Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սահմանի բացումը չի նշանակում հակամարտության ավարտ». Ուղուր Ումիթ Ունգոր

Մայիս 20,2017 19:08

Երևան, Հայաստան: Մայիսի 18-19-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստան-Թուրքիա. երկխոսության ուղիների որոնում» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն
կազմակերպել էր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման
գործընթացին» ծրագրի շրջանակում: Հայաստանի և Թուրքիայի ակադեմիական հանրույթների և քաղաքացիական հասարակության
ներկայացուցիչների միջև նախաձեռնված գիտաժողովը մեկտեղել էր Հայաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և Եվրոպայի երկրներից եկած հետազոտողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ովքեր ներկայացրին տնտեսագիտության, զբոսաշրջության, միջազգային հարաբերությունների, սոցիալական հոգեբանության և այլ ոլորտների իրենց հետազոտության
արդյունքները:

Գիտաժողովի բացմանը ՀՌԿԿ-Հայաստանի տնօրեն Հեղինե Մանասյանը խոսեց գիտաժողովների ձևաչափով երկխոսելու կարևորության մասին՝ քաղաքական երկխոսության փակուղու ետնապատկերում՝ շեշտելով նման հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը: Հեղինե Մանասյանը նաև ներկայացրեց նույն ծրագրի շրջանակում ՀՌԿԿ-Հայաստանի կողմից իրականացրած հետազոտության արդյունքում 2015թ.-ին հրապարակված զեկույցը: Եվրասիա համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ներկայացնելով ծրագրի
անդամ կազմակերպություններին, խոսեց գիտաժողովի անհրաժեշտության մասին հատկապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ միաժամանակ առանձնացնելով Հրանտ Դինք հիմնադրամի կողմից Հայաստանի և Թուրքիայի հետազոտողներին և մասնագետներին տրվող
դրամաշնորհի կարևորությունը:

«Այն փաստը, որ միջոցառումն անցկացվում է Մայր ԲՈՒՀ-ում և, հաշվի
առնելով այս գիտաժողովի ընկալման հակասականությունը Հայաստանում և Թուրքիայում, խոսում է թեմայի վերաբերյալ հետաքրքրության մասին և մեծ նվաճում է»,- նշեց Գևորգ Տեր Գաբրիելյանը:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը ողջույնի խոսքում մատնանշեց Թուրքիայում
հեղաշրջման փորձը, ապրիլյան քառօրյա պատերազմը և դրա վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները՝ որպես դժվարին իրողություններ, որոնց պայմաններում իրականացվում է ծրագիրը: «Քաղաքական լանդշաֆտն այդքան էլ նպաստավոր չէ Հայաստանի և Թուրքիայի համար, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է չխոսենք։ Ընդհակառակը` անհրաժեշտ է խոսել միմյանց հետ»: Հիշելով իր ակադեմիական անցյալը՝ պարոն Լորենցը նշեց. «Ես ուրախ եմ, երբ հետազոտողներն են համախմբվում երկխոսելու»:

Գիտաժողովի հրավիրված բանախոս դոկտոր Ուղուր Ումիթ Ունգորը (Ուտրեխտի համալսարան, Հոլանդիա) իր՝ «Հայաստան-Թուրքիա՝ փոխելով սոցիալական և քաղաքական սահմանները
Ցեղասպանությունից հետո» խորագրով զեկուցի ընթացքում նշեց. «Ես շատ եմ խոսել և գրել Ցեղասպանության մասին: Ինձ համար Ցեղասպանության ճանաչումը բացարձակ գերակայություն է: Դա
մեր՝ թուրքերի և Թուրքիայի Հանրապետության պատասխանատվությունն է: Նվազագույնը, ինչ Թուրքիայի Հանրապետությունը պետք է անի՝ դադարեցնի անընդհատ ժխտումը, այսինքն՝ վերջ տա ժխտողական հրապարակումներին, փոխի դպրոցական ծրագիրը»: Խոսելով սահմանների մասին՝ նա
նշեց. «Սահմանի բացումը չի նշանակում հակամարտության ավարտ: Մենք պետք է փոխակերպենք հակամարտությունը բաց սահմաններով»:

Գիտաժողովի հրավիրված երկրորդ բանախոս դոկտոր Վիգեն Չեթերյանը (Ժնևի համալսարան, Շվեյցարիա) հանդես եկավ «Որևէ հայ չի կարող լինել մեր ընկերը այն բանից հետո ինչ մենք արել ենք
նրանց հանդեպ»: Մոռացություն, լռություն և պատմության նենգափոխում» ելույթով: Ըստ նրա՝ բանավեճն առ այն՝ արդյոք Ցեղասպանություն տեղի է ունեցել, թե՝ ոչ, քաղաքական, այլ ոչ թե պատմական բանավեճ է: Դոկտոր Չեթերյանի խոսքով՝ Ցեղասպանությունը մեծ նշանակություն է ունեցել հայերի, բայց ոչ միայն նրանց համար. «Այն ձևավորել է ժամանակակից Թուրքիան, այն ձևավորել է մարդկության նորագույն պատմությունը»:

Գիտաժողովի երկրորդ օրվա ընթացքում տեղի ունեցավ քննարկում շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (ԴՎՎ Ինթերնեյշնլ), Եվրասիա համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչների
մասնակցությամբ: Գիտաժողովն ամփոփվեց ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի՝ «Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ և ռեժիսորի հետ քննարկմամբ:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031