Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանին կհուղարկավորեն երկու օրից։ Հիշեցնենք, որ նա Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղից է, ընտանիքի միակ արու զավակը, ունի իրենից փոքր քույր։ Ընտանիքը սոցիալապես բարվոք պայմաններում չէ․հայրը Սախալինում է՝ մեկնել է արտագնա աշխատանքի։ Սարատակ գյուղի գյուղապետ Միշա Ղրզոյանը մեզ փոխանցեց, որ տղային քիչ անց կտեղափոխեն գյուղ, իսկ հայրը Սախալինից կվերադառնա վաղն առավոտյան։
Շիրակի մարզպետարանից էլ մեզ փոխանցեցին, որ դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի հատվածում, դիրքերը հսկող մեր զինվորին խփել է թշնամու դիպուկահարը։
Կարենի հարազատներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ հայրը 10 օր է՝ ինչ մեկնել էր Սախալին արտագնա աշխատանքի։ «Եթե մարդը արտագնա աշխատանքի է գնում, լավ պայմաններից չէ, որ դուրս է գալիս դրսում աշխատելու։ 10 օր առաջ էր գնացել Սախալին, պարտք անելով, տոմսի փող հայթայթելով՝ մի կերպ գնաց։ Կապվեցինք բրիգադիրի հետ՝ խնդրեցինք, որ նրան շտապ հետ ուղարկի։ Կարենի տատիկը վատառողջ, ծեր կին է, հորը խաբել են, թե մայրդ է մահացել։ Վաղն առավոտ գնալու ենք դիմավորենք օդանավակայանում, չգիտեմ՝ ինչպե՞ս պիտի ասենք, որ որդին չկա․․․»,-մղկտում էր նրանց հարազատը։ Նա ասաց, որ Կարենը մասնակցել է ապրիլյան պատերազմին, նա 1 տարի, 4 ամիս է՝ ծառայում էր, երկու անգամ հասցրել է արձակուրդ գալ։
Ի դեպ, Կարենն առողջական խնդիրներ է ունեցել, բժշկական հանձնաժողովը մեկ տարով հետաձգել է նրա` բանակ գնալը, սակայն, հաջորդ տարի, չգիտես ինչպես, նրան պիտանի են ճանաչել ծառայության համար։ Ըստ հարազատի` Կարենը գեր տղա է եղել, բժիշկները գտել են, որ նա ճարպակալվում է, սիրտը սեղմված է, տեսողական խնդիրներ ևս ունի։ «Բժշկական հանձնաժողովն անընդհատ Երևան էր ուղարկում նրան ստուգման ու էդպես մեկ տարի ձգձգեցին իր բանակ գնալը։Հետո էլ գտան, որ պիտանի է ծառայության։ Գնաց բանակ ու մի քանի ամսից սկսվեցին ապրիլյան դեպքերը։ Ռիսկով տղա էր, ոչ մի անգամ դժգոհած չկար ծառայությունից։ Տեսնեիք ծնողները ոնց էին նայում Կարենին, որ տարան բժշկական ստուգման, պարզվեց սիրտը սեղմված էր, դողում էին վրան»,- պատմեց նրանց հարազատը։
Թե ինչ պայմաններում է զոհվել Կարենը, մեր զրուցակիցն ասաց․«Նա Մատաղիսի պոստերում էր, ամենամոտ պոստում է զոհվել, որը թշնամու դիրքերից 25-30 մետր հեռավորության վրա էր, դիտակետը ուղղելիս է եղել, սնայպերը խփել է»։
Կարենը դպրոցն ավարտելուց հետո չի հասցրել բարձրագույն հաստատություն դիմել, զբաղվել է բանակ գնալու հարցով,ունի մեկ քույր, որը դպրոցն արդեն ավարտել է, մայրն էլ զբաղվում է տնային տնտեսությամբ ու գյուղատնտեսական աշխատանքներով։
Հարևանուհին էլ ասաց, որ Կարենի ծնողները ուրախ, լավատես մարդիկ են․ հայրը հումորով, կենսախինդ մարդ է, մայրն էլ ուրախ կին է։ Կարենը, ըստ հարևանուհու, ապրիլյան պատերազմին երեք օր մնացել է խրամատներում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ցավակցում եմ հարազատներին, ևս մի տան ճրագ մարեց, աստված հոգիդ լուսավորի: