Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում ամփոփեց մայիսի 14-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքները՝ որոշելով, որ ընտրությունների նախապատրաստման ու քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Ընտրական օրենսգրքով նախատեսված այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա:
Հանձնաժողովն արձանագրեց, որ բոլոր 474 տեղամասերի տվյալների արդյունքների համաձայն, ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս կամ 240034 քվե, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 21 տոկոս կամ 70730 քվե, «Երկիր ծիրանի կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26107 քվե, իսկ անճշտությունների թիվը կազմել է 49:
ԿԸՀ տվյալներով` մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.146 մարդ կամ ընտրողների 40,99%-ը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