Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտական կրթությունը` սահմանամերձ բնակավայրերի հզորացման նախապայման. գիտաժողով

Մայիս 20,2017 17:21

Կարևորելով հեռավոր ու սահմանային բնակավայրերի հզորացման առաջնահերթության հարցը  և նպատակ ունենալով ի նպաստ տարածաշրջանային զարգացումների ակտիվացնել սոցիալական գործընկերների միջև հարաբերությունները, խթանել առաջավոր փորձի ամրապնդումը, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ առկա խնդիրների ու հնարավորությունների վերաբերյալ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով գիտաժողովների շարք, որի երկրորդ հանդիպումը կայացել է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

Անցկացման վայրի ընտրությունը պայմանավորված է հանրային ուշադրությունը սահմանամերձ ու սահմանապահ բնակավայրերին հրավիրելու և տեղական միջավայրը ակտիվացնելու հանգամանքով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Տավուշի մարզի գործարար հատվածի և մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարարի անունից ողջունել է ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը խիստ կարևորում է սահմանապահ, սահմանամերձ համայնքների, և, առհասարակ, մարզային ուսհաստատությունների հզորացման խնդիրը: «Գիտաժողովի նպատակը ոչ միայն մարզային ուսումնարանների և քոլեջների հզորացման խնդիրն է, այլ նաև ՄԿՈՒ ոլորտի ուսհաստատություններում ուսուցանվող մասնագիտությունների ցանկի վերանայումը և դրա համապատասխանեցումը մարզի աշխատաշուկայի պահանջներին:

Այդ պատճառով էլ գիտաժողովին ներկա են բոլոր շահառուները՝ Կրթության և գիտության, Պաշտպանության, Տարածքային կառավարման, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Գյուղատնտեսության նախարարությունների, Տավուշի մարզպետարանի, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչները: ՊՆ ներկայացուցչի ներկայությունը կարևորվում է ոչ միայն մեր պետության սահմանների ամրապնդման, այլ նաև ռազմական կրթության կարևորության տեսանկյունից՝ հատկապես «Ազգ-բանակ» կոնցեպտի համատեքստում, որտեղ կարևոր տեղ է զբաղեցնում նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը: ՄԿՈՒ ոլորտի հետագա զարգացումն էլ հենց տնտեսության շարժիչ ուժն է»,-նշել է Ա. Աղբալյանը՝ հույս հայտնելով, որ գիտաժողովի արդյունքում պետական գերատեսչությունների և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները կգան ընդհանուր հայտարարի, և յուրաքանչյուր կողմ կնախանշի իր հետագա ռազմավարական ծրագրերը և հիմնական ուղղությունները, որոնք էլ իրենց կտանեն ՄԿՈՒ ոլորտի հետագա զարգացմանը և կընդգրկվեն մշակվող ռազմավարական ծրագրում:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է նաև միջոցառման հյուրընկալող կողմը՝ Բերդի պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն Աննա Ավալյանը: Վերջինիս խոսքով՝ համաժողովը սպասված էր Բերդի տարածաշրջանում, քանի որ, ըստ ուսումնարանի տնօրենի, դեռևս օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել էր սահմանամերձ շրջանների նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք պետք է անպայման գտնվեն պետական կառույցների ուշադրության կենտրոնում: Ա. Ավալյանի խոսքով՝ նման գիտաժողովները օգնում են վերհանել մարզային ուսումնարանների և քոլեջների խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Ողջույնի ելույթներից հետո գիտաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկույցներով՝ երկրի արդյունաբերական և գործարար հատվածի զարգացումների, սահմանամերձ տարածաշրջաններում ներդրումների, բիզնես նախաձեռնությունների,  ակնկալվող կադրային կարիքների ու մասնագիտական կարողությունների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև հնարավոր համագործակցության հարթակների վերաբերյալ։  Մասնավորապես, պետական ռազմավարական ծրագրերին, դրանց հնարավորություններին  ու հիմնախնդիրներին իրենց ելույթներում անդրադարձել են ԿԳՆ նախնական (արհեստագործական)  և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը /«ԵՄ-ՀՀ աջակցության ծրագրի հնարավորություններ ՄԿՈՒ զարգացման և սոցիալական  գործընկերության  ամրապնդման  գործում»/,  Տարածքային կառավարման և զարգացման  նախարարության աշխատակազմի տարածքային  կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը /«Սահմանամերձ  համայնքների  զարգացման  ռազմավարական  ծրագրերը և սահմանապահ  բնակավայրերի աջակցության պետական միջոցառումները»/, ՀՀ Պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ՀՀ և արտերկրի ՈՒՀ-ներում կադրերի պատրաստման բաժնի պետ Սուրեն Դավթյանը /«Ազգ-բանակ» գաղափարախոսությունը, դրա իրագործմանն ուղղված համագործակցային հնարավորությունները Տավուշի մարզում»/, և այլն:

