Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային տվյալների փոխանակում՝ Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների միջև

Մայիս 20,2017 13:25

Մաքսային ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության սերտացմանն ուղղված քայլերը շարունակվում են. բարեփոխումների առանցքում այս անգամ մաքսային տեղեկատվության փոխանակում ապահովելու միջոցառումների իրականացումն է: «Հստակ հանձնարարական է տրվել էականորեն ակտիվացնել Հայաստան-Իրան համագործակցությունը՝ նպաստելով ինչպես ուղևորների, այնպես էլ բեռների փոխադրման ծավալների աճին»,-նշել է Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը:

Ապրիլ ամսին Իրանում, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանիի հանդիպմանը նոր ընթացք է տրվել տվյալների փոխանակման գործընթացի կազմակերպման աշխատանքներին:  Պայմանավորվածության համաձայն՝ կարճ ժամանակում համաձայնեցվել և մայիսի 18-ին ՊԵԿ-ում նախաստորագրվել է «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև ուղևորների, տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը:

«Արձանագրության հիմնական նպատակը երկու երկրների գործարարների համար ապրանքների տեղափոխման գործընթացը դյուրացնելն է՝ այդպիսով նպաստելով Իրանի և Հայաստանի միջև տնտեսական փոխգործակցության ակտիվացմանը»,-ընդգծել է ԻԻՀ մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ղեկավարի տեղակալ Ալի Ռամեզանին: Մաքսային մարմինների միջև տվյալների փոխանակումը միտված է ամրապնդելու Հայաստան-Իրան  առևտրային հարաբերությունները, արագացնելու ուղևորների, տրանսպորտային միջոցների և ապրանքների սահմանահատման ու մաքսային ձևակերպումների գործընթացը:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքով՝ փոխանակվող տվյալները կծառայեն նաև ռիսկերի կառավարման ժամանակակից գործիքների կիրառմանը: Օրերս կոմիտեում սկիզբ է դրվել նաև «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին: Երկրի հարավային դարպասների արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Իրան առևտրաշրջանառության աշխուժացմանը: Ունենալով միջազգային չափանիշերին համապատասխանող սահմանային անցակետ՝ բարենպաստ պայմաններ կստեղծվեն բիզնեսի և ապրանքաշրջանառության համար, այդ թվում՝ ապահովելով մարդկանց դյուրին տեղաշարժը սահմանին:

 ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031