Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կաթողիկոսին շնորհվեց «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշան

Մայիս 20,2017 12:12

Մայիսի 19-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին Ռուսաց լեզվի ակադեմիայի նախագահության կողմից հանձնվեց ակադեմիայի բարձրագույն պարգևը՝ «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշանը։ Այն հաստատվել է 2000 թվականին Մոսկվայի և Համայն Ռուսիո երջանկահիշատակ Ալեքսի Բ Պատրիարքի օրհնությամբ՝ ի նշանավորումն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան 2000-ամյակի։

Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո խոսք ասաց ակադեմիայի նախագահ Յուրի Բելյաևը։ Ակադեմիայի նախագահն իր ուրախությունը հայտնեց շքանշանի հանձնման առիթով՝ ընդգծելով, որ ժամանակին, Ալեքսի Բ Պատրիարքի շնորհաբաշխության ընթացքում, վերջինիս կողմից մատնանշվել էին ապագա շքանշանակիրները, որոնց թվում նաև՝ Սերբ Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքը և Ամենայն Հայոց Հայրապետը։ Բարձրորեն գնահատելով Գարեգին Բ Հայրապետի կարևոր ավանդը հայ և ռուս կապերի ամրապնդման գործում և գոհունակությամբ կատարելով հոգելույս Պատրիարքի կամքը՝ ակադեմիայի նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց դեռևս 2013 թվականին «Բեթղեհեմի աստղ» ազգային բարեգործական հիմնադրամի մասնակցությամբ և Ռուսական կայսերական տան աջակցությամբ նրան շնորհված «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշանը և վկայականը։

Այնուհետև իր օրհնությունը ներկաներին բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց Ռուսաց լեզվի ակադեմիայի անդամներին իրեն շնորհած պարգևի համար՝ աղոթքով հիշելով բարեհիշատակ Ալեքսի Բ Պատրիարքին և ընդգծելով, որ բազում ջերմ ու բարի հիշողություններ է կրում իր սրտում։ Նորին Սրբությունը, վերհիշելով Պատրիարքի հետ ունեցած իր հանդիպումները և Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում համատեղ կատարած հոգևոր արարողությունները, ընդգծեց, որ ձևավորված այդ սերտ կապերը և գործակցությունը այսօր էլ շարունակվում են Կիրիլ Ա Պատրիարքի հետ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հատկանշական նկատեց, որ պարգևի հանձնման արարողությունն իրականացվում է Ռուսաստանում հայոց թեմի հաստատման 300-ամյակի հոբելյանական տարում։ Գարեգին Բ Հայրապետը մաղթեց, որ Աստծու օրհնության ներքո էլ ավելի զորանան դարավոր կապերը և եղբայրական ոգին հայ և ռուս հավատակից ժողովուրդների, նոր իրագործումներով բարեզարդվի երկու երկրների համագործակցությունը և հավետ շարունակվի հարյուրամյակների պատմություն ունեցող այս բարեկամությունը։

Արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, թեմի հոգևոր դասի և Ռուսաց լեզվի ակադեմիայի ներկայացուցիչներ։

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031