Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդատները հետ տալու ժամանակը

Մայիս 21,2017 12:00

Թվում էր թե՝ ԿԸՀ-ի կողմից ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո ԱԺ ընտրությունների հետ կապված ամբողջ հետաքրքրությունն ավարտվեց, մանավանդ որ՝ ընդդիմության կողմից հետընտրական լուրջ զարգացումներ տեղի չունեցան. հատկապես այն «ընդդիմադիրների» կողմից, ովքեր ամենից ավելի էին գոռգոռում հետընտրական իրենց վճռական ու լուրջ գործողությունների հնարավորությունների մասին: Այդուհանդերձ, ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո որոշ ժամանակ ընտրությունների վերջնական արդյունքների հետ կապված հետաքրքրությունն ու աժիոտաժը շարունակվում էին, որովհետև, փաստորեն, ընտրություններն էլ էին շարունակվում: Նկատի ունենք «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձած այն անձանց, ովքեր, ինչպես պարզվեց, նախապես ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրած եղել:

Առաջներում էլ լսել էինք ու գիտեինք, որ նմանատիպ «զապաս» ինքնաբացարկներ գրեթե բոլոր նախընտրական դաշինքներում ու կուսակցություններում լինում են, և չնայած բոլորն էլ գտնում էին, որ դա աննորմալ երևույթ է, այդուհանդերձ, երբևէ այդ երևույթի առումով այնպիսի աղմուկ ու աժիոտաժ չի առաջացել, ինչպիսին այս անգամ առաջացավ: Ինչքան էլ փորձենք այս երևույթը չկապել ռեյտինգային նոր ընտրակարգի հետ, միևնույն է, չի ստացվի: Բայց զուտ ռեյտինգայինի հետ կապելն էլ առանձնապես ճիշտ չի լինի, որովհետև, օրինակ, «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ոչ միայն նրանք, ովքեր «ռեյտինգայինում» բավական ցածր արդյունքներ են ցույց տվել (Արարատ Զուրաբյան, Մուշեղ Սաղաթելյան և այլն), այլև մարդիկ, ովքեր ռեյտինգայինում բավական բարձր արդյունքներ էին ցույց տվել: Օրինակ՝ Նապոլեոն Ազիզյանը:

Սկզբում Ազիզյանը հրապարակավ ու միանգամայն խրոխտ վրդովմունք հայտնեց առ այն, որ ինքը բացարձակապես անտեղյակ է եղել իր ինքնաբացարկի դիմումից և ամենևին մտադիր չէ իր պատգամավորական մանդատը որևէ մեկին զիջել, բայց ընդամենը մի քանի ժամ անց նույն Նապոլեոնն անհամեմատ ցածր տոնով ու ինտոնացիայով հայտարարեց, որ ինքն անմիջապես կհրաժարվի իր պատգամավորական մանդատից, եթե պարզվի, որ այդպես է ցանկանում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Թե ինչ փոփոխություն տեղի ունեցավ այդ մի քանի ժամվա ընթացքում, դժվարանում ենք ասել, ավելի ճիշտ՝ ոչ թե դժվարանում ենք ասել, այլ չենք ուզում մեր ենթադրությունը պարտադրել:

Ավելի շատ տրամադրված ենք անդրադառնալ Արարատ Զուրաբյանի և Մուշեղ Սաղաթելյանի «ինքնաբացարկներին»:

Քաղաքական դաշտում Արարատ Զուրաբյանն ու Մուշեղ Սաղաթելյանն անհամեմատ հայտնի դեմքեր են, քան՝ Նապոլեոն Ազիզյանն ու «Ծառուկյան» դաշինքի մյուս ինքնաբացարկվածները: Հաստատ նաև այդ հանգամանքն էին հաշվի առել  «Ծառուկյան» դաշինքի ղեկավարներն ու համակարգողները, որ Զուրաբյանին ու Սաղաթելյանին ընդգրկել էին «Ծառուկյան» դաշինքի բավական բարձր՝ անցողիկ տեղերում և վերջիններիս հորդորել էին, որպեսզի նաև ռեյտինգային եղանակով իրենց ռեյտինգային ձայները գումարեն դաշինքի ձայներին: Ձայներն, իհարկե, գումարվեցին, բայց՝ չափազանց համեստ չափերով:

Թե՝ Մուշեղ Սաղաթելյանը, և թե՝ մանավանդ Արարատ Զուրաբյանը, ճիշտ է, իրենց ընտրատեղամասերում անսպասելիորեն քիչ քվեներ են ստացել, բայց, ինչպես ասացինք, իրենք Հայաստանի քաղաքական դաշտում որոշակի ճանաչում ունեցող գործիչներ են, և շատ հնարավոր է, որ իրենց ընտրատարածքներում քիչ ձայներ հավաքելով հանդերձ, «Ծառուկյան» դաշինքին բավական ձայներ բերած լինեն հանրապետության այլ ընտրատարածքներից: Սա, իհարկե, ընդամենը ենթադրություն է, բայց այնպիսի ենթադրություն է, որը կարող է ճշմարտության հետ որոշ աղերսներ ունենալ: Եվ, անկախ մեր այս ենթադրության ճշմարտացիությունից, գտնում ենք, որ ժամանակն է, որ վերջ տրվի նախնական «ինքնաբացարկների» պրակտիկային, մանավանդ այս նոր՝ ռեյտինգային ընտրակարգի պայմաններում:

Դա, կարելի է ասել, «ղազագիր» ստորագրել տալու պես մի բան է:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

«Առավոտ»

20.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031