Միջազգային և հասարակական կազմակերպությունների աջակցության առկա և հեռանկարային ծրագրերին իրենց ելույթներում անդրադարձել են «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում»  ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը /«Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացումը Սյունիքի մարզի նախադեպով»/, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը /«ՀՀ կրթական համակարգում Արմաթ ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր»/ և այլն: Իրենց ելույթներում գիտաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաև գործատու-կրթություն-աշխատաշուկա արդյունավետ գործընկերության անհրաժեշտությանը և դրանց ուղիներին: Մասնավորապես,  «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բերդի պետական արհեստագործական ուսումնարանին՝ տրամադրելով հաստոցներ, դիդակտիկ նյութեր և բարձր որակավորմամբ մասնագետներ, որոնց աջակցությամբ և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ կրթության ձևերով կադրեր կպատրաստվեն «Տավուշ տեքստիլ» ընկերության համար: Նրա խոսքով՝ սա հանդիսանում է մասնավոր սեկտոր-կրթություն համագործակցության լավագույն օրինակ:

Ելութներից հետո հնչել են հարց ու պատասխաններ, որոնց ընթացքում գիտաժողովի մասնակիցները հույս են հայտնել, որ ռազմավարական ծրագրերի, գիտության, կրթության և մասնագիտացված աշխատանքի միջոցով երկրի ռազմավարական զարգացման գործում հետաքրքրված անձանց հետազոտությունների, հաջողված փորձի ու նվաճումների այս քննարկումը  հնարավորություն կտա ձևավորել գործուն և արդյունավետ համագործակցության մեխանիզմներ,  խթանել  ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով բնակչության և արդյունաբերության մրցունակության բարձրացումը հեռավոր, սահմանամերձ և սահմանապահ համայնքներում։

Գիտաժողովի ամփոփիչ հատվածում մասնակիցներն իրենց աշխատանքները շարունակել են թեմատիկ սեկցիաներում՝ բիզնես համագործակցություն-հնարավոր  ծրագրեր, ՊԿ և ՏԻՄ համագործակցություն հնարավոր ծրագրեր:

Նշենք, որ գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցներն ամբողջացվելու, վերլուծվելու, դասակարգվելու են ըստ խնդիրների և առաջարկների, իսկ հետագայում՝ որպես հնարավոր  գործողություններ բաշխվելու են համապատասխան  կառույցներին կամ կազմակերպություններին:

ՀՀ Տավուշի մարզ այցելության ընթացքում գիտաժողովի մասնակիցներն այցելել են նաև Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ, ծանոթացել ուսհաստատության նյութատեխնիկական բազային և զարգացման ծրագրերին: Այցելության ընթացքում մասնակիցները հանդիպել են կանադահայ ներդրող Վահրամ Վահրամյանի հետ, ով ԿԳՆ ներկայացուցիչներին առաջարկել է քոլեջում իրականացնել փայտամշակման կարճաժամկետ դասընթացներ, որոնց արդյունքում համապատասխան հմտություններ ստացած երիտասարդ մասնագետները կապահովվեն աշխատանքով իր կողմից իրականացվող բիզնես ծրագրում:

Գիտաժողովի մասնակիցները շրջայցեր են կատարել նաև տեղական արտադրության կազմակերպություններ՝ Չորաթան և Այգաձոր գյուղերում տեղակայված  «Տավուշ տեքստիլ»  և «Էկոգարդեն» արտադրական  ընկերություններ, ծանոթացել վերջիններիս արտադրանքին, ինչպես նաև քննարկել աշխատաշուկա-կրթություն կապի հնարավորությունը:

Գիտաժողովի ամփոփիչ՝ երրորդ օրը, նախատեսվում է մասնակիցների այց N զորամաս, որի ընթացքում  վերջիններս կհանդիպեն զինծառայողների  հետ:

Հիշեցնենք, որ «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով առաջին գիտաժողովը կայացել էր ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում:

ՀՀ ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031