստացնում տարբեր դրսևորումներով: Քայլելուց ոտքերը շուտ էին հոգնում, երկար նստելուց ցավ էին պատճառում, նույնիսկ թողել էր առավոտյան վազքը, որ երկար տարիներ բարեխղճորեն կատարում էր: Կնոջ երկարատև հորդորներից հետո՝ դիմեց իրենց թաղային պոլիկլինիկայի վիրաբույժ բժշկին, որն էլ խորհուրդ տվեց դիմել մասնագիտական ավելի բարձր չափանիշներ ունեցող մի այլ բժշկական հիմնարկի: Այս հիմնարկի Վիրաբուժական բաժանմունքի բժիշկն էլ, տեսնելով Փայլակի ոտքերի անմխիթար վիճակը, նրան անմիջապես առաջարկեց՝ ոչ ավել և ոչ պակաս՝ վիրահատության տարբերակը:

Փայլակն էլ, իր տարիքային առանձնահատկություններից ելնելով, մերժեց վիրահատության տարբերակը և վհատված տուն վերադարձավ՝ ոտքերի վիճակը թողնելով բախտի քմահաճույքին: Երկար տարիներ նա ինքնաբուժությամբ էր զբաղվում, տարբեր քսուքներ էր օգտագործում, թրջոցներ դնում կամ սրանից-նրանից հարցնում, թե ինչով կարող է իր ոտքերի երակային լայնացումների ընթացքը մեղմել, բայց այդպես էլ հաջողության չէր հասնում: Այնպես պատահեց, որ մի անգամ, համացանցում «զբոսնելիս», պատահաբար, բացեց մի կայք, որտեղ հանդիպեց Varikosette անվանումով քսուքի հրաշագործ հատկությունների մասին գրված տեղեկատվության:

Այնտեղ նշված էր, թե, իբր, այդ քսուքը արտադրվում է միայն Անգլիայում և միայն նշված կայքում նշված կազմակերպությունն է այն պատվիրում արտադրողին, հաշված օրերի ընթացքում ստանում փաթեթը և անմիջապես առաքում իր հիվանդ պատվիրատուին: Դե՛, Փայլակը այնպիսիներից չէր, որ մի անգամից հավատար այդտեղ գրված հրաշագործություններին, բայց նրա մոտ մի խիստ ընդգծված հատկանիշ միշտ աշխատում է անխափան:

Այն է, որ մինչև ինքը, իր սեփական մաշկի վրա չզգա որևէ հրաշագործ երևույթի գործողության դրական արգասիքը, չի կարող հավատալ գրված նման զավեշտալի ու անհավանական պատմություններին: Մի քանի գայթակղիչ մեկնաբանություններ, որոնք զետեղված էին կայքէջում այն անձանց կողմից, որոնք օգտվել էին այդ քսուքի հրաշագործ հատկանիշներից, նրա հետաքրքրությունը ավելի շարժեցին: Ահա դրանցից մի քանիսը: «Կրեմը հաջողությամբ հեռացնում է ոտքերի վրայի երակային բծերը: Այն կիրառելուց հետո անցնում է ոտքերի ցավը և թեթևության զգացում է պառճառում»:

«Այն արագ նվազեցնում է ոտքերի հոգնածությունը»: «Կրեմը իսկական փրկություն էր ինձ համար»: «Ձեր ոտքերի գեղեցկությունն ու առողջությունը հնարավոր է բնական բաղադրիչներով «Varikosette» կրեմի շնորհիվ»: Եվ այսպես շարունակ: Իհարկե, կարդալով վերը նշված արձագանքները և նմանատիպ ցնցող այլ մեկնաբանություններ, Փայլակը չէր կարող չգայթակղվել և անմիջապես էլեկտրոնային փոստով, որի հասցեն առաջարկվում էր կայքէջի ներքևի հատուկ պատուհանում, պատվիրեց այդ հրաշագործ քսուքը: Պատվերը էլեկտրոնային փոստով ուղարկելուց հետո՝ հաշված րոպեների ընթացքում, հնչեց նրա բջջային հեռախոսի երաժշտական զանգը, որի համարը նա նշել էր պատվերի հատուկ տողում: Զանգահարող կինը, ռուսերեն լեզվով, Փայլակին սիրալիր բարևելուց հետո, ասաց, որ իր պատվերը առցանց ստացել են և բացատրեց, որ բուժման մեկանգամյա ամբողջական գործողությունները (կուրսը) իրականացնելու համար, Փայլակը պետք է ձեռք բերի ութ միավորից բաղկացած փաթեթը, որից երկուսը՝ նվեր է, իսկ այն չորսի համար պետք է պատվիրատուն վճարի որոշակի գումար՝ շեշտելով գումարի բավականին շոշափելի թիվը, ապա ծանոթացրեց քսուքի օգտագործման հրահանգի կարևոր կետերին, հատկապես շեշտելով այն կետը, որի համաձայն Փայլակը օրական երեք անգամ պետք է ձեռքի ափի և մատների նուրբ շարժումներով՝ սրունքից դեպի ծնկները և ոչ թե հակառակը, որտեղ նկատվում են արյունատար անոթների կապտուկները, մերսելով տարածեր այդ քսուքը:

