Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծնեբեկը` «հոլանդեզ» թանձրուկով

Մայիս 21,2017 12:30

Ֆրանսիական այս աշխարհահռչակ թանձրուկը, որին ֆրանսիացիները չգիտես ինչու տվել են «հոլանդական» անունը, իրականում որեւէ կապ չունի Հոլանդիայի հետ, այդ իսկ պատճառով ողջ աշխարհը այդ թանձրուկը հենց ֆրանսիական եղանակով էլ հնչեցնում է «հոլանդեզ»:

Ծնեբեկի եւ հոլանդեզ թանձրուկի համադրությունը հայտնի է շատ վաղուց, կարելի է ասել` դասական տարբերակ է: Հոլանդեզ թանձրուկով մատուցում են նաեւ ձուկը, այլ բանջարեղեններ, ինչպես նաեւ թերխաշ ձուն կամ ձվածեղը: Դե, իսկ «պաշոտ» եղանակով եփված ձուն` հոլանդեզ թանձրուկով, արդեն վաղուց ինքնուրույն եւ շատ հայտնի ուտեստ է` «բենեդիկտ» անունով:

Ամեն դեպքում, հոլանդեզն այն սոուսն է, որը պատրաստվում է ընդամենը 5-10 րոպեում, սակայն տոնական եւ ինքնատիպ տեսք ու համ կարող է տալ ձեր շոգեխաշած կամ ջեռեփուկ բանջարեղենին, ձկանը կամ հավին, այնպես որ հիշեք հոլանդեզի մասին, երբ չգիտեք ինչ մատուցել:

Վերադառնանք մեր բաղադրատոմսին:

Անհրաժեշտ մթերքները

Ծնեբեկ- 500 գրամ

Հոլանդեզ թանձրուկի համար

Ձվի դեղնուց- 2 ձվի
Կարագ- 100 գրամ
Կիտրոնի հյութ- 1-2 ճաշի գդալ
Աղ եւ սեւ պղպեղ- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

 

Ծնեբեկը լավ լվացեք: Տակի հատվածի ամենաչոր մասը` մոտ 3-4 սմ, կտրեք եւ նետեք: Այդ մասը փայտանման է, եւ որքան էլ եփեք, չի փափկի ու համեղ չէ: Եթե ունեք այլ բանջարեղեն, դրանք էլ լվացեք: Օրինակ` բրոկոլի, ծաղկակաղամբ, կարտոֆիլ, գազար եւ այլն:
Մեծ կաթսայի մեջ առատ ջուր եռացրեք, մեջը լցրեք 1 ճաշի գդալ աղ: Ծնեբեկը` ներքեւի մասով, դրեք եռացող ջրի մեջ, եւ ուղիղ 3 րոպեից հանեք: Նույն ձեւով կիսախաշեք նաեւ մյուս բանջարեղենները: Թողեք մի թեթեւ սառչի եւ լավ ջրքամվի, մինչեւ պատրաստեք հոլանդեզ թանձրուկը:

Երկու ձվի դեղնուցը լցրեք հրակայուն ամանի մեջ, թեկուզ` փոքրիկ կաթսայի: Մեկ այլ կաթսայի մեջ դրեք կարագի կտորը: Կարագով կաթսան մի քանի րոպեով դրեք շատ ցածր կրակի վրա:

Դեղնուցները լավ հարեք եւ դրեք ջրային բաղնիքի վրա, այսինքն` կրակի վրա դրված ավելի մեծ կաթսայի վրա, որի մեջ մեկ բաժակի չափ ջուր է լցված:

Շարունակեք հարել ձուն եւ քիչ-քիչ ավելացնել հալված կարագը: Անընդհատ խառնեք, ավելացրեք նաեւ կիտրոնի հյութը, աղն ու պղպեղը: Մոտավորապես 3-5 րոպեում զանգվածը դառնում է թանձր, մայոնեզատիպ: Վերցրեք կրակից, եւս կես րոպե շարունակեք հարել: Եթե ցանկանում եք` կարող եք ավելացնել նաեւ կես պճեղ քերած սխտոր կամ մանր կտրատած թարխուն:

Կիսաեփ բանջարեղենը շարեք մատուցարանի վրա, վրան լցրեք թանձրուկը եւ մատուցեք: Վստահեցնում եմ` շատ համեղ է, բոլորը գոհ կմնան:

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

20.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ծանր է…

    կանաչ կայ, երեւոյթով թեթեւ է,
    սակայն խորքին մէջ իւղոտ եւ ծանր է…

    չասացի թէ համեղ չէ

    սակայն ոնց որ… պարկեշտ չի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031