Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շքանշանի հանձնման արարողություն` Մայր Աթոռում 

Մայիս 20,2017 23:40

Մայիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհեց Գևորգյան հոգևոր ճեմարանի պատմական աստվածաբանության և հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ, Երևանի պետական համալսարանի կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, փ. գ. թ., դոցենտ Ավետիս Քալաշյանին՝ բարձր գնահատելով հայրենիքին, Հայոց Եկեղեցուն մատուցած նրա երկարամյա արդյունավոր ծառայությունն ու բարի վաստակը:
Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա ՀՀ և Գևորգյան ճեմարանի օրհներգերից հետո երեկույթի մասնակիցներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

«Այս տարիների պաշտոնավարման ընթացքը մեզ համար առիթ է հայացք նետելու քրտնաջան, տքնաջան տարիների աշխատանքի վրա, որ պարոն Քալաշյանն անդուլ կերպով՝ որպես ընծա, նվիրաբերել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մասնավորաբար Մայր Աթոռի կրթական հաստատություններին՝ Վազգենյան Հոգևոր Դպրանոցին և Գևորգյան Հոգևոր ճեմարանին: Քսան և ավելի տարիներ պարոն Քալաշյանն իր ծառայություն է բերել այս հաստատություններին և ոչ միայն իր գիտելիքներով է ներշնչել մեր սաներին, այլ նաև իր հոգևոր հանդարտությամբ, որն իսկապես ուսանելի է», – նշեց Հայր Սուրբը։
Պրն. Ավետիս Քալաշյանի եկեղեցասեր կերպարին և օգտաշատ ու նվիրյալ գործունեությանն անդրադարձավ նաև Ճեմարանի դասախոս և ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան, փ. գ. թ., դոցենտ Ալեքսան Բաղդասարյանը։

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակն ու շքանշանը:
Հայրապետական կոնդակում, որն ընթերցվեց Մայր Աթոռի բարձրագույն հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից, գրված է. «Այսօր ուրախ առիթ ունենք գնահատանքի խոսք հղել Ձեզ, սիրելի պրն. Քալաշյան, հայրենի մեր երկրին, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն և հավատավոր մեր ժողովրդին մատուցած Ձեր արդյունավոր ծառայության համար:
Երկար տարիներ Դուք մանկավարժական նվիրյալ առաքելություն իրականացրեցիք Երևանի պետական համալսարանում` Ձեր գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնելով նոր սերնդի կրթության դժվարին, բայց երախտարժան գործին: Ձեր վաստակը հարստացրեցիք նաև հայ գիտությանը մատուցած ծառայություններով, որոնց արդյունքը հեղինակած բազմաթիվ ուսումնասիրություններն ու հոդվածներն են` նվիրված փիլիսոփայության, կրոնի և Ընդհանրական Եկեղեցու պատմությանը:

Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, ապա նաև Գևորգյան հոգևոր ճեմարանում ձեր պաշտոնավարման ընթացքին Մենք ճանաչեցինք Ձեզ և ականատես դարձանք Ձեր հավատավոր ոգուն, մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ մշտապես դրսևորած Ձեր որդիական սիրուն ու անկեղծ նվիրումին: Մենք տեղյակ ենք, թե հոգևոր կրթօջախների ուսանողները ինչպիսի սիրով ու հետաքրքրությամբ են հետևում Ձեր դասերին, որն ուսման լրացուցիչ խրախույս է նրանց համար: Ձեր սաներից շատերն այսօր ձեռնադրված հոգևորականներ են, ովքեր ծառայում են մեր Եկեղեցու լուսավոր անդաստանում և Հայրենիքում և Սփյուռքում հոգևոր սնունդ մատուցում մեր ժողովրդի զավակներին: Նրանց բոլորի հոգիներում խորը ակնածանքն ու երախտագիտությունն է Ձեր հանդեպ, որ վաստակել էք Դուք Ձեր ազնիվ, նախանձախնդիր աշխատանքով»:

Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բազմամյա մանկավարժին հանձնեց սրբատառ կոնդակը և կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանով:
Այս առիթով իր ապրումները երեկույթի մասնակիցներին՝ իր գործընկերներին, սաներին ու հարազատներին, ներկայացրեց պրն. Ավետիս Քալաշյանը՝ շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին՝ իր անձի հանդեպ դրսևորած ուշադրության և գնահատանքի համար: «Ես չեմ հանդիպել որևէ մեկին, որ ցանկություն չունենար, չերազեր դասավանդել կամ սովորել հոգևոր ճեմարանում: Դա հպարտություն է մեր ազգի համար: Ուր էլ լինեմ, ինչ աշխատանքի էլ անցնեմ, մնալու եմ իմ եկեղեցու նվիրյալ շարքային հավատացյալը», – նշեց մեծարյալը։
Շնորհաբաշխման արարողության ընթացքում հոգևոր, ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկան ճեմարանի «Էջմիածին» երգչախմբի սաներն ու «Օտրի տրիո» անսամբլը:
Վերջում իր գնահատանքի ու օրհնության խոսքը մեծարյալին ու ներկաներին փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը:

«Այս քսան տարիների ընթացքին պարոն Քալաշյանը եղել է ոչ թե դասախոս, որ գիտելիք է ջամբել մեր սաներին, այլ նա ապրել է այս հաստատության առաքելությամբ ու շահերով և այս հաստատության նպատակը դարձել է նաև իր կյանքի առաքելության մի մաս: …Քսան տարիների ընթացքում Դուք պատրաստել եք բազմաթիվ հոգևորականներ, որոնք այսօր համայնքներում ու ծխերում հովվական ծառայության մեջ են, և Ձեր հոգու մխիթարությունը պետք լինի այն, որ իրենց կարևոր առաքելության մեջ Դուք ունենք Ձեր մասն ու բաժինը: Դուք ապրում եք Ձեր աճեցրած սերնդի մեջ և պիտի ապրեք այնքան ժամանակ, որքան նրանք պիտի ապրեն ու գործեն: Մենք բարձրորեն գնահատում ենք Ձեր ծառայությունը»,- նշեց Նորին Սրբությունը:

Վեհափառ Հայրապետը մաղթեց նաև, որ Բարին Աստված Իր Ամենախնամ Աջով հովանի լինի նրան՝ պարգևելով քաջառողջ արևշատություն, գործոց հաջողություններ և ամենայն բարիք: Հանդիսությունն ավարտվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031