Փայլակը, իհարկե, թեթև շոկային պահ ապրեց`հեռախոսով լսելով քսուքի գնային տվյալները, բայց հաղորդեց աշխատակցուհուն, որ առայժմ ինքը չի կարող այդպիսի մեծ գումար վճարել, քանի որ թոշակը չի բավարարի, իսկ փորձելու համար քսուքի արդյունավետությունը, ինքը պատրաստ է, առաջարկվածի կեսը վերցնել և հետագայում, դրական արդյունքի դեպքում, կվերցնի նաև մնացած կեսը:

-Ուրեմն, Ձեզ կուղարկենք չորս տուփ քսուք, որից մեկը՝ նվեր, ապրանքը կառաքվի երկու-երեք օրվա ընթացքում՝ մեր առաքիչի կողմից, որը ձեզ նախապես հեռախոսով կզգուշացնի ներկայանալու մասին,-ասաց բարեհամբույր կանացի ձայնը և խնդրեց Փայլակին նորից ճշտել իր անձնական տվյալները, հեռախոսահամարը և հասցեն, որից հետո հեռախոսագործարքը ավարտվեց: Երկու օր հետո Փայլակին զանգահարեց մի երիտասարդ տղամարդ, իմանալու համար, թե որ ժամին կարող է այցելել նրան, որպեսզի հանձնի փրկարար քսուքը և ստանա դրա դիմաց պահանջվելիք գումարը: Պայմանավորվելուց երկու օր անց հրաշագործ քսուքը հանգրվանեց Փայլակի դեղերի տուփի մեջ, որից հետո մանրամասն ծանոթանալով` համապատասխան հրահանգի (ինստրուկցիա) հետ, նա սկսեց ամեն օր, բարեխղճորեն կատարել քսուքի կիրառման գործընթացը: Քսուքի հինգերորդ տուփի օգտագործման ժամանակ, երբ Փայլակը նկատեց, որ իր ոտքերի լայնացած երակների հետ ոչ մի էական փոփոխություններ տեղի չեն ունենում, մտքով հանկարծ անցավ, որ երևի քսուքը կեղծ է:

Անմիջապես վերցրեց խոշորացույցը՝ ճշտելու համար տուփի վրայի գրված արտադրող կազմակերպության տեղն ու անվանումը, որը մինչ այդ, չգիտես ինչու, ուշադրության չէր արժանացրել, երևի հաստատ հավատալով, որ քսուքը պետք է անպայման անգլիական արտադրության լիներ: Եվ ինչքան եղավ նրա հիասթափությունը, երբ խոշորացույցի ոսպնյակի տակ կարդաց տուփի վրայի մանրատառերը ու համոզվեց նրա ոչ անգլիական ծագման տեղեկատվության մասին: Չարագույժ տեղեկատվությունը պարզելուց հետո, նա, զայրացած, անմիջապես ձեռքը գցեց բջջային հեռախոսին ու զանգահարեց այն նույն հեռախոսահամարով (որը պահվել էր հեռախոսի հիշողության մեջ), որով երկու շաբաթ առաջ զանգահարել էր այն կանացի ձայնը և իրեն համոզել քսուքի առաքման մասին:

Հեռախոսի ազդանշանը տեղ հասնելուն պես՝ անմիջապես միացավ ավտոմատ հաղորդագրությունը, որը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով իրար ետևից կրկնեց նույն արտահայտությունը՝ «համարը ժամանակավորապես անհասանելի է»: Այստեղ Փայլակի կասկածներն ավելի մեծացան, և նա հաստատ որոշեց, որ քսուքը կեղծ է և այն իրացնելուց հետո հեռախոսն անջատել են: Մեկ շաբաթ շարունակ Փայլակը զանգահարում էր նույն հեռախոսահամարով, իսկ հակառակ կողմից լսվում էր՝ նույն ձայնային հաղորդագրությունը՝ «համարը ժամանակավորապես անհասանելի է»:

Փայլակը կասկածանքները պարզելու համար ոչ մի կերպ չէր կարողանում կապ հաստատել քսուք առաքողի հետ՝ պարզելու թյուրիմացության պատճառը, իսկ կայքէջում էլ չկային ոչ այլ հեռախոսահամար և ոչ էլ էլեկտրոնային հասցե, որպեսզի դրանց միջոցով կապ հաստատեր: Երկար մտածելուց հետո, Փայլակը կայացրեց վերջնական որոշումը: «Ավելի լավ է, որ երկրորդ կեսն էլ պատվիրեմ և այն ժամանակ ի հայտ կգա պատվեր ընդունողը, ապա և առաքիչը»,-ինքն իրեն խոսեց Փայլակը և նոր պատվեր ուղարկեց էլեկտրոնային փոստով: Հաջորդ անգամ, երբ ինքս տեղեկանամ, թե ինչով վերջացավ Փայլակի և այդ քսուքը իրացնող կազմակերպության հակամարտությունը, խոստանում եմ ձեզ անպայման տեղյակ կպահեմ այդ մասին:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031