Մայիսի 20-ին Տավուշի մարզի Լճկաձորի դպրոցում տեղի ունեցավ դպրոցի տնօրեն Ռուսլան Մալինյանի «Ժամանակ, ժամանակ» խորագրով պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Ելույթ ունեցան եւ գրքի արժանիքները գնահատեցին Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրեն Լուսինե Անտոնյանը, կրթության եւ գիտության աշխատողների արհմիության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Արեւիկ Աղաբաբյանը, Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի եւ Բերդավանի դպրոցի տնօրեններ Փարսադան Ալեքսանյանն ու Արեւիկ Ասատրյանը, մանկավարժներ Աշխեն Մարուքյանը, Սիրուշ Ռեւազյանը եւ ուրիշներ: Ելույթ ունեցողները նշեցին Ռուսլան Մալինյանի արձակի գեղարվեստական մեծ արժանիքները, անկեղծ ոճը, խոր իմաստը: Նրանք ասացին, որ գրողի պատմվածքները կարծես ընթերցողի հետ անկեղծ զրույց լինեն, դրանցում փորձառու աշխարհագրագետ, մանկավարժ Ռ. Մալինյանը սեր է փոխանցում հայրենի եզերքի եւ մարդկանց հանդեպ:
Միջոցառմանը շուք տվեցին Ռ. Մալինյանի թոռնիկի՝ 3 տարեկան Ամալյայի ասմունքը, Ռ.Մալինյանի ստեղծագործությունների մոտիվներով լճկաձորցի աշակերտների բեմադրությունը, երեխաների երգն ու պարը: Ռ. Մալինյանի որդին՝ համակարգչային մասնագետ Արգիշտի Մալինյանն ասաց, որ իր ընկերները կարդալով Մալինյանի պատվածքները, գրողին պատգամ են հղել՝ զարմացիր եւ զարմացրու, բոցավառվիր եւ բոցավառիր: Արգիշտիի ընկերները պատրաստակամություն են հայտնել Ռ. Մալինյանի յուրաքանչյուր գրքից 50 հատի տպագրության ծախսերը հոգալ:
Գրքի շնորհանդեսի առթիվ Ռ.Մալինյանը նվերներ ստացավ, դրանցից մեկը պատի ժամացույց էր, որը նրան մշտապես հիշեցնելու է՝ արարելու, գրելու ժամանակն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