Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում կառուցվածքային փոփոխություններ եղան եւ նոր ղեկավար կազմ նշանակվեց

Մայիս 20,2017 21:34

Երբ օրերս Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հրաժարվեց այն ղեկավարելուց, մեր առաջատար մարզաձեւը իր երկու ոճերով հայտնվեց լուրջ փաստի առջեւ: Վտանգվեցին տարեկան միջոցառումների հաստատված ծրագրով ուսումնամարզական հավաքները, միջազգային մրցումների եւ տարվա գլխավոր ստուգատեսին՝ աշխարհի առաջնությանը պատշաճ նախապատրաստվելու եւ մասնակցելու հեռանկարները (մեր ըմբիշները հատկապես վերջին տարիներին աշխարհի հզոր երկրների հետ պայքարում հաղթանակներ են տոնում ու տուն վերադառնում մեդալներով. Ա. Հ.):

Աշխարհի առաջնությանը երկու ամիս է մնացել, ժամանակ գրեթե չկա, ու ստեղծված իրավիճակում անհետաձգելի լուծումներ էր անհրաժեշտ գտնել: Իրավիճակի թելադրանքով, ոլորտի մասնագետները շտապ հանդիպեցին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ ու բարեբախտաբար, լուծումն անմիջապես գտնվեց: Ըմբշամարտի ֆեդերացիայի բոլոր հոգսերը իր վրա է վերցնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Այսօր կայացած ֆեդերացիայի ընդլայնված նիստը տվեց բոլոր հարցերի պատասխանը:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Հոստոմյանը, որը ժամանակավորապես կատարելու է ֆեդերացիայի նախագահի պարտականությունները, շնորհակալություն հայտնեց ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանին, որի ղեկավարման օրոք բարձր մակարդակով ապահովվել է ֆեդերացիայի բնականոն աշխատանքը, առաջին փոխնախագահ Հովհաննես Սոֆոյանին, փոխնախագահներ Հրանտ Ենոքյանին, Սամվել Գեւորգյանին եւ գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանին:

Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ այսօր ըմբշամարտը հայտնվել է նոր մարտահրավերի, նոր իրավիճակի առջեւ: «Գագիկ Ծառուկյանն ըմբշամարտը, ինչպես նաեւ մյուս մարզաձեւերը բարձիթողի վիճակում չի թողնում: ՀԱՕԿ-ն իր որոշումներում միշտ առաջնորդվել է արդարության սկզբունքով եւ այս դեպքում էլ գտնում է, որ ըմբշամարտը պետք է ղեկավարեն բացառապես մասնագետները: Մենք լինելու ենք միայն կազմակերպչի եւ ֆեդերացիայի ֆինանսավորումն ապահովողի դերում: Ոչ օլիմպիական կոմիտեն, ոչ նախարարությունը չեն միջամտելու ձեր նեղ մասնագիտական որոշումներին: Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ այսօրվանից սկսած, մասնագիտական հարցերով որեւէ մեկը չմոտենա ոչ ՀԱՕԿ նախագահին, ոչ ինձ», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը: Նա նաեւ տեղեկացրեց. «Այսուհետեւ ըմբշամարտի ընդհանուր ֆեդերացիայի կազմում փաստացի կգործեն երկու ճյուղեր՝ հունահռոմեակաան ոճի եւ ազատ ոճի, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր պատասխանատուն եւ մարզչական խորհրդի ղեկավարը, որը միեւնույն ժամանակ դառնում է նաեւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

Հավաքականների կազմերը, հավաքների եւ մրցումների, դրանց մասնակցող ըմբիշների անունները որոշում է մարզչական խորհուրդը: Բոլոր քննարկումները կատարում եք ձեր ներքին օղակներում, հետո միայն առաջարկները ներկայացնում մեզ»:

Այնուհետեւ, հրապարակվեց ֆեդերացիայի նոր ղեկավար կազմը, որը հաստատվել էր նախորդ հանդիպումներում:

Ազատ ոճի պատասխանատու փոխնախագահ նշանակվել է Ռոբերտ Խաչատրյանը, իսկ հունահռոմեական ոճում՝ Արսեն Բադալյանը:

Ընդհանուր ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները դրվեցին Արայիկ Բաղդադյանի վրա:

Մարզչական խորհուրդները ղեկավարել կշարունակեն ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Արմեն Մկրտչյանը (ազատ ոճ) եւ Լեւոն Ջուլֆալակյանը (հունահռոմեական ոճ):

Հրաչյա Ռոստոմյանը կարեւորեց նաեւ մարզային ֆեդերացիաների գործունեության աշխուժացումը, իսկ Երեւանի ֆեդերացիայի նախագահ վերընտրված եւ ֆեդերացիայի նախագահի խորհրդական նշանակված Սամվել Գեւորգյանին հանձնարարեց կառույցի աշխատանքները կազմակերպել ավելի բազմակողմանի ու արդյունավետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031